Նիկոլ Փաշինյան

«Վաղը նոր «Մարտի չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը

924
(Թարմացված է 20:15 28.02.2021)
ՀՀ վարչապետը բացատրեց, թե ինչի մասին է խոսելու մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքը մի քանի նպատակ ունի։ Նա Facebook-ի իր էջի ուղիղ եթերում խոսեց դրանց մասին։

«Օրը խորհրդանշանական է, վաղվա հանրահավաքով նախ պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը` պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը մեր հանրապետությունում և ժողովրդական իշխանությունը։ Սա կարևոր արձանագրում է, խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության։ Ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է ինձ ինչ-որ ժամանակով․ ինքը կորոշի, թե ինչ ժամանակով»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ վաղը նշանակված հանրահավաքի հետ կապված փորձ է արվում լարումներ ստեղծել, խոսել քաղաքացիական բախումների կամ նոր «Մարտի 1-երի» մասին։

«Մենք ասել ենք, որ նոր «Մարտի 1-եր» այլևս երբեք չեն լինելու, չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ»,- նշեց Փաշինյանն ու ընդգծեց, որ վաղվա հանրահավաքի մասնակցությունը հենց այդ հաստատակամությունը պետք է ի ցույց դնի։

Դիմելով իր կողմնակիցներին՝ վարչապետը վստահեցրեց, որ իրենք Հայաստանում թշնամիներ չունեն, չեն ունեցել և չեն էլ ունենալու։

«Անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրենց կողմից այս պահին որդեգրած և արտահայտած դիրքորոշումներից, բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են»,- ավելացրեց նա։

Փաշինյանը խոստացավ՝ վաղը հանրահավաքի ժամանակ խոսելու է ոչ միայն «Մարտի 1»-ի դատավարության ընթացքի մասին, այլև անդրադառնալու է հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած որոշմանը։

«Կանդրադառնամ Արմեն Սարգսյանի անհասկանալի որոշմանը և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, ոչ մի օրինական հենք չունի»,– շեշտեց վարչապետը։

Նրա խոսքով՝ սա կարևոր է արձանագրել և հասկանալ, որովհետև այդ արձանագրումից, հնարավոր է, նաև որոշակի հետևություններ արվեն։

Հանրահավաքի ընթացքում վարչապետը խոստանում է անդրադառնալ նաև դատական համակարգի գործունեությանը, խոսել դատական բարձրագույն խորհրդի խնդիրների մասին։

«Մենք այս պահին խոսում ենք ԶՈւ գլխավոր շտաբի անթույլատրելի քաղաքական հայտարարությունների մասին, բայց եկեք չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ նույնպիսի անթույլատրելի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ բարձրագույն դատական խորհրդի նախագահը․ կարծում եմ` սա նույնպես որոշակի քաղաքական գնահատականի արժանի փաստ է»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրահավաքին քաղաքական ուժեր են հրավիրվելու, նաև առաջարկելու են նրանց ելույթ ունենալ։ 

Հանրահավաքի ժամանակ անդրադառնալու են ընթացիկ խնդիրներին, մասնավորապես խոսելու են գերիների ու նրանց ընտանիքների մասին։

Փաշինյանը հուսով է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի տարբեր մարզերից հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ ներկա կլինեն հանրահավաքին։

Վարչապետը խոստացավ նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ զուգահեռներով ու համեմատությամբ խոսել այն մասին` արդյոք «Մարտի 1»-ի հանցագործությունը բացահայտված է, թե ոչ։

Հանրահավաքն ավարտվելու է երթով։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։

924
թեգերը:
հանրահավաք, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1174)
Ըստ թեմայի
«ՀՀ նախագահի երկրորդ առարկությունն առաջ կբերի մեծ դժվարություններ». Անտինյան
Ընդդիմության հանրահավաքն ու հանդիսավոր երթը՝ լուսանկարներով
Վարչապետը դատախազին չի՞ հրավիրել. դատախազությունը պարզաբանում է
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

247
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

247
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին. 7 ապրիլի, 2021

Փաշինյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ «Սպուտնիկ V»-ի հարցով

146
(Թարմացված է 15:46 11.04.2021)
ՀՀ վարչապետի խոսքով՝ մեր երկրին ռուսական պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափ է պետք։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

«Առաջին խմբաքանակը Հայաստան է բերվում՝ 15 հազար դեղաչափ, բայց մենք մոտավորապես միլիոնների կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա այն»,- ասել է Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում դրան։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, Հայաստան է տեղափոխվել ապրիլի 8-ին:

Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտոնական օգտագործման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին:

«Ռոսիա 1»-ի եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ապրիլի 7-ի հանդիպմանն ու այն արդյունավետ գանահատել։

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

«Մենք ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, նաև տարածաշրջանային հարցեր, և անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր կան։ Այո, ես շատ գոհ եմ», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատվել, որոնք, նրա խոսքով, ավելի անմիջական են դարձել, հատկապես վերջին ամիսների ընթացքում: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է» և ներկայիս մարտահրավերների ու ստեղծված իրավիճակի պայմաններում այդ հարաբերություններին պետք է առավել խորություն հաղորդել։

146
թեգերը:
պատվաստանյութ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

0
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության աշխատակիցների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 6 ծառայողներ կամովին հանձնել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխած «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ և տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները, և քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկում է կամովին հանձնել դրանք։

0