ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:
Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է մոնիտորինգի հանձնաժողովի 2020 թ.-ի զեկույցի հիման վրա։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների ու այն պնդումների կապակցությամբ, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական, քաղաքացիական և մշակութային հուշարձանների նկատմամբ:
Վեհաժողովն ընդգծել է, որ բոլոր խախտումները պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։
Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայկական կողմի համար առավել կարևոր խնդիր է Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Նրանց մի մասին Բաքուն «ահաբեկիչներ» ու «վարձկաններ» է հայտարարել։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել՝ փորձելով ուշադրություն հրավիրել հայ գերիների հարցի վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին


