ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների մասին բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ Հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները տարակուսանք ու վրդովմունք են հայտնում ՝ Արմեն Գրիգորյանին մեղադրելով ծախվածության, դավաճանության ու թուրքասիրության մեջ։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Գրիգորյանը, պատասխանելով հաղորդավարի այն հարցին՝ հանդիսանում է արդյոք Թուրքիան թշնամական պետություն, ասել է, որ «մենք պետք է կատարենք մի քանի ճշգրտումներ մեր մոտեցումներում»: Նրա խոսքով, միանշանակ պնդել, որ Թուրքիայից ոչ մի սպառնալիք չի բխում, ճիշտ չէր լինի, բայց ընդհանուր գործընթացները տարածաշրջանում այլ հնարավորություններ են բացում:
Հաշվի առնելով Անկարայի բացահայտ թշնամական քաղաքականությունը Երեւանի նկատմամբ, նրա ակտիվ աջակցությունը Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, Հայաստանում շատերը Գրիգորյանի դիրքորոշման մեջ տեսնում են դավաճանություն ազգային շահերին:
«Պետրոսն ասումա Թուրքիային թշնամի համարու՞մ եք: Ասումա մենք պետք է մոտեցում շտկենք: Պատկերացն՞ում եք։ Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ: Կարելի է հետևություն անել, որ կա գաղտնի հայ-թուրքական գործընթաց՝ ապրիլի 24-ին ու Բայդենից եկող դրական սիգնալներին ընդառաջ: Սրան ի՞նչ անուն կտաք», - գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ում։
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նույնպես քննադատել է ԱԽ քարտուղարի դիրքորոշումը։
«Հիմա ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել: Անմիտ են նման «տեսլական» ունեցողները», - գրել է նա։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նույնպես արտահայտվել է թեմայի շուրջ։
«Նիկոլն ու իր մանկլավիկները, այդ թվում արցախցի նեոբոլշեւիկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իրենց ընտանիքներին տանում են թուրքի անկողին։ Իրենց գլուխը՝ քարը, իրենք ու իրենց ընտանիքները։ Բայց փորձում են անել նույնը բոլորիս դեպքում», - գրել է քաղաքական գործիչն իր Facebook-ում։
«Թուրքիան ստիպված կլինի ավելի զուսպ արտաքին քաղաքականություն վարել». Սաֆրաստյան
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը նույնպես մեկնաբան է Գրիգորյանի արտահայտությունը։
«Թուրք Նիկոլն իր դավաճանական բանդայով «շտկել է» իր մոտեցումները Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ: Թուրքի կոշիկները լիզել են ու շտկել են մոտեցումներն իրենց քիրվաների հանդեպ: Իսկ 5000 զոհերի ծնողներն ու հարազատները, հազարավոր հաշմանդամ ու անդամալույծ դարձած տղաները գիտե՞ն, որ թուրքն այլևս թշնամի չէ: Որդեկորույս ծնողները գիտե՞ն, որ թուրք Նիկոլի ոհմակն իրենց որդիների գլուխը կերավ, որ Թուրքիայի հանդեպ մոտեցումները «շտկվեն»,- գրել է Հակոբյանը։
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։
«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։
«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։
Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում
«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։
«Առաջին խմբաքանակը Հայաստան է բերվում՝ 15 հազար դեղաչափ, բայց մենք մոտավորապես միլիոնների կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա այն»,- ասել է Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում դրան։
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, Հայաստան է տեղափոխվել ապրիլի 8-ին:
Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտոնական օգտագործման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին:
«Ռոսիա 1»-ի եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ապրիլի 7-ի հանդիպմանն ու այն արդյունավետ գանահատել։
Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը
«Մենք ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, նաև տարածաշրջանային հարցեր, և անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր կան։ Այո, ես շատ գոհ եմ», - ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատվել, որոնք, նրա խոսքով, ավելի անմիջական են դարձել, հատկապես վերջին ամիսների ընթացքում: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է» և ներկայիս մարտահրավերների ու ստեղծված իրավիճակի պայմաններում այդ հարաբերություններին պետք է առավել խորություն հաղորդել։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Մարիամ Դիլբանդյանի բացառիկ նախագիծը ծնունդ է առել պատերազմի օրերին։ Առաջնագծի մարտիկներին այն ժամանակ քնապարկեր էին հարկավոր։ Երկու փոքր երեխաների մայրն անհապաղ հավաքեց հարկադրված Երևան տեղափոխված արցախցի կանանց և հենց իր տանը քնապարկերի ու անձրևանոցների կարուձևի փոքրիկ արհեստանոց բացեց։ Միասին նրանք կարողացան ռազմաճակատ ուղարկել զինվորներին անհրաժեշտ բավականին մեծ քանակությամբ իրեր։
Երբ պատերազմն ավարտվեց, հարկադիր տեղահանվածների մոտ կեսը հետ վերադարձավ հայրենի Արցախ։ Դե, իսկ մյուսները պարզապես վերադառնալու տեղ չունեին՝ նրանց տները մնացել են մյուս կողմում՝ Ադրբեջանի գրաված տարածքներում։
Մարիամը չէր ուզում թողնել գործը, որը կարող էր աշխատանքով ապահովել առանց տանիքի մնացած մարդկանց։ Մի քիչ մտածելուց հետո նրա գլխում միտք ծագեց՝ ստեղծել ինչ-որ պետքական բան, որը միաժամանակ իր տեսքով և ոգով շատ հայկական կլինի։
«Քանի դեռ Հայաստանում լիակատար հիասթափություն և ապատիա էր տիրում, շատերը չարացած էին, ես որոշեցի այդ էներգիան վերածել ինչ-որ դրական բանի, արարման»,-ասում է նա։
Նրա մասնագիտություններից մեկը գրաֆիկական դիզայնն է։ Հենց այդ փաստն առանցքային դեր խաղաց «Լորիկ» բրենդի ստեղծման գործում (լորը, ինչպես հայտնի է, հաճախակի հանդիպող խորհրդանիշ է հայկական մշակույթում, մասնավորապես՝ զարդանկարչության և երաժշտության մեջ)։
Այժմ Մարիամը արցախցի կանանց հետ միասին ստեղծում է պայուսակներ, սփռոցներ, բարձեր՝ զարդարված հայկական հնագույն և միջնադարյան նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով։
Մոտ մեկ ամիս շարունակ երիտասարդ կինն ուսումնասիրում էր հայկական նախշերը և զարդանկարների տարրերը, անհրաժեշտ գրքերը գտել էր «Վերնիսաժում»։ Հաջորդ քայլը սարքավորումներ ձեռքբերելն էր։
Իսկ երբ ամեն ինչ պատրաստ էր՝ սկսվեց գրքի զարդապատկերը կտորին փոխանցելու մանրակրկիտ աշխատանքը։ Եթե փորձենք գործընթացը շատ կարճ նկարագրել, կստացվի մոտավորապես այսպես․ սկզբում հարկավոր է պատկերը թվայնացանել, այնուհետև սարքել պիքսել ֆորմատի, ապա՝ վեկտորային ֆորմատի։
Պրինտը ստանալուց հետո Մարիամը սկսում է մշակումը՝ հարմարեցնում է նախշը ժամանակակից դիզայնին։ Ամբողջ գործընթացը կարող է մեկից մինչև մի քանի շաբաթ տևել՝ կախված պատկերի բարդությունից։
Եվ միայն դրանից հետո ժամանակակից սարքավորումների օգնությամբ պատկերը տեղափոխվում է կտորի վրա՝ կա՛մ սուբլիմացիոն տպիչի, կա՛մ ասեղնագործությաh միջոցով։
Իսկ պատրաստվող իրերի համար օգտագործվում է բարձրորակ պարկակտոր («մեշկովինա»), որը ներկրվում է Եգիպտոսից։ Երիտասարդ կինը խոստովանում է, որ դժվարությամբ է կարողացել մատակարար գտնել, քանի որ գործվածքները ներկրվում են հիմնականում Թուրքիայից, ինչը միանգամայն անընդունելի էր «Լորիկ» ապրանքանիշի համար։
Առայժմ Մարիամի մոտ վեց կին է աշխատում, հինգը՝ Արցախից և մեկը՝ Երևանից։ Նրանք ձեռքով պայուսակներ, բարձեր և սփռոցներ են կարում։ Հենց այդ պատճառով մեր զրուցակիցն իր արտադրանքն անվանում է half-hand-made՝ կիսաձեռագործ։
Պատվերների պակաս չկա․ հայկական շեշտով յուրօրինակ աշխատանքները գրավում են հյուրատների, ռեստորանների սեփականատերերին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում է առանձնահատուկ նվեր գտնել ընկերների կամ գործընկերների համար։
Հետագայում նաև առցանց վաճառք կլինի՝ հիմնականում սփյուռքի ներկայացուցիչների համար։ Իսկ հիմա նախագծի ամբողջ եկամուտն ուղղվում է արտադրության պահպանմանը ու վարպետ կանանց աշխատավարձերին։
Մարիամը դերձակուհիներ է փնտրում, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ նոր աշխատակիցներն իսկական վարպետներ լինեն․ նա ինքը ամեն ինչ սովորեցնում է։ Ամենակարևորն այստեղ ցանկությունն է և աշխատասիրությունը։
Ռուզաննան նոր արհեստը սովորած մարդկանցից մեկն է։ Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ռուզաննան կրտսեր դասարանների ուսուցչուհի էր։ Հայրենի տունը լքելիս նա չէր մտածում, որ դեռ երկար չի կարողանա վերադառնալ։ Նրան թվում էր, որ ամեն ինչ շատ արագ կվերջանա, ինչպես 2016թ․-ին։
«Տեղափոխվելուց հետո մշտական տագնապի մեջ էի, օրերով լացում էի։ Ամուսինս ու տղաս առաջնագծում էին․․․ Անընդհատ մտածում էի, որ պետք է սկսել աշխատել, մի քիչ ցրվել։ Հետո ինձ փոխանցեցին Մարիամի համարը։ Նա ինձ իսկույն դուր եկավ։ Այստեղ սովորեցի կարել և ասեղնագործել։ Եվ ահա արդեն երկու ամիս է՝ հաճույքով աշխատում եմ նրա մոտ»,-պատմում է կինը։
Ռուզաննան խոստովանում է, որ Մարիամի հետ ծանոթությունն իրեն ոչ միայն աշխատանքով է ապահովել, այլև դուրս է բերել խորը սրթեսից։ Ամուսինն ու որդին արդեն վերադարձել են, բայց առայժմ ինքն է ընտանիքի միակ կերակրողը։
Մարիամ Դիլբանդյանն ուզում է իր թիմում տեսնել ինչպես արցախցիների, այնպես էլ՝ տեղացիների։
«Դա շատ կօգնի ինտեգրացիայի գործընթացին, քանի որ մեզնից շատերի մեջ դեռ ուժեղ են կարծրատիպերն ու հայերին ըստ բնակության վայրի բաժանելու վատ սովորությունը»,-ասում է նա։
Ինչ վերաբերում է գործին՝ նա բավականին հավակնոտ ծրագրեր ունի։ Հիմա իր դերձակուհիների հետ միասին աշխատում է հղիների համար թեթև և հարմարավետ շրջազգեստների ստեղծման վրա, բնականաբար՝ համապատասխան ոճավորմամբ։ Իսկ հետագայում, հավանաբար, կհայտնվեն նույնիսկ հայկական նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով կերամիկական սալիկներ։