Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողովը. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

3401
(Թարմացված է 21:30 06.07.2021)

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին:

Переговоры в президентском дворце Казанского Кремля
© Sputnik / Дмитрий Астахов
Բանակցությունները Կազանի Կրեմլում

Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական ​​աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին

Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:

Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական ​​քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին:

Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին:

Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը:

Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան

Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նորառաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած:

Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար:

Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական ​​աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:

Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:

Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը

Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ:

Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը պետք է շարունակել. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում:

Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:

Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։

Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված  Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։

Կազանից հետո

Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ:

2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։

Եթե Սերժ Սարգսյանը 6-7 ամիս էլ մնար, Արցախի խնդիրն էապես լուծված կլիներ. Գալուստ Սահակյան

Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։

Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա:

Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։

Զգույշ եղեք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտություններում. Արցախի ԱԳՆ

Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։

Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։

Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։

Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման:

Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան

Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։

3401
թեգերը:
Իլհամ Ալիև, Դմիտրի Մեդվեդև, Սերժ Սարգսյան, Ղարաբաղյան հակամարտություն, Կազան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (421)
Ըստ թեմայի
Ինչ գիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանում. հարցում
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

374
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

374
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի

282
(Թարմացված է 09:52 31.07.2021)
Արդեն որոշված է նաև, թե ում կառաջադրի ընդդիմությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ–ի իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ընդդիմության ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ը կաջակցի դրան։

«Դրա դիմաց՝ եթե ընդդիմությանը մշտական հանձնաժողովների 3 նախագահի պաշտոն բաժին ընկնի, մեկը կզիջեն Արթուր Վանեցյանի խմբակցությանը, հնարավոր է՝ առաջադրվի Տիգրան Աբրահամյանը, ում 2 դաշինքում էլ լավ են վերաբերվում»,–գրում է թերթը։

Հանձնաժողովներից մեկի (հավանաբար՝ տնտեսական հարցերի) նախագահ կդառնա դաշինքի 3 ուժերից մեկի՝ «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը, մյուսի նախագահը կլինի ՀՅԴ-ից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին

Հավանաբար, կա՛մ տարածքային կառավարման, կա՛մ սոցիալական հարցերի։ Խոսք է գնում ՀՅԴ-ական 2 նախկին մարզպետների մասին՝ Արթուր Խաչատրյանի և Աշոտ Սիմոնյանի:

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը  66 650 քվե կամ 5.22%։

Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ  գումարման Ազգային ժողովը։

282
թեգերը:
Տիգրան Աբրահամյան, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

201
(Թարմացված է 00:15 01.08.2021)
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երասխում այսօր ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայություը։

Попавший под обстрел ВС Азербайджана военный грузовик
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

«Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Ինչպես արդեն հաղորդեկլ էինք, այսօր, ժամը 06։30-ին էլ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էինն բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

201
թեգերը:
Երասխ, Սահման, կրակոց, սնունդ, ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ