Արմեն Գևորգյան

Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները

182
(Թարմացված է 14:03 25.01.2021)
Նախկին փոխվարչապետը եզրակացնում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի խնդրի «արագ և խաղաղ լուծումը» դարձրել է իր քաղաքականության անկյունաքարը` «տարածքներ փողի դիմաց» չհայտարարված բանաձևով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հոդված է հրապարակել, որում վերլուծել է 44-օրյա պատերազմի հնարավոր պատճառներն ու հետևանքները։

Մանրամասն վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռամյա քաղաքականությունը` նախկին փոխվարչապետը հանգում է եզրակացության, որ Փաշինյանն Արցախի խնդրի «արագ և խաղաղ լուծումը» դարձրել է իր քաղաքականության անկյունաքարը` «տարածքներ փողի դիմաց» չհայտարարված բանաձևով։

«Փաշինյանը և իր թիմը հենց այս բանաձևի մեջ էին տեսնում Հայաստան ներդրումներ բերելու հնարավորությունը, սեփական իշխանության պահպանումն ու ամրապնդումը»,– գրում է Գևորգյանը։

Նախկին փոխվարչապետի դիտարկմամբ` «արագ և խաղաղ» կարգավորման հիմքում ընկած պիտի լիներ Լավրովյան պլանն իր մոդիֆիկացված տարբերակով։ Փաշինյանն ու իր թիմը, սակայն, թաքցնում էին բանակցային գործընթացը հասարակությունից ու հանրային տրամադրությունները չէին պատրաստում խաղաղ համաձայնագրին։

Պատերազմ կարող էր սկսվել ամեն օր. Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հայտնի արտահայտությունը

Գևորգյանը Փաշինյանի մեկ այլ սխալ է համարում այն, որ նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ստրատեգիական գործընկերոջ ընտրության հարցում և փորձեց միանգամից երկու աթոռի վրա նստել։ Բացի այդ, Փաշինյանը սկսեց ոչնչացնել ՀՀ անմիջական հարևանների հետ հարաբերությունների ավանդույթները տարածաշրջանում՝ անցողիկ խոստումների դիմաց։

«Փաշինյանն ու իր արևմտյան իշխանական գործընկերները ձգտում էին նաև սահմանափակել պրոռուսական տրամադրված բիզնես էլիտաների հնարավորությունները Հայաստանում՝ ներկայացված հիմնականում այսպես կոչված «նախկինների» կողմից»,– նշում է Գևորգյանն ` արձանագրելով, որ 2019թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն ընդունել են Հայաստանին վարկի տեսքով 500 միլիոն դոլարից ավել տրամադրելու նախագիծը, իսկ աշնանը, արևմտյան գործընկերների աջակցությամբ, Հայաստանն իր պետական պարտատոմսերը շահավետ կերպով տեղադրել է արտաքին շուկաներում։

«Ստեղծվում էր տպավորություն, թե Արևմուտքը տրամադրելու է հարմար վարկեր և ստեղծելու է նոր հնարավորություններ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը պիտի վարի «բանակցային գործընթացը»՝ դրա հետ մեկտեղ կորցնելով սեփական ազդեցության ռեսուրսները»,– նշում է նախկին պաշտոնյան` հավելելով, որ Արևմուտքի հիմնական նպատակը արցախյան հիմնահարցը լուծելու արդյունքում Ռուսաստանի դերակատարման թուլացումն էր տարածաշրջանում և Թուրքիայի դիրքերի ամրապնդումը՝ տրանսպորտային միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։

Մինչդեռ Ռուսաստանին արցախյան խնդրի կարգավորումն, ըստ Գևորգյանի, անհրաժեշտ էր Ադրբեջանին սեփական տնտեսական ինտեգրացիոն նախագծերում, օրինակ՝ ԵԱՏՄ-ում ներգրավելու համար, այստեղ իր նոր ռազմական կոնտինգենտը տեղակայելու և տարածաշրջանային հիմնական գործընթացների զարգացումը սեփական վերահսկողության ներքո պահել համար։

«Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխզիջումների, բայց ժամանակի ընթացքում ավելի լավ ճանաչելով Փաշինյանին՝ Ալիևի ախորժակը կտրուկ մեծացավ»,– գրում է Գևորգյանը։

Արդյունքում Ալիևը Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում ոչ մի հնարավորություն բաց չի թողնում նոր Լավրովի պլանով նախատեսվածից ավելի զիջումներ ու տարածքներ կորզելու համար։ Դրանցից մեկը ու առանցքայինը դարձավ Շուշին։

«Թերևս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով բերդաքաղաքը Ադրբեջանի համար հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ և խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է՝ չստացվի, ինչն իրեն կարող է քաղաքական իշխանություն արժենալ։ Պատահական չէ, որ ռազմական գործողությունները չէին դադարում մինչ այն պահը, երբ փաստացի Շուշին հանձնվել էր,– նշում է Գևորգյանը,–բայց պատերազմը դադարեց միայն Շուշիի գրավումից հետո»։

Այդուհանդերձ, թյուրքական կոալիցիային չհաջողվեց խուսափել կոնֆլիկտի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունից և ռուսական ծանրակշիռ ներկայությունից։

Ըստ Արմեն Գևորգյանի, Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումը ու պիտի գրված լիներ ամենայն մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա։ Բայց դրա փոխարեն հայկական կողմը ստացավ Լավրովյան պլանի ամենաադրբեջանամետ տարբերակը` նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մի քանի էջերի տեսքով։ Ընդ որում` այն պետք չէ վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել ՍԴ, բայց պետք է անպայմանորեն իրականացնել։

«Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հիմնական հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց անգամ ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ ազգային ժողովի, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մասնակցության։ Հենց սա դարձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Պատերազմը փաստացի չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Ըստ էության նոյեմբերի 9-ին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է»,– գրում է նախկին փոխվարչապետը։

Ըստ նրա` հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս` Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի կողմից։

Վերլուծելով Մոսկվայում տեղի ունեցած վերջին բանակցությունները` Գևորգյանը նկատում է, որ երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքների լոզունգների ներքո Հայաստանն իրականում ստացավ միայն տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների ` գազամուղների, նավթամուղների, երկաթգծերի խոստումներ, որոնք, ըստ նրա, դժվար թե ստեղծվեն։

«Այն ամենը, ինչը պոտենցիալ ուներ կառուցվելու, արդեն կառուցվել է։ Չեմ կարծում, թե թուրքական կոալիցիան առաջարկի այնպիսի նախագծեր, որոնք լցնելու են Հայաստանի բյուջեն, նաև դժվար թե արևմուտքը ցանկանա, որ այդ եկամուտներից զրկվի վրացական բյուջեն։ Մեզ առաջարկվելու են բացառապես այն նախագծերը, որոնք առաջին հերթին ձեռնտու են Թուրքիային, օրինակ՝ Սյունիքի միջով անցնող միջանցքը՝ սեփական երթուղին հեշտացնելու համար»,– գրում է Գևորգյանը։

Իսկ Հայաստանից Ռուսաստան պոտենցիալ բեռնափոխադրումների աշխարհագրության ճնշող մեծամասնությունը, նրա դիտարկմամբ, անցնելու է Ադրբեջանի տարածքով և դեռ հայտնի չէ, թե ով է ապահովելու դրանց անվտանգությունը։ Մինչդեռ Մեղրիի միջանցքում թուրքերի համար անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։

Եզրափակելով իր վերլուծությունը` նախկին փոխվարչապետը հիշեցնում է, որ այս ամենի դիմաց Հայաստանը վճարել է 5000 զոհերով, 10 000 վիրավորներով, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանցով, Արցախի 7 շրջաններով, Շուշիի և Հադրութի կորստով և Հայաստանի վտանգված սահմաններով։ Բացի այդ` հարյուրավոր գերիներ դեռ մնում են Ադրբեջանում, Հայաստանն ու Արցախը չեն ստանում երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության իրական երաշխիքներ։ Արցախի ապագան շարունակում է մնալ անհասկանալի, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով ու Հայաստանի պետականության կորստի՝ մեծ ռիսկերով։

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

182
թեգերը:
Արմեն Գևորգյան, Պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
«Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել». Փաշինյանը հայտնեց` երբ է հրահանգ տվել հետ քաշվել
Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի ժամանակ
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին․ Մարուքյան

403
(Թարմացված է 22:17 07.03.2021)
Մարուքյանի խոսքով՝այս պայմաններում իրենց առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է իրենց համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի– Sputnik. Հայաստանին օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է` զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու համաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված»,-գրել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ ըստ Սահմանադրության  92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»,-շեշտել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

Այսօր էլ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտվելու են արտահերթ ընտրություններում։

403
թեգերը:
Ընտրություններ, Հայաստան, Հրաժարական, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի

129
(Թարմացված է 12:36 07.03.2021)
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրել է , թե ինչու չի հեռանում ներկայիս իշխանությունը։ Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու իր կարծիքը ներկայացրել։

«Ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։ Շատ պարզ։ Որովհետև մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։ Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին, Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։ Երբեք։ Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ»,-գրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

«Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։ Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»,-գրել է պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլը փրկիչների չսպասեց։ Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։

Նա շեշտում է, որ փրկիչը մեզանից յուրաքանչյուրն է ու պետք չէ սպասել այլ փրկիչների, այլապես «Նիկոլն ու նիկոլականությունը» դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

129
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են
Թագավորական ընտանիք

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

4
(Թարմացված է 13:14 08.03.2021)
Սասեքսի դքսուհին որոշել է բացահայտել արքայական բոլոր գաղտնիքները և ընտանեկան որոշ գաղտնիքներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Բրիտանիայի թագավորական ընտանիքին անհանգստացրել է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ապագա երեխայի մաշկի մգությունը։ Մեգանն այդ մասին պատմել է Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` իր առաջին հղիության ժամանակ արքայազն Հարրին իրեն պատմել է, որ ընտանիքի ներկայացուցիչներից ոմանք անհանգստացել են, թե որքան մուգ կլինի երեխայի մաշկի գույնը։ Միաժամանակ Մեգանն ակնարկել է, որ իրենց որդին հենց այդ պատճառով տիտղոս չի ստացել։ Սասեքսի դքսուհին պատմել է, որ իրենք Արչիի տիտղոսից չեն հրաժարվել, բայց երեխան ոչ միայն չի ստացել այն, այլև զրկվել է թագավորական ընտանիքի պաշտպանությունից։

Այդ ֆոնին Մեգանն ընդգծել է, որ թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի և Քեյթ Միդլթոնի հետ ինքը լավ հարաբերություններ ունի անգամ ընտանիքից հեռանալուց հետո, իսկ Հարրին շարունակում է սիրել Ուիլյամին ու Չարլզին, սակայն չի ուզում համակարգի անդամ լինել։ Ի դեպ, Մեգանը բազմաթիվ անգամ ասել է, որ արքայական ընտանիքի անդամները շատ բարեհոգի են և շատ են տարբերվում թագավորական ինստիտուտի կառավարիչներից։

Մեգան Մարքլը մեղադրել է Եղիսաբեթ թագուհուն

Հարցազրույցի ընթացքում դքսուհին խոստովանել է նաև, որ արքայական ընտանիքի անդամի պարտականություններն իրեն ոչ ոք չի սովորեցրել, և նա հաճախ ստիպված է եղել «գուգլել» (փնտրել համացանցում), որպեսզի չխայտառակվի։
Բացի այդ, նա ընտանեկան գաղտնիք է բացահայտել․ պարզվում է՝ Մեգն ու Հարրին ամուսնացել են հրապարակային արարողությունից երեք օր առաջ։ Արարողությանը հյուրեր չեն եղել, ներկա է եղել միայն Քենթրբերիի արքեպիսկոպոսը։ Բայց հենց այդ երդումն են ամուսինները իրական պսակադրություն համարում։

Մեգան Մարքլի վրա ճնշում է գործադրել ոչ միայն թագավորական, այլև սեփական ընտանիքը։ Պարզվում է՝ մեկ տարի առաջ Մեգանը հետապնդման պատճառով անգամ ինքնասպանության մտքեր է ունեցել։ Սակայն հղիությունը դրական է ազդել նրա ինքնազգացողության և տրամադրության վրա։ Մարքլն ակնարկել է նաև, որ իրենց երկրորդ երեխան աղջիկ է լինելու։

Կրեատիվ և ռոմանտիկ. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միմյանց օրիգինալ նվերներ են մատուցել

Հարցազրույցը բաղկացած է երկու մասից՝ Օփրայի զրույցը Մեգանի հետ և համատեղ զրույց Հարրիի հետ։ Նկարահանումները տեղի են ունեցել մոտավորապես այն օրերին, երբ զույգն առաջին անգամ աշխարհին հայտնեց, որ իրենց ընտանիքում համալրում է լինելու։ Այդ լուրից և հարցազրույցի ծանուցման հրապարակումից հետո Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարեց, որ Հարրիին ու Մեգանին զրկում է պաշտպանությունից։

Արդեն նախկին դուքսն ու դքսուհին ի պատասխան հայտարարեցին, որ պատրաստվում են ծառայել հանրությանը՝ անկախ իրենց պաշտոնական դերից և բնակավայրից։

«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև

4
թեգերը:
Մեծ Բրիտանիա, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ