ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. 2021 թվականի մարտի 1-ին, ժամը 16:00–ին հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ԱԺ–ի պաշտոնական կայքը։
Ըստ կայքում հրապարակված տեղեկատվության՝ այն նվիրված է լինելու 2021 թվականի մարտի 2-ի հերթական նիստերի օրակարգը հաստատելուն։
Օրակարգում ներկա պահին ընդդիմության առաջարկած ռազմական դրության վերացման մասին նախագիծ ներառված չէ։
Հիմնականում նախորդ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերն են` երկրորդ ընթերցմամբ, գումարած` ՀՀ կառավարության առաջարկած մի քանի տնտեսական բնույթի նախագծեր` առաջին ընթերցմամբ։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ, որով առաջարկվում էր քննարկել ՀՀ-ում ռազմական դրության վերացման հարցը։
Խորհրդի նիստը, սակայն, չէր կայացել, քանի որ ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ էլ «Իմ քայլի» պատգամավորները նիստին չէին ներկայացել։
Աղբամաններ, նստարաններ, բարիկադներ․ Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փակում են ԱԺ–ի մուտքը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։
Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։
«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նման որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի ընթացքում։
Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում հիմնավորվում է նաև նման որոշման կայացումը։
Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ուստի ՀՅԴ-ն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։
«Մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։
Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։
Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։