Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար

383
(Թարմացված է 23:21 18.06.2021)
Քաղաքական դիտորդները միաբերան ասում են, որ Հայաստանում թշնամանքի ու ագրեսիայի նման մթնոլորտ երբեք չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի -Sputnik. Հայաստանում նախընտրական քարոզարշավն արդեն անցյալում է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Սա բոլոր առումներով Հայաստանի համար վճռորոշ օր է. քաղաքացիներն ընտրում են հետպատերազմյան առաջին խորհրդարանը, որն էլ կձևավորի կառավարություն։ Քաղաքագետները կանխատեսմամբ` ընտրողների բարձր ակտիվություն է ակնկալվում: Դա միանգամայն սպասելի է՝ հաշվի առնելով հասարակության չափազանց մեծ քաղաքականացվածությունը։ Քաղաքականությունը բառացիորեն յուրաքանչյուրի տուն ու յուրաքանչյուր ընտանիք է մտել:

Բացի այդ, 44-օրյա մարտական գործողությունների արդյունքները, Արցախի մի մասի և շրջակա շրջանների ամբողջական կորուստը, համընդհանուր ընկճախտն և պարտվողի համախտանիշն իրենց հետքն են թողել այս քարոզարշավի վրա։

Պատերազմի թեման շոշափվել է բոլոր ելույթներում, այն փոխադարձ մեղադրանքների և հարաբերությունները պարզելու առիթ է դարձել։ Դիտորդները հիմնական մրցակիցների միջև առճակատման, թշնամանքի ու ատելության հռետորաբանության աննախադեպ մեծ չափ են արձանագրում: Փորձագետները միաբերան պնդում են, որ նման լարվածություն և բևեռացում երբեք չի եղել։

Դա հատկապես վառ էր արտահայտվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նրա հիմնական մրցակցի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: Հասարակությունը պարբերաբար փոխադարձ սպառնալիքներ էր լսում, ակտիվորեն կիրառում էին «սև PR»–ի տեխնոլոգիաները, գործի էին դրվում վիրավորանքներն ու հայհոյանքները։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին չի զարմացրել ընտրությունների մասնակիցների միջև ծավալված իրական «կենաց–մահու» պայքարը։ Նա կարծում է, որ սա անսովոր ընտրություն է՝ իշխանության համար անձնական անվտանգության հարց։

«Իշխող թիմում շատերը հասկանում են, որ իշխանափոխությունը նրանց սպառնում է ոչ միայն ու ոչ այնքան բարեկեցության, ֆինանսների, կարգավիճակի կորուստով, որքան քրեական հետապնդմամբ», - ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

Ի դեպ, նույնը արդիական է նաև ընդդիմության համար, Փաշինյանի հաղթանակի դեպքում ընդդիմության շատ ներկայացուցիչներ ևս հավանաբար ճաղերի հետևում կհայտնվեն։ Չարժե մտածել, որ վարչապետի պաշտոնակատարի ձեռքում չարաբաստիկ մուրճն ընդամենը ուժի խորհրդանշական ժեստ է։ Եթե նրան հաջողվի վերարտադրվել, ապա Եղվարդի բնակչի նվիրած շինարարական մուրճը սպառնում է վերածվել դատավորի մուրճի։ Դրանով ամեն անգամ հարվածելու է պատմուճանով մարդը՝ հերթական դատավճիռ կայացնելով այսօրվա ընդդիմադիրների դեմ։ Ճաղերի հետևում հայտնվելու  հեռանկարները ստիպում են մրցավազքի ֆավորիտներին բոլոր առկա ռեսուրսները ու պաշարները պայքարի նետել։

Հակոբյանը նշում է, որ ներկայիս քարոզարշավի ընթացքում խաղի հիմնական կանոնները, ինչպես և ընդհանուր մթնոլորտը, թելադրում էր իշխանությունը։ Փաշինյանի թիմը որոշակի պահի հասկացավ, որ կարող է կորցնել իշխանությունը և ընտրեց երկու հիմնական միտք՝ «նախկին ռեժիմի հանցագործություններն» ու  «պողպատե մանդատի» անհրաժեշտությունը, այստեղից էլ խորհրդանշական մուրճը, որը վարչապետի պաշտոնակատարը թափահարում է քարոզարշավի ժամանակ։ Ընդ որում` իշխանությունը հիմնականում ներկայացված է մեկ խոսնակով՝ հենց Փաշինյանով։ Նախկին իշխանության հասցեին էմոցիոնալ ելույթների, գոռոցների ու սպառնալիքների միջոցով նա փորձում էր «լիցքավորել», ոգևորել, կոնսոլիդացնել իր ընտրազանգվածին, համոզել նրանց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։

Քոչարյանի դաշինքն իրեն ավելի շատ ցույց տվեց որպես իշխող թիմի հակապատկեր։ Այստեղ Փաշինյանի ելույթների աղաղակող տոնին հակադրեցին ցուցադրական հանդարտությամբ ու անվրդովությամբ։ Վարչապետի պաշտոնակատարի քննադատություններին ու հարձակումներին Քոչարյանն ու նրա կողմնակիցները պատասխանում էին ավելի հանգիստ։ Բայց հեռակա բանավեճը տեղի էր ունենում բառացիորեն ինտերակտիվ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ կողմերը գրեթե միաժամանակ էին անում նախընտրական հանրահավաքներն ու հանդիպումները։

Չկողմնորոշված ընտրողներ Երևանում, բևեռացվածներ` մարզերում. ո՞րն է ԼՀԿ–ի ընտրազանգվածը

Հետաքրքիր է, որ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսները՝ Քոչարյանը, Տեր - Պետրոսյանը և Վանեցյանը, հրաժարվեցին նրա հետ ուղիղ եթերում հրապարակային բանավեճից։ Որքան էլ վարչապետի պաշտոնակատարը ձգտում էր նրանց «գորգ» հրավիրել, բոլոր նախկին նախագահները, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են ընտրություններին, իրենց անհարիր համարեցին Փաշինյանի հետ հեռուստատեսային «մենամարտի» մտնելը։ Արդյունքում կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելի փոքր տրամաչափի մասնակիցների հետ մենակ մնաց։

Հակոբյանը կարծում է, որ այդպիսով Փաշինյանի հիմնական հակառակորդները փորձել են արժեզրկել և վարկաբեկել նրա մասնակցությամբ բանավեճի գաղափարը։ Դժվար թե Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը վախենային, թե Փաշինյանի հետ բանավեճի մեջ հակափաստարկներ չեն ունենա։

«Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին բանավեճի հրավիրելը նույնպես տեխնոլոգիա էր, որը Փաշինյանը որոշեց գործի դնել ղարաբաղյան հարցում սեփական քաղաքականության առավելություններն ու նախորդների թերի լինելը ցուցադրելու համար։ Բայց նախկին նախագահները, լինելով փորձառու քաղաքական գործիչներ, նախընտրական «կուտը չկերան»,, - ասում է քաղտեխնոլոգը։

Հարկ է նշել, որ առաջիկա ընտրությունները տարբերվում են նաև մասնակիցների աննախադեպ առատությամբ: Ի սկզբանե 27 ուժ էր մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն հետո  երկու կուսակցություններ հեռացան, ևս մեկ թեկնածուի՝ գործարար Տիգրան Արզաքանցյանին, որը Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր, ԿԸՀ-ն կրթական ցենզի «բացակայության» պատճառով «որակազրկեց»:

Արդյունքում պատգամավորական մանդատների համար կպայքարեն 25 ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ամեն դեպքում փոքր Հայաստանի համար դա չափազանց շատ է։

383
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Իշխանություն, ընդդիմություն, քարոզարշավ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»
Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը
Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

387
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

387
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի