Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը. Gallup

1065
(Թարմացված է 13:47 19.02.2021)
Թեև 1-5 բալային սանդղակում Փաշինյանի միջին գնահատականը քաղաքացիների կողմից ընդամենը 2.8 է, սակայն ոչ մի այլ քաղաքական գործիչ նրանից բարձր գնահատական չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Այս արդյունքի մասին է խոսում Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցումը։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

«Քաղաքական գործիչներին 1-ից 5 սանդղակով գնահատելու խնդրանքին քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ, ներկայացված են միջին գնահատականները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 միավոր, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 միավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 միավոր, Գագիկ Ծառուկյանը հավաքել է 2,2 միավոր, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 միավոր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 միավոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 միավոր, Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,6-ական միավոր, Արթուր Վանեցյանը ՝ 1,5 միավոր», – ասել է Նավասարդյանը:

Թեև 1-5 բալային սանդղակում Փաշինյանի միջին գնահատականը քաղաքացիների կողմից ընդամենը 2.8 է, սակայն ոչ մի այլ քաղաքական գործիչ նրանից բարձր գնահատական չի ստացել։

«Ներկայիս քաղաքական իրավիճակում խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարում 37,1%-ը: 41,2%-ը կարծում է, որ ընտրությունները պետք է կայանան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 28,2%-ը դրան դեմ է»,- ասել է Նավասարդյանը։

Համաձայն հարցման՝ եթե արտահերթ ընտրությունները հիմա անցկացվեին, քաղաքացիների 33,1%-ը կընտրեր «Իմ քայլին»: ԲՀԿ-ն կստանար 4,4%, «Լուսավոր Հայաստանը»՝ 2,6%, ՀՀԿ-ն՝ 2,2%, ՀՅԴ -ն՝ 2,2%, «Հայրենիքը» ՝ 0,9%։

Ոչ մեկի օգտին չի քվեարկի հարցվածների 27,2%-ը։

Ըստ Նավասարդյանի` հարցվածների մոտ 40%-ը չի տեսնում այն թեկնածուին, որի օգտին կարելի էր քվեարկել:

Այնուամենայնիվ, Փաշինյանի հրաժարականը պահանջողները շատացել են։ 43,6 տոկոսը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա, 38,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը պետք է մնա վարչապետի պաշտոնում։ Դժվարացել է պատասխանել մարդկանց 17,6%-ը։ Նախորդ հարցման ընթացքում (նոյեմբերի 13) վարչապետի հրաժարականը պահանջում էր հարցվածների 35 տոկոսը։

Ո՞վ է մեղավոր արցախյան պատերազմում պարտության համար. այս հարցին պատասխանելու համար կազմակերպիչները տարբերակներ են առաջարկել և խնդրել առաջարկված տարբերակներից առավելագույնը 2–ն ընտրել:

Հարցվածների 32%-ը պատերազմում պարտվելու գլխավոր մեղավոր է համարում նախկին իշխանություններին, 28,8% -ը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին և ներկայիս կառավարությանը։

Թուրքիային և նրա ռազմական աջակցությունը Ադրբեջանին մեղադրում են 16,1% -ը։ 4,4%-ը մեղավոր է ճանաչել Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի առանձին սպաների:

«Gallup». եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, ապա կհաղթեր Ծառուկյանը

Հարցվածների 10,2%-ը կարծում է, որ Հայաստանն ու Արցախը չեն պարտվել։ Մոտ 19%-ը նշել է տարբեր այլ պատճառներ, 7,7% - ը դժվարացել է պատասխանել։

Հաջորդ հարցն այն է, թե ինչի պետք է ձգտի Հայաստանը ղարաբաղյան հարցում։ 30,7%-ը կարծում է, որ անհրաժեշտ է վերադարձնել Շուշին և Հադրութը և 7 շրջանները (վերադարձ սեպտեմբերի 26-ի իրավիճակին)։

«27,7%-ը համարում է, որ ներկա իրավիճակը պետք է կայունացնել գոյություն ունեցող սահմաններում։ 20,2%-ը նշել է, որ պետք է վերադարձնել միայն Շուշին ու Հադրութը։ 3,1%-ը նշել է, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանձնել Արցախն ամբողջությամբ ու ավարտել հակամարտությունը», - նշել է Նավասարդյանը։

Մարդկանց մոտ 10%-ը նշել է այլ տարբերակներ, 8,2%ը դժվարացել է պատասխանել։

ՀՀԿ–ի վարկանիշը «Ծառուկյան» դաշինքից բարձր է. Gallup International–ի հարցման արդյունքները

1065
թեգերը:
քաղաքականություն, վարկանիշ, Հարցում, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ո՞ր նախարարների վարկանիշն է ամենաբարձրը և որինը` ամենացածրը. GALLUP հետազոտություն է արել
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Ո՞ւմ օգտին են քվեարկելու Երևանի բնակիչները. GALLUP–ը հարցախույզ է անցկացրել
Վահագն Հովակիմյան

Արմեն Սարգսյանի հերթն էլ եկա՞վ․ «Իմ քայլի» պատգամավորն արդեն խոսում է իմպիչմենտի մասին

57
(Թարմացված է 17:11 28.02.2021)
Պատգամավորի խոսքով՝ նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, իսկ դա կարող է վնասել երկրի անվտանգությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Պաշտոնանկության հերթը կարծես թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էլ հասավ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ ուղիղ ակնարկում է այդ մասին։

«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ` Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին»,- գրում է Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, քանի որ վարչապետը Սահմանադրության 155-րդ հոդվածով իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Իմքայլական պատգամավոր վստահ է, որ անգամ «ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ»:

Այսպիսով, Հովակիմյանը կարծում է, որ նախագահը, իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս, կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այլն։

«Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- ամփոփել է պատգամավորը։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ վաղը կայանալիք հանրահավաքի ժամանակ խոսելու է նախագահի որոշման անհիմն լինելու մասին, արձանագրելու են այդ որոշման հենք չունենալը, և այդ արձանագրումից հետո կարող են որոշակի հետևություններ արվել։

Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

57
Արթուր Վանեցյան

Հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Վանեցյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին

22
(Թարմացված է 15:57 28.02.2021)
Պահեստազորի գեներալներն ու սպաները հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ՝ քննարկելու ստեղծված ճգնաժամը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում հնարավոր բախումների թիվ մեծ պատասխանատուն իշխանությունն է։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ բախումներ թույլ չտալու համար։

«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ․ երկու կողմերն էլ շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառվի, բռնությունն անթույլատրելի է»,- նշեց նա։

Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ այսօր հանդիպել են պահեստազորի գեներալներ, սպաներ Ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, մաքսային, հարկային մարմիններից։

Նրանք մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ և եկել են քննարկելու, միասին հասկանալու ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու իրենց մասնակցությունը։ Վանեցյանը տեղեկացրեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

22
թեգերը:
հանրահավաք, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին