ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով 24news-ի՝ ինչպես է անցել գիշերը հարցին։
Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է, որը պետք է քննի նաև, թե արտահերթ նիստի պահանջը բավարարի, թե ոչ, կամ ավելի ճիշտ՝ ինչպես անցկացնի, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա։
Ժ. 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։
Ժամը 16-ից 18-ը, ըստ Մանուկյանի, կսպասեն արտահերթ նիստին, որտեղ մի հարց է քննարկվելու՝ ռազմական դրության վերացում։
Իշխանությունը, ըստ նրա, հոգեվարքի մեջ է, վերջնական ավարտի հասցնելու համար համաժողովրդական շարժում է պետք։ «Տեղեկություն ունենք, որ շրջաններից մարդիկ են ցանկանում գալ... Ուզի չուզի՝ պետք է գնա»-, հայտարարեց ընդդիմության առաջնորդը։
Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում։ «Սրանից ավել վատացնել գրեթե հնարավոր չէ, չնայած Նիկոլը Իսկանդերի մասին խոսելով՝ ավելի նվազեցրեց այդ անվտանգության մակարդակը»,-ասաց նա։
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ՝ ես դեմ չէի լինի, ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ երեկվա հայտարարությանը կառավարության հրաժարականի վերաբերյալ։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։
Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։
«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նման որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի ընթացքում։
Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում հիմնավորվում է նաև նման որոշման կայացումը։
Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ուստի ՀՅԴ-ն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։
«Մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը նա հաստատել է News.am-ի հետ զրույցում։
«Հրավիրվել եմ, կայցելեմ, չգիտեմ, դեռևս չեմ եղել, ոչ մի բան չեմ ենթադրում»,- նշեց Ավագյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն կարող են ձերբակալել։
Ավագյանի խոսքով՝ քիչ առաջ սրճարանում ԱԻՊԾ ներկայացուցիչը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերցրել է իր հաշվարկային զենքը, ծառայողական վկայականն ու համազգեստը։ Թե ինչու է, այսպես ասած, «հանձնում-ընդունումը» կատարվում սրճարանում, այլ ոչ թե Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում, Ավագյանը չգիտի։ Ասում է՝ «երևի իրենց այդպես է հարմար»։
Նշում է, որ դեռևս չի ստացել իր պաշտոնանկության վերաբերյալ Արցախի նախագահի հրամանը։ Երբ ստանա, ծանոթանա՝ կարձագանքի։
Ընդգծում է՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, ասուլիս չէր, հանդիպում էր մի խումբ պատգամավորների հետ։
«Իրենք ուզել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ և ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»,- նշեց Ավագյանը։
Հավելում է՝ իր խոսքերի համար չի զղջում։
Նշենք, որ Ավագյանն այսօր Երևանում մասնակցել էր հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը։
Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։
Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։
Դրանից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածեց, որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար։
Նշվում էր, որ նա «իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Հաշվի առնելով ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։