Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին

135
(Թարմացված է 16:09 09.07.2021)
Հանդիպման ընթացքում որոշվել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ անցկացնել առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և ասել, որ ևս մի քանի կուսակցությունների հետ նախապես եղել է պայմանավորվածություն, պարզապես «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրապետությունում չեն:

«Բայց մենք որոշեցինք կազմակերպել հանդիպումը, քանի որ պայմանավորվել էինք, որ 15 օրվա ժամկետում անպայման պետք է առաջին հանդիպումը կազմակերպել: Կարծում եմ՝ այսօր պետք է մեր հետագա անելիքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերենք, որովհետև ինչպես և պայմանավորվել ենք, առաջին հանդիպումը լինելու է զուտ կազմակերպչական բնույթի, որպեսզի լսենք տեսակետներ, թե ինչպես ենք աշխատելու»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով` պետք է փորձեն մշտական գործող ֆորմատ ձևավորել իր մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ:

«Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու, եթե կարելի է այսպես ասել, մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»,– ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նոր ձևավորվող ձևաչափի հետագա գործունեության, նիստերի օրակարգերի ձևավորման, աշխատակարգի վերաբերյալ:

Որոշում է կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում:

135
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կուսակցություն
Ըստ թեմայի
Փաշինյանը Բադասյանին արձակուրդ է ուղարկել. ո՞վ կփոխարինի նրան
Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին
Տիգրան Ավինյանը հեռանում է քաղաքականությունից. նա արդեն խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
Սերգեյ Կոպիրկին

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

144
(Թարմացված է 23:08 03.08.2021)
Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է ներգրավվել, այդ թվում ՝ անձնակազմ ՝ Սյունիքի մարզի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահներին տեղակայելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքի մարզում։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել` հստակեցնելով, որ այդ կտրուկ միջոցներն անհրաժեշտ են սահմանի դեմարկացիայի և դիմիլիտացիայի աշխատանքների շուտափույթ կազմակերպման համար, առանց ռազմական բախումների ռիսկի։

«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում` անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին նման խնդրահարույց սահմաններում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած երկու տարածքներով է անցնում»,–ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ, ստուգել ռուս և հայ սահմանապահների սահմանային անցակետերը և զրուցել բնակիչների հետ:

«Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայությունը , ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որպեսզի ինչ–որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում` եթե ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը։ Իմ կարծիքով հատկապես կարևոր է, որ ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որն իր համար բոլորովին նոր, ողբերգական իրավիճակում է հայտնվել , ավելի հարմարավետ զգալ, ավելի հանգիստ»,–ասել է նա։

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող է միայն ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։

«Մենք հասկանում ենք այս խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց դա մի հարց է, որը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։ Գործնական աշխատանք է տարվում», - ասել է Կոպիրկինը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

144
թեգերը:
Հայաստան, Սյունիք, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, ռուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան
Վրաստանի և Հայաստանի վարչապետները

Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

23
(Թարմացված է 17:18 03.08.2021)
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։

Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

23
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Իրակլի Ղարիբաշվիլի
Սյունիք

Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

77
(Թարմացված է 00:17 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե վերջին օրերին ինչ ահազանգեր է ստացել ադրբեջանական զինծառայողների` Սյունիքի հատվածից անասուններ գողանալու վերաբերյալ։

«Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ»,–գրել է նա:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:

Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատել են համայնքային մարմինները:

«Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,– նշել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:

77
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան, Սյունիք, կով, ադրբեջանցի, զինծառայող
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկում
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան