Զենք

Հակոբյան. «Վերազինումը կանդրադառնա հայկական զորամասերի վրա»

24
(Թարմացված է 22:30 29.05.2017)
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) կազմում գտնվող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները նոր տեխնիկա կստանան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ վերազինման շրջանակում։

Սպառազինության մի մասը կանցնի հայկական ԶՈՒ-ին և ռուսական 102-րդ ռազմակայանին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

«Հայաստանն իր անվտանգությունն ապահովում է ինչպես իր ԶՈՒ մարտունակության բարձրացման հաշվին, այնպես էլ միջազգային և երկկողմ պայմանագրերի շրջանակում։ Հայաստանի տարածքում ԱԱՀՈՒ ստեղծումը Հայաստանի անվտանգության երաշխիքներից է», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ԱԱՀՈՒ-ի վերազինումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագրի շրջանակում։

«ԱԱՀՈՒ հայաստանյան ուժերի համար նախատեսված զենքի մի մասը կլինի Հայաստանի Զինված Ուժերի մոտ, իսկ մյուսը, որը նախատեսված է ռուսական ուժերի համար` ռուսական 102-րդ ռազմակայանում», — ասաց Հակոբյանը։

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերազինումը կֆինանսավորվի ՀԱՊԿ ընդհանուր բյուջեից։ Մնացած սպառազինությունը Հայաստանն իր հաշվին և երկկողմ պայմանագրերի շրջանակում է ձեռք բերում։

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն ասել էր, որ Ռուսաստանը 2017 թվականին կշարունակի ռազմամթերք մատակարարել Հայաստանին։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ավիացիոն տեխնիկային (մասնավորապես` ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր և զրահատեխնիկա)։

Միաժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել էր, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ազգային միավորումներին անհատույց հիմունքներով սպառազինություն մատակարարելու վերաբերյալ ծրագրի իրականացումը կարող է վերսկսվել մոտակա տարիներին։

Երևանը հայ-ռուսական պայմանագրի շրջանակում 200 մլն դոլարի վարկ էր ստացել զենք գնելու համար։ 2015 թվականին ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր ռուսական արտադրության ռազմամթերք գնել։ Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թվականի հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել միայն 2016 թվականի փետրվարի 10-ին։

24

sys_stories