Հայաստանի ու Վրաստանի նախագահները

Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի

212
(Թարմացված է 21:27 16.04.2021)
Արցախյան պատերազմը փոխեց տարածաշրջանի երկրների շեշտադրումներն ու առաջնահերթությունները և բացահայտեց նաև Վրաստանի վախերը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան ոչ միայն դարձավ այն ելակետը, որի վրա պետք է հիմնվեն երկու երկրների հարաբերությունները, այլև որակապես նոր երանգ հաղորդեց երկկողմանի գործակցությանը։ Բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում Հայաստանի նախագահը շեշտադրումներ արեց և հարևան երկրի ղեկավարությանը հասկացրեց Երևանի առաջնահերթությունները, որոնք միանշանակ համընկնում են Թբիլիսիի հետ։

Որ այցը կարևոր էր հատկապես արցախյան պատերազմից ու իշխանության մակարդակով փոխգործակցության գրեթե մեկ տարվա դադարից հետո, ընդգծեցին ոչ միայն երկու երկրների փորձագիտական շրջանակները։ Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում հայկական թիվ 1 օդանավի վայրէջքից անմիջապես հետո այդ մասին հայտարարեց նաև Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Նա ընդգծեց` Սարգսյանի թբիլիսյան այցի արդյունքներով ակնկալվում է, որ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի կանցնեն։

Հայացք Երևանից

Նախագահի այցը դրական է բնութագրում Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ երկկողմ այցը սահմանեց այն նշաձողը, որը պետք է մեկնակետ դառնա երկու երկրների կառավարությունների համար:

«Հանդիպումներն անցան ջերմ, կառուցողական, բարիդրացիական մթնոլորտում, զգացվում էր, որ կողմերը ոչ միայն ուզում են որոշել համագործակցության ոլորտներն ու նախագծերը, այլև պատրաստ են իրականացնել դրանք», – ասաց Մելիքյանը։

Պատահական չէ, որ ՀՀ նախագահն այսօր նշեց, որ հետևելու է պայմանավորվածություններին ու դրանց կատարման դինամիկային։ Ըստ Մելիքյանի` խոսքից գործողության անցնելը երկկողմ հարաբերությունները որակապես նոր փուլ դուրս կբերեն։ Բացի այդ, այցը պետք է դիտարկել որպես 2019 թվականին Երևանում հայտարարած երկկողմ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության շարունակություն։ Նույն թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ նրա վրաց գործընկեր Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկեց հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդել։

Բացի այդ, երկու երկրների պետությունների ղեկավարները հանդես եկան տարբեր ոլորտների զարգացման և արտասահմանյան ներդրումների ներգրավման հարցում համատեղ ջանքերի ու շահերի միավորման լուրջ հայտով։

«Խորհրդարանական հանրապետություններում պետության ղեկավարների լիազորությունները սահմանափակ են, սակայն դրանք կարող են նպաստել արտաքին քաղաքական հարաբերությունների ակտիվացմանը», – ասաց Մելիքյանը։

Նա կարծում է, որ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին կարող են լինել գաղափարներ գեներացնող ու առաջ տանող մարդիկ, իսկ այդ գաղափարները կիրականացվեն կառավարության մակարդակով։ Փորձագետը նշեց, որ գնդակն այժմ արդեն գործադիր իշխանության դաշտում է։

Մելիքյանը չի բացառում, որ Վրաստանում նաև իրենց համար են վերաիմաստավորել Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ արցախյան պատերազմը բացահայտել է երկու երկրների վախերը։ Թբիլիսիում հասունացել է այն գիտակցումը, որ համատեղ համագործակցությունը կարևոր տարր է, որը կնվազեցնի ռիսկերն ու ընդհանուր ջանքերով ավելիին հասնելու հնարավորություն կտա։ Դա հատկապես ակնհայտ է Հարավային Կովկասում Թուրքիայի ուժեղացման և տարածաշրջանային առանցքային երկրի կարգավիճակ ունենալու Ադրբեջանի հավակնության ֆոնին, որով այս ամբողջ ընթացքում օժտված էր Վրաստանը։

Ինչ են մտածում Թբիլիսիում

Թբիլիսիում ևս դրական են գնահատում այցն ու կողմերի հայտարարությունները։ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեի խոսքով` ՀՀ նախագահը հենց այնպես չէր ժամանել, նրա այցը քաղաքական բնույթ ուներ։

Մամրաձեն նշեց, որ ՀՀ նախագահը հասկացրեց իր երկրի դիրքորոշումն այն իրադարձությունների և տրանսֆորմացիաների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում, և նշեց այն գծերը, որոնք կողմերը չեն հատի։

«Հայ–վրացական հարաբերությունները տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացներից վեր են դասվում։ Երկրները հարգում են միմյանց դիրքորոշումները, ուստի նոր իրողությունների դեմառդեմ քննարկումը չափազանց կարևոր էր», – ասաց Մամրաձեն։

Նա նշեց, որ այցը քաղաքական առումով կարևոր է, և եթե նույնիսկ ոչ մի նախագիծ կյանքի չկոչվի, Երևանն ու Թբիլիսին, կարելի է ասել, ծանոթացան միմյանց դիրքորոշումներին։ Բացի այդ կարևոր է այն, որ հանդիպեցին երկու երկրների հեղինակավոր ներկայացուցիչները (թեև նրանց լիազորությունները տարբեր են)։

Հիշեցնենք` սա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երրորդ այցն էր Վրաստան։ Առաջին անգամ նա մեկնել էր 2018 թվականի մայիսի 26-ին` մասնակցելու Անկախության օրվա և Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Երկրորդ անգամ ՀՀ նախագահը Վրաստան էր մեկնել 2018 թվականի դեկտեմբերին` ներկա լինելու Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը։

212
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Էդուարդ Շարմազանով

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին

9
Քաղաքական ուժերի մեծ մասն արդեն կողմնորոշվել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ–ն ընտրությունների է գնում «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքար չի գնում։

Ըստ նրա` ցուցակում կընդգրկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ավելի երիտասարդ քաղաքական գործիչներ։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հանրությանը հայտնի գործիչներ չլինեն։

Վանեցյանի կուսակցության հետ միավորվելու հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ որոշումը ՀՀԿ առաջնորդը չի պարտադրել, այլ ընդունել է ամբողջ կուսակցությունը։ Ընդ որում` կոնսենսուսի գալը բավական դժվար է եղել, քանի որ որոշ կուսակիցներ կտրուկ դեմ են եղել։

Շարմազանովը չի թաքցնում, որ ՀՀԿ–ի այսպես կոչված ռեբրենդինգ է տեղի ունենում, և Վանեցյանի հետ դաշինք կազմելուն կողմ արտահայտված հանրապետականներին չեն ընկճում նույնիսկ նրա սկանդալային հայտարարությունները` կապված ներկայիս համախոհների կոռումպացված լինելու հետ։

«Հրաժարականից հետո Վանեցյանը եկել է այն կարծիքին, որ Հայաստանը Փաշինյանի հետ ապագա չունի։ Վերջին 1.5 տարվա ընթացքում Վանեցյանն ու նրա կուսակցությունը մասնակցել են բոլոր ընդդիմադիր ձևաչափերին։ Բացի այդ, մեր քաղաքական դաշտում չկա որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ, որ իր կարծիքը փոխած չլինի», – ասաց նա։

Տվյալ համատեքստում Շարմազանովը մեկնաբանեց նաև Վանեցյանի սկանդալային հայտարարությունը, երբ վերջինս պնդում էր` եթե նախկին իշխանությունները (ՀՀԿ–ն) վերադառնան, իրեն և Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն խաչատրյանին կգնդակահարեն։ Շարմազանովի խոսքով` ԱԱԾ նախկին տնօրենն այժմ համոզված է, որ իրեն ձեռք չեն տա, քանի որ հանրապետականները օրինական պետության կողմնակից են։

«Մենք նույնիսկ Նիկոլ Փաշինյանին չենք գնդակահարի։ Կա դատարան, ժողովրդավարություն և ինստիտուտներ, որոնք կզբաղվեն այդ հարցով», – ասաց նա։

Շարմազանովի խոսքով` իր կուսակցությունը պատրաստ է դաշինք կազմել գաղափարապես մոտ բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից, «սորոսականներից» և «ահաբեկիչներից»։ Նա չբացառեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի ստեղծումը։

Արդեն հայտնի է, որ Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը. հենց նրան են փորձագետները համարում Փաշինյանի (ընտրությունների է գնում միայնակ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ) հիմնական մրցակիցը։

Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու: Սահմանադրության համաձայն` եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, դրանից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Մայիսի 3-ին պատգամավորները վարչապետ չընտրեցին, երկրորդ քվեարկությունը կլինի մայիսի 10-ին։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

9
թեգերը:
Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի». «Փաստ»
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Ազգային ժողովի նիստ

Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

8
(Թարմացված է 19:42 07.05.2021)
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

8
թեգերը:
ԱԺ, Ընտրական օրենսգիրք
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը, բայց ՍԴ էլ չի դիմի
Համաձայն չեմ ՀՀ նախագահի մտահոգության հետ. Վարդանյանը` «Ընտրական օրենսգրքի» մասին
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք է հայտնել. մանրամասներ