Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Արզաքանցյանը

Ընտրության արդյունքներն անկանխատեսելի էին. Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները

131
(Թարմացված է 16:12 23.06.2021)
ՆԻկոլ Փաշինյանը հանդիպել է 4 արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցություններ է անցկացրել։ Նա, մասնավորապես, հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի հետ։

Փաշինյանը նշել է, որ ընտրությունները համարում է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև դրա արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին:

Դավիթ Սանասարյանն իր հերթին արձագանքել է, թե կուսակցությունում հավաքված են մարդիկ, որոնք իրենց համարում են 2018 թվականի հեղափոխության կրողները, ուստի ամեն ինչ անելու են, որ հեղափոխության հարթակից այն, ինչ խոսք են տվել, իրականություն դառնան:

«Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը»,–ասել է նա։

Սանասարյանի խոսքով` կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ իրենք չեն պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստեն, միասին հասկանան։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն էլ նշել է, որ իրեն համարում է հայրենասեր հայ և կուզենար անձամբ իր հայրենիքի համար իր գիտելիքներն ու ծրագրերը, ներդրումները, որ ժամանակին կատարել է, լինեն արդյունավետ, մեր երկրին ծառայեն. այսօրվա իշխանության հետ բանակցությունները կշարունակվեն:

«Ես մրցավազքից դուրս չեմ մնացել»․ Արզանքանցյանն ամեն դեպքում հույս ունի վարչապետ դառնալ

«Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Դրանով, կրկին ասում եմ, կյանքը չի վերջանում: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը»,–նշել է Արզաքանցյանը։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էլ կարծում է, որ վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա:

Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը

«Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի: «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք»,–ասել է նա։

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հավաստմամբ էլ մարդկանց մեծամասնությանն առանձնապես չի հետաքրքրում, թե ովքեր են պատասխանատու իրենց այս կամ այն ոլորտի կազմակերպման համար, կամ իշխանության համար, առանձնակի տեղեկացվածության իմաստով, չեն էլ հետաքրքրվում: Մարդիկ, ըստ նրա, ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների:

Նշենք, որ Փաշինյանը մինչ այս հանդիպել էր մի շարք ուժերի հետ` ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Արդար Հայաստանի» ղեկավար Նորայր Նորիկյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։

Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը

131
թեգերը:
Տիգրան Ուրիխանյան, Տիգրան Արզաքանցյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին
Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Փաշինյանն ու իր կապիտալը. ո՞րը կլինի ընդդիմության ճիշտ քայլն այս իրավիճակում
«Հայաստան» դաշինք

Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի

144
(Թարմացված է 20:16 23.07.2021)
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հյուսիսային պողոտայում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ ստորագրահավաք են նախաձեռնել ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետների։

«Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաքը մի քանի նպատակ ունի։ Նրա խոսքով՝ նախ սա արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղբանտարկյալներ ունենք։

«Ավելին, արդեն իսկ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության առկայության պայմաններում, փաստորեն, ունենք մի իշխանություն, որը բռնի կերպով անազատության մեջ է պահում մեր գործընկերներին, ՀՀ քաղաքացիների, մարդկանց, որոնք այսօր հայրենապաշտպանության դիրքերում են գտնվում»,- նշեց Մինասյանը։

Ըստ նրա՝ իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

Երրորդ նպատակն էլ այն է, որ նրանք, ովքեր ցանկանում են, իրենց վերաբերմունքն արտահայտեն այս իրողության հանդեպ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի անդամ, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց` եթե իշխանություններն օր առաջ ազատ չարձակեն որպես պատգամավոր անձեռնմխելիությամբ օժտված իրենց գործընկերներին, ապա իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն։

Հետընտրական շրջանում Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելն Օհանյանը հետապնդում անվանեց։

«Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին այն պատճառով, որովհետև առաջինը Սյունիքը ըմբոստացավ, Սյունիքն առաջինը «ոչ» ասաց իշխանությունների պարտվողական քայլերին»,- շեշտեց Օհանյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։ 

144
թեգերը:
«Հայաստան» դաշինք, ստորագրահավաք, Սեյրան Օհանյան, համայնքի ղեկավար, Սյունիք
Ըստ թեմայի
Ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի կալանավորումն ապօրինի է. փաստաբան
Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը
Սիսիանի համայնքապետը կալանավորվեց
Կալանավորված Արթուր Սարգսյանն էլ պատգամավոր դարձավ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը
Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

143
(Թարմացված է 10:46 23.07.2021)
Նա կոչ է արել հավելյալ միջազգային ջանքեր գործադրել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։

Ինչպես տեղեկանում են ՀՀ ԱԳՆ-ից՝ այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումում։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը:

Ելույթում նաև նշվել է, որ արգեսիայի 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ: 

«Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի»,-ասել է Գրիգորյանը:

Նա կոչ է արել հավելյալ միջազգային ջանքեր գործադրել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

143
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արմեն Գրիգորյան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան
Ադրբեջանը պետք է 30 հազար եվրո վճարի Արթուր Բադալյանին
Այգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված
Քերիմ Վելիևը Բաքվում շքահանդեսի ժամանակ

Պատահական մարդ չէ. փորձագետը խոսել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի և Թուրքիայի հետ նրա կապի մասին

16
(Թարմացված է 21:56 23.07.2021)
ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի պաշտոնից ազատվելը կապում էին քաղաքականության, այդ թվում` թուրքական զինվորականների ներկայության հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետը բոլորովին էլ պատահական մարդ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կառույցում նոր նշանակումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` հուլիսի 23-ին հրաման ստորագրեց Ադրբեջանի բանակի ԳՇ պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Քերիմ Վելիևին նշանակելու մասին։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

Խաչիկյանի խոսքով` այդ պաշտոնը շուրջ կես տարի թափուր էր մնացել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել էին Նաջմեդին Սադիկովին։ Բնականաբար, նման իրավիճակը երկար տևել չէր կարող։

«Քերիմ Վելիևը պատահական անձնավորություն չէ։ Նա զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի, անձնակազմի գծով ԶՈւ գլխավոր վարչության պետի պաշտոնը», – պարզաբանեց Խաչիկյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԳՇ պետից բացի մի քանի տեղակալներ ունի։ Նրանցից մեկը Վելիևն էր, երկրորդը զբաղվում է նյութատեխնիկական ապահովմամբ, երրորդը` ավիացիայով և ՀՕՊ–ով, և ևս մեկն էլ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն է։

Տրամաբանությունը հուշում է, որ ԳՇ նոր պետը պետք է լիներ պաշտպանության փոխնախարարների շարքից։

Ինչ վերաբերում է Վելիևին, նախքան փոխնախարարի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, 2000-ականներին կորպուսի հրամանատար էր։

Միևնույն ժամանակ, փորձագետը դժվարանում է պատասխանել` ինչու են Վելիևին նշանակել հիմա, և ոչ ավելի շուտ։ Նա նշեց, որ որևէ բան միանշանակ պնդել չի կարելի, ենթադրելով, սակայն, որ Սադիկովին պատերազմական շրջանում հեռացնելուց հետո նոր նշանակումը կարող էր բանակում որոշակի ցնցումների հանգեցնել։

Սադիկովին ազատելու մեջ քաղաքական դրդապատճառներ էին տեսնում։ Մասնավորապես, լուրեր էին շրջանառվում, որ դա ինչ–որ կերպ կապված է թուրքական զինվորականների ներկայության հետ։ Այդ հարցը ենթադրում էր եթե ոչ Անկարայի հետ համաձայնեցում, ապա գոնե նրա համար ընդունելի թեկնածուի նշանակում։

Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ

«Սակայն ՊՆ ապարատն աշխատում էր, և այդ պահի դրությամբ շտապելու անհրաժեշտություն չկար», – նշեց Խաչիկյանը։

Ադրբեջանի նման երկրներում նման բարձր պաշտոնը չեն վստահի զուտ պրոֆեսիանալ մարդու. այստեղ կարևոր է նաև քաղաքական նպատակահարմարությունը։ Վելիևի անունը մինչ օրս որևէ աղմկահարույց քաղաքական կամ կոռուպցիոն սկանդալում չի շրջանառվել։

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար միավորում են իրենց բանակները, ապա, փորձագետի խոսքով, ակնհայտ գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, սակայն որոշակի նշաններ առկա են։

Օրինակ, երկրում մինչև վերջերս թուրքական բանակի ներկայացուցիչներ են մնում։ Նրանցից մեկը գեներալ–մայոր Բախտիյար Էրսայն է, որը պատերազմի ժամանակ գտնվել է Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնում։

«Նրա պարտավորությունները ենթադրում են տարբեր գործողությունների նախապատրաստում։ Ֆորմալ առումով նա Ադրբեջանում Թուրքիայի առաքելության ներկայացուցիչն է։ Բայց քանի որ հայտնի են Էրսայի պրոֆեսիոնալ հմտությունները, կարելի է ենթադրել, որ նա մասնակցում է երկու բանակների համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը», – ասաց Խաչիկյանը։

Երկու երկրների ԶՈւ–երի հավանական միակցման մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նախորդ նյութում

16
թեգերը:
Թուրքիա, Զինված ուժեր, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Թուրքիայում ստեղծվող կառույցը լինելու է պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ. թուրքագետ
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին