Վիլեն Խաչատրյան

Խաչատրյան. Աբսուրդ է Իրանի ներդրումային ցածր մակարդակը Հայաստանում

42
Երբ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացան, միանգամից խոսվեց Իրանի հետ տնտեսական հարաբերութուններն ընդլայնելու մասին։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստան– Իրան համագործակցության մասին։

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում խանգարող գործոն չէ։

«ԵՏՄ-ի հետ ազատ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալու տեսանկյունից իր դրական նախատրամադրվածությունն ունի նաև Իրանը, և մենք երկկողմ, երբեմն նաև բազմակողմ հանդիպումների շրջանակում նկատում ենք, որ Իրանն իր տնտեսական քաղաքականության մեջ շատ ավելի դիվանագետ է և շատ ավելի լուրջ նախագծեր իրականացնելու ակնկալիքներ ունի։ Հարևան ենք, հարևաներին չեն ընտրում և հարևանների հետ համագործակցում են»,- ասաց Վիլեն Խաչատրյանը։

Իրան-Հայաստան համագործակցության համատեքստում փորձագետն անդրադարձավ նաև ներդրումային ոլորտին ։

«Շատ հետաքրքիր ցուցանիշ կա այն մասին, թե Իրանը 1988-ից սկսած որքան ներդրում է կատարել Հայաստանում։ Ցուցանիշը չնչին էր։ Մեկ տոկոս էլ չէր կազմում։ Ստացվում է` Իրանը Հայաստանին որպես ներդրումային գործընկեր չի դիտարկում։ Սա ամենամեծ թերություններից ու բացթողումներից է»,- նշեց Խաչատրյանն ու ընդգծեց` աբսուրդ է, որ Հայաստանում Իրանի ներդրումային մակարդակը ցածր հիմքերի վրա է դրված։

Նրա խոսքով` եթե հարևանիդ հետ ներդրումային ծրագրեր չես իրականացնում, հարց է առաջանում` ինչու։

«Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի։ Դա ոչ միայն Իրանին է անհրաժեշտ, այլ` Հայաստանին։ Փոքր երկիրը պետք է ավելի ճկունի լինի և կարողանա հասնել նրան, որ նախագծեր իրականացվեն»,- ասաց Խաչատրյանը։

42