Նախագահական նստավայր

Նախագահն ու Օնիկ Գասպարյանը դարձյալ հանդիպել են

252
(Թարմացված է 22:33 27.02.2021)
Այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։ ԶՈւ ղեկավարությունից ներկա է եղել միայն ԳՇ պետը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` փետրվարի 27-ին դարձյալ հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։

Այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախագահականից` հավելելով, որ հանդիպմանը ԶՈւ ղեկավարությունից ներկա է եղել միայն ԳՇ պետը։

Հիշեցնենք` հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 26-ին այցելել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ։
Հանդիպմանը բացի ԳՇ պետից ներկա են եղել նաև ԳՇ ղեկավար կազմի անդամները։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

252
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նախագահ
Ըստ թեմայի
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել
Այս պահին Հայաստանը չունի ԱԺ նախագահ. Մարուքյան
ԵԿՄ Նոր-Նորքի բաժանմունքի նախագահը վայր է դրել լիազորություններն ի աջակցություն բանակի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

9
(Թարմացված է 19:38 19.04.2021)
Քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

9
թեգերը:
Աբբաս Բադախշան Զոհուրի, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
ՀՅԴ

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

146
(Թարմացված է 16:56 19.04.2021)
ՀՅԴ-ում վստահ են, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նման որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի ընթացքում։

Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում հիմնավորվում է նաև նման որոշման կայացումը։

Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ուստի ՀՅԴ-ն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։

«Մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։

Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

146
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին
Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

39
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

39
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը