Ռոբերտ Քոչարյան

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

1343
(Թարմացված է 23:37 27.01.2021)
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, թե ինչու Հայաստանի ամեն քաղաքացի իրավունք ունի կասկածելու, որ պատերազմի ընթացքում թշնամու հետ գործարք է եղել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը դիլեմայի առաջ է. ՀՀ իշխանությունը, վարչապետը արեցի՞ն ամեն ինչ պատերազմ ունենալու համար ու չարեցի՞ն ոչինչ կանխելու համար: Կամ, արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համա՞ր ու չարեցին ոչինչ հաղթելու համա՞ր:  

Հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հարցադրումներ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իշխանությունների ու անձամբ վարչապետի հնարավոր դավաճանության մասին հարցին:

«Այնքան շատ են սխալները մեկ մարդու ու մեկ պատերազմի համար, չափազանց շատ են: Ես կառաջարկեի այդ ամենին նայել այլ անկյան տակ. իսկ ի՞նչ է արվել պատերազմ չունենալու համար: Այս 2.5 ամսվա ընթացքում չի ասվել ոչինչ այն մասին, թե վարչապետն ինչ է արել այսպիսի վիճակ չունենալու համար»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` փոխարենն ամեն ինչ արվել է դիվանագիտական ձախողում ունենալու, գործընթացը փակուղի մտցնելու, Թուրքիային, Ադրբեջանին հրահրելու, նրանց մեր դեմ միավորելու համար: Իսկ պատերազմի ժամանակ չեզոքացվել են փորձառու հրամանատարները, չի համալրվել բանակը:

«Լուկաշենկոյի ձայնագրությունից հայտնի է, որ գործարքի քննարկում եղել է, այս նոր իշխանությունը ևս այս կարգի խոսակցության մեջ մտել է՝ հայտնի պաշտոնյայի հանդիպում Դուբայում և չգիտենք` այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել: Խոսք էր գնում 5 շրջանների մասին, և ունենք պատերազմի արդյունքում հանձնած այդ շրջանները և մի բան էլ ավելին» ,- ասաց Քոչարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 7–ին համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Ըստ նրա, սա այն հարցն է, որով պետք է զբաղվեն իրավապահները, բայց չեն զբաղվում: Այդ պարագայում,նրա խոսքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, քանի դեռ այն չի հերքվել:

«Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է: Չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր են արվել, դա մեծ հարց է, որ ևս պետք է պարզել»,-ասաց նա:

Նշենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էին, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։

1343
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Արցախյան պատերազմ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ
Ղարաբաղում խաղաղության վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը սկսում է աշխատանքը. ՌԴ ՊՆ
Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

130
(Թարմացված է 00:25 06.03.2021)
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

«Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն

Նշվում է նաև, որ երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

130
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ԱՄՆ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին
Հայաստանի Զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը. ԱՄՆ պետդեպ
Համատեղ զորավարժություն, արխիվային լուսանկար

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

349
Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ ֆոնին ավելանում է ՀՀ–ի ու ՌԴ–ի զորքերի միացյալ խմբավորման դերը, որի հիմնական նպատակը այդ երկրներից մեկի վրա հարձակման կանխարգելումն է և պետական սահմանի պաշտպանությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Հայաստանն ու Ռուսաստանը հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին և շարունակում են ամրապնդել Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր սահմանագիծը՝ երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ձևաչափով:

Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը։ Բացի այդ, վարժանքի նպատակն էր նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։

Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստականության պլանները և զորքերի կիրառման հավանական տարբերակները, ազգային բանակի բարեփոխումները, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակներ և նպատակներ: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ր հակառակորդի դեմ են զորավարժություններ կազմակերպվում և մարտական կիրառման պլաններ մշակվում։

Պատճառը դժվար թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական կանխատեսումը լինի, այն է` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է խաղաղության ոչ շահավետ պայմանների պատճառով, բայց Կովկասում, անշուշտ, պետք է վառոդը չոր պահել։ Իսկ Հայաստանում տարաբաղադրիչ խմբավորման զորքերը պետք է լինեն մարտունակ, լավ պատրաստված և ամենաժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով հագեցած։ Զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ամրապնդման լավագույն մեթոդը համատեղ զորավարժություններն են միասնական տեղեկատվական տարածքում, նույնատիպ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և կապի միջոցներով մարտավարական փոխգործակցության մշակումը:

Հայ-ռուսական համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն ինտեգրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենամյա զորավարժություններին և ներառում է տասնյակ համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ զորավարժություններին հայկական ստորաբաժանումների իրավահավասար մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները:

Պետք է հաշվի առնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աշխարհաքաղաքական խաղում ձգտում է տարբեր ձևերով օգտագործել Կովկասում առկա խնդիրներն ու հակասությունները, ցանկացած հարմար պատրվակով սրել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում (դրա հաստատումն է Թուրքիայի վերջին «եղբայրական» մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին)։

2020 թվականի աշնան դասերը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացահայտեցին հայկական բանակի և ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք խոցելի կետերը։ Մեծ քանակով արդյունավետ զենք և ժամանակակից տեխնիկա ունենալը (ՀՀ ԶՈւ-ն ստանում է ՌԴ արտադրության ամենաժամանակակից զենքերը ներռուսական գներով) դեռ բավարար չէ, պետք է կարողանալ այդ ամենին պրոֆեսիոնալ կերպով տիրապետել, բարձրացնել կատարողական և ֆինանսական կարգապահությունը, զորքերի ընդհանուր կազմակերպվածությունը (ներառյալ կազմակերպչական-զորահավաքային ոլորտը)։

Անհրաժեշտ է հստակ վերլուծել արտաքին քաղաքական իրադրությունը և ժամանակին կատարել վերադաս հրամանատարության հրամանները, առանց ինքնագործունեության և ինքնավստահության իրականացնել այն ծրագրերը, որոնք նախապես և հանգամանորեն մշակվել են իրադրության սրման բոլոր դեպքերի համար: Ցանկացած պատերազմ 90%-ով բաղկացած է լոգիստիկայից և նախնական կազմակերպչական միջոցառումներից (զորավարժություններից)։

Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ դեպքի համար Հայաստանն ու Ռուսաստանն ունեն զորքերի հատուկ (միացյալ) խմբավորում՝ միավորված կառավարման համակարգով և գործողությունների պլաններով, ինչը թույլ է տալիս ավելի առավել ճշգրիտ և բազմատարբերակ ձևով հետ մղել սպառնալիքները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կանոնավոր կերպով տագնապի ազդանշանով հարյուր կմ-անոց երթեր են կատարում դեպի Բաղրամյան զորավարժարան՝ ՀՀ ՊՆ զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման վայր:

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Զորավարժությունների համար սցենարներ հորինել պետք չէ, չէ՞ որ հարևանությամբ պարբերաբար անցկացվում են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի», «Ձմեռ-2021»-ի տիպի զորավարժություններ, որոնց նպատակն է շտաբային պլանավորման համատեղելիության հասնելը, Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների համակարգումը զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ գործողություններում: Ադրբեջանա-թուրքական նման փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի և շատ մտահոգիչ է Ռուսաստանի համար։ Ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղիների մասին Երևանի և Բաքվի պատկերացումները տարբեր են, և հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական փոխգործակցությունը բազմաչափ է։ Երևանը Մոսկվայից խոշորագույն ռազմական օգնություն ստացողների եռյակում է, և միայն այդ պատճառով է, որ տիրապետում է սպառազինությունների նորագույն նմուշներին՝ բարձր ճշգտության և 100 տոկոսով հուսալի «Իսկանդեր-Մ» ՕՏՏՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա համալիրներ և կապի միջոցներ:

Դաշնակցային հարաբերություններ

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թ․-ին՝ կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության առկա և հեռանկարային սպառնալիքները հետ մղելու համար: Միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հարձակման կանխարգելումն է, պետական սահմանի պաշտպանությունը։

Խմբավորումը ղեկավարում է միացյալ հրամանատարությունը։ Զորքերի ծավալման և կիրառման որոշումը համատեղ ընդունում են երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (Ռուսաստանի և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ)։

Զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագիրը կարգավորում է կողմերի պատասխանատվությունն ու լիազորությունները պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքում, վերաբերում է ուժային կառույցներին, սահմանային, մաքսային կառույցներին և չի դիպչում Հայաստանի պետական անկախությանը, քաղաքական ինստիտուտներին: ԶՄԽ-ի կազմում ներառված ստորաբաժանումներն ապահովվում (ֆինանսավորվում) են այն պետությունների միջոցների հաշվին, որոնց բանակներին նրանք պատկանում են։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

ԶՄԽ-ի արդյունավետությունը հսկայական նախնական աշխատանքի օրինաչափ շարունակությունն է։ Նկատենք, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազայում շուրջ 200 համաձայնագիր կա, որոնց նպատակներն են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, միջազգային կապերի զարգացումը, ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածքը։

ԶՄԽ-ի մասին համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի վերաբերում այլ միջազգային պայմանագրերով Մոսկվայի և Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ փոխգործակցության այս համակարգը ստուգվել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։

349
թեգերը:
զորք, Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

0
(Թարմացված է 14:49 06.03.2021)
ՊՆ–ի մոտ հավաքվածները նշեցին, որ իշխանությունը ձեռնոց է նետում ԶՈւ–ին։ Նրանք որոշել են ՀՀ նախագահից պահանջել կատարել իր սահմանադրական պարտականությունները։

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր։

Եթե նախագահը հրաժարվի ընդունել նրանց, ապա Արմեն Սարգսյանի կեցավայր կգնան` նրանից պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։

«Առաջարկում եմ` դիմենք ՀՀ նախագահին ու պահանջենք, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի ՍԴ։ Բացի այդ, առաջարկում եմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անողներին միանալ»,–ասաց պահեստազորի գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօր ձեռնոց է նետված ՀՀ զինված ուժերին և քայլ առ քայլ փորձում են քանդել ԶՈւ–ն։

Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց, որ չնայած հիմա հակառակորդի համար առաջնային թիրախը Սյունիքն է, սակայն դրանով չեն բավարարվելու` անցնելու են Տավուշին, Վարդենիսին և Եղեգնաձորին։

«Օրվա իշխանությունն ուզում է գլխատել զինված ուժերին։ Մենք մարդիկ ենք, որ ընկերներ ենք կորցրել, հաղթանակ կերտել, ինչը հիմա փորձում են խլել մեզնից։ Մենք դա թույլ չենք տալու։ Օրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,–ասաց Նահապետյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անցկացվող ակցիան` ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, սկսվեց տերունական աղոթքով։

ՊՆ–ի մոտ էին հավաքվել ոչ միայն զինվորականներ, այլ նաև հոգևորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ։

Մինչև ելույթները սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

0
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Բողոքի ակցիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են