Նիկոլ Փաշինյան

Քաղաքական ինքնասպանությո՞ւն, թե՞ սահմանադրական հանցագործություն. ո՞րն է «Իմ քայլի» նպատակը

422
(Թարմացված է 00:18 27.01.2021)
Սահմանադրության 92-րդ հոդվածում համապատասխան փոփոխության թեման քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության նիստում, բայց խմբակցության անդամները որևէ գնահատական դեռ չեն ներկայացրել։ Փոխարենը գնահատականների լայն ընտրանի է ներկայացրել ընդդիմությունը։

ՀՀ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է Ազգային ժողովին ինքնալուծարման իրավունքով օժտելու հարցը։ Այդ դեպքում Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու համար միակ ճանապարհն այլևս ՀՀ վարչապետի հրաժարականն ու անվստահությունը չեն լինի։

Սահմանադրության 92-րդ հոդվածում համապատասխան փոփոխության թեման այսօր քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության նիստում, բայց խմբակցության անդամ ու գաղափարի հեղինակ Վահագն Հովակիմյանի խոսքով` որևէ գնահատականի չի արժանացել։ Ավելին` Հովակիմյանը չի բացառում, որ նախաձեռնությունը հետագայում կարող է բացասական գնահատականի արժանանալ հենց իշխող խմբակցության կողմից ու այդպես էլ կյանքի չկոչվի։

Депутат фракции Мой шаг Ваагн Овакимян в гостях радиo Sputnik
© Sputnik / Aram Nersesyan
Վահագն Հովակիմյան

Պատգամավորն այս հիմնավորմամբ ձեռնպահ է մնում հնարավոր նախաձեռնության բովանդակային քննարկումից։

«Նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ մեր խմբակցությունը դրական կարծիք ունենա և նախագիծը դնի շրջանառության մեջ, նախ առանց ընդդիմության հնարավոր չէ այն նույնիսկ առաջին ընթերցմամբ ընդունել։ Այնինչ այն պետք է առաջին ընթերցմամբ ընդունվի, ներկայացվի ՍԴ, ՍԴ–ն պետք է դրական եզրակացություն տա, նոր գնա երկրորդ ընթերցման։ Այսինքն` սա գաղափար է, որը շատ երկար ճանապարհ ունի անցնելու»,– Sputnik Արմենիային ասաց Հովակիմյանը։

Ըստ նրա`գաղափարն էլ նոր չէ, ծագել է դեռ սահմանադրական փոփոխությունների քննարկման շրջանակում այն մտահոգությամբ, որ ՀՀ կառավարման համակարգում առաջնային մանդատով օժտված մարմինը` խորհրդարանը, ինքնալուծարման իրավունքով օժտված չէ, այն դեպքում, երբ իշխանության մյուս առանցքային ճյուղերը` վարչապետը, նախագահն ունեն հրաժարականի իրավունք։ Հետևաբար, Վահագն Հովակիմյանի մեկնաբանմամբ, այս առաջարկով իշխող քաղաքական ուժն ընդամենը փորձում է խորհրդարանին օժտել հրաժարականի կամ ինքնալուծարման իրավունքով։

Այդուհանդերձ, «Իմ քայլի» առաջարկն արդեն բուռն քննարկման է արժանացել հայաստանյան քաղաքական շրջանակներում ու նույնիսկ հասցրել է որակվել որպես «Իմ քայլի» քաղաքական ինքնասպանություն։

Գաղափարի հեղինակն այս որակման հետ համաձայն չէ, թեև չի էլ զարմանում` արձանագրելով, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք բացահայտ խոսում են իշխող քաղաքական ուժի նույնիսկ ֆիզիկական ոչնչացման մասին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես «քաղաքական ինքնասպանություն» որակումը չի ընդունում, քանզի համարում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն արդեն ինքնասպանություն գործել են 3 ամիս առաջ` նոյեմբերի 9-ին ստորագրելով կապիտուլյացիոն հայտարարությունը։

«Նույն մարդը երկու անգամ չի կարող ինքնասպան լինել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը իշխող քաղաքական թիմի նախաձեռնությանը սեփական որակումն է տալիս` այն կոչելով «սահմանադրական հանցագործություն»։

Наира Зограбян
© Sputnik / Aram Nersesyan
Նաիրա Զոհրաբյան

«Անկեղծ ասած, այդ խորհրդարանական մեծամասնությունն իր ուսերին այնքան հակասահմանադրական հանցագործությունների բեռ է վերցրել, որ ես զարհուրում եմ` պատկերացնելով իրենց հետագա ճակատագիրը»,– ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով` հակասահմանադրական հանցագործությունը կայանում է նրանում, որ խորհրդարանը չի կարող Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառապես սահմանադրական հանրաքվեի արդյունքում։

«ԱԺ–ն չի կարող Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, բայց հիմա նրանք ուզում են ԱԺ–ին օժտել առանց հանրաքվեի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու լիազորությունով, ինչը սահմանադրական հանցագործություն է»,– նշեց պատգամավորը։

Զոհրաբյանի մեկնաբանմամբ` Նիկոլ Փաշինյանն այս նախաձեռնությամբ պարզապես փորձում է տոտալ վերահսկողություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ և արտահերթ ընտրությունների գնալ` իշխանական բոլոր լծակները ձեռքում պահելով։

Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունն այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկու ուղի է նախատեսում` ՀՀ վարչապետի հրաժարականն ու խորհրդարանի` նրան անվստահություն հայտնելը։ Փաստորեն երկու դեպքում էլ ՀՀ–ում արտահերթ ընտրությունները, գործող օրենսդրությամբ, պետք է կազմակերպվեն ու անցկացվեն վարչապետի պաշտոնանկության պայմաններում, և Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` այս ամբողջ գործընթացի գաղտնիքն այստեղ է թաքնված։

«Ի՞նչն է այստեղ ողբերգությունը։ Որ Նիկոլ Փաշինյանը վախենում է տալ հրաժարական, որովհետև վախենում է, որ այդ դեպքում իր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ կսատարեն այլ քաղաքական ուժերի առաջադրած վարչապետի թեկնածուին»,– նշում է Զոհրաբյանը։

Այդուհանդերձ, եթե Վահագն Հովակիմյանի առաջարկությունը օրենսդրական նախաձեռնություն դառնա ու ներկայացվի ԱԺ–ի հաստատմանը, «Բարգավաճ Հայաստանը», Նաիրա Զոհրաբյանի խոսքով, միանշանակ դեմ է քվեարկելու։

Թե ինչպես կքվեարկի հնարավոր նախաձեռնությանը «Լուսավոր Հայաստանը», խմբակցությունն այս պահին դեռևս ձեռնպահ է մնում մեկնաբանությունից։

Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Սահմանադրությունը լրացնել նոր դրույթով, ըստ որի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի ինքնալուծարման դեպքում։

Գործող Սահմանադրությամբ` խորհրդարանական արտահերթ ընտրություն է նշանակվում միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 7–օրյա ժամկետում ԱԺ–ն 2 անգամ անընդմեջ նոր վարչապետ չի ընտրում։

«Իմ քայլի» առաջարկը ԱԺ-ում ընդունելու համար անհրաժեշտ է, որ այն ստանա պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի (88 պատգամավորի) «կողմ» ձայները, այն դեպքում, երբ «Իմ քայլը» խմբակցությունում այս պահին 83 պատգամավոր կա, հետևաբար հարկ կլինի ստանալ նաև ընդդիմադիր առնվազն 5 գործընկերների ձայները։

422
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Վահագն Հովակիմյան, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան
Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ
Սորոսական մետաստազները քանդեցին Հայաստանը. Զոհրաբյանը` ներքաղաքական զարգացումների մասին
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ

226
Հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային կառույցներին փոխանցել են ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ի հեճուկս հայ գերիներին վերադարձնելու միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին, Ադրբեջանի նախագահն իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումներն արդարացնում է փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայ գերիների մասին արած հայտարարությանը։

«Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն»,– ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք` փետրվարի 26-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

Հավելենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

226
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
 Նոր Մարաղա, Մարտակերտի շրջան, Արցախ. 19 նոյեմբերի, 2020

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ

181
(Թարմացված է 21:14 27.02.2021)
Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով իրականում ընդամենը փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության իր տխրահռչակ քաղաքականությունը, հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում` Հադրութ, Շուշի ու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրեր։

Այս մասին «Արմենպրես»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը»,– ասել է նա։

Ըստ Նաղդալյանի, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտրարությունից ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և որ այդ հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը:

«Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել»,– ասել է Նաղդալյանը:

Նրա գնահատմամբ, նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով իրականում ընդամենը փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության իր տխրահռչակ քաղաքականությունը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

181
թեգերը:
Ադրբեջան, տեղահանված, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը. Արա Այվազյան
ԱԳՆ-ն ոչինչ չէր որոշում, կամ ովքեր են զբաղեցրել Արա Այվազյանի աշխատասենյակը
ՌԴ–ն ակնկալում է Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորում. Լավրովը խոսել է Այվազյանի հետ
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ