Լևոն Տեր–Պետրոսյան

Դավադիր գործարք. ՀԱԿ–ը մերժում է ներկա օրենսգրքով ընտրություններ անցկացնելու որոշումը

256
(Թարմացված է 18:28 18.03.2021)
ՀԱԿ–ը հույս է հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայ ազգային Կոնգրեսը մերժում է ներկա «Ընտրական օրենսգրքով» ընտրություններ անցկացնելու որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ–ի տարածած հայտարարությունից։

Նշենք, որ այսօր՝ մարտի 18–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

«Իշխանության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերը եկել են համաձայնության՝  արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱԿ–ը վերահաստատել է իր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ հասարակությանը պարտադրված մեծամասնական-ռեյտինգային ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի և պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք։

«Կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընտրություններ անցկացնելու որոշումը։ Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության,  ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին և հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

ՀԱԿ–ը հույս է հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով։

Հավելենք, որ 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ` օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած ընտրակեղծարարության և ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։ Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ  համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի և կրիմինալ  հեղինակությունների մրցակցության։

256
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), օրենսգիրք, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը
Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է ժամանակավորապես ապաստանել արտերկրում
Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

35
(Թարմացված է 10:17 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

35
թեգերը:
Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. ԼՀԿ առաջնորդը խոսել է իր ծրագրերի մասին
«Այս պահին աշխատանք չեմ փնտրում». ի՞նչ ծրագրեր ունի Էդմոն Մարուքյանը
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

204
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

204
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Արխիվային լուսանկար

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

8
(Թարմացված է 10:26 04.08.2021)
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

8
թեգերը:
Սահման, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), հրադադար, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ
Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ