Արխիվային լուսանկար

Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ

75
(Թարմացված է 17:24 20.01.2021)
Ապաշրջափակման առնչությամբ, ըստ Մհեր Գրիգորյանի, կան իրավական, տնտեսական, ռիսկերի գնահատման խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Տնտեսական և ճանապարհային ապաշրջափակման հարցի լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել, եթե այն ճիշտ լուծվի։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պետք է ձևավորվի հարթակ, որտեղ հարցեր կհնչեցվեն, իմպուլսներ կստացվեն և հակաիմպուլսներ կձևավորվեն, որպեսզի, ի վերջո, հաջողվի ապաբլոկավորել տնտեսությունը և տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը լուծենք։ Ես ինքս այն կարծիքին եմ, որ ապաշրջափակման խնդիրը պետք է լուծվի։ Հակառակ դեպքում անվտանգային իրավիճակի հարցն ավելի շատ կլինի»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` ապաշրջափակման առնչությամբ կան իրավական, տնտեսական, ռիսկերի գնահատման խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն։ Փոխվարչապետը նշեց` եթե կա տպավորությւոն, որ այդ բոլոր խնդիրները լուծված են և պատրաստի լուծումներ կան, որոնց առնչությամբ պետք է արդեն իսկ պայմանավորվեն և պայմանագիր կնքվի, այդպես չէ։

Գրիգորյանը վստահեցրեց` այս պահին դեռ քննարկումների փուլը չի էլ սկսվել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

75
թեգերը:
Ադրբեջան, ԱԺ, Տիգրան Ավինյան, ապաշրջափակում
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին
Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասել. Արամ Սարգսյանը վարչապետի մոտ էր
Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի

105
(Թարմացված է 12:36 07.03.2021)
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրել է , թե ինչու չի հեռանում ներկայիս իշխանությունը։ Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու իր կարծիքը ներկայացրել։

«Ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։ Շատ պարզ։ Որովհետև մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։ Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին, Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։ Երբեք։ Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ»,-գրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

«Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։ Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»,-գրել է պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլը փրկիչների չսպասեց։ Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։

Նա շեշտում է, որ փրկիչը մեզանից յուրաքանչյուրն է ու պետք չէ սպասել այլ փրկիչների, այլապես «Նիկոլն ու նիկոլականությունը» դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

105
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

128
(Թարմացված է 15:55 06.03.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և եթե դրանք կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքը։

«Մեր օրակարգից չենք շեղվում. Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ թե ով պետք է լինի իշխանության՝ կորոշի ժողովուրդը, սակայն Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքն ի վիճակի չէ շարունակել ՀՀ վարչապետ լինել»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

Նա նշեց նաև, որ սկզբում իշխանությունները փորձեցին ընդդիմության պայքարը վերածել նախկինների և ներկաների կռվի, սակայն հանրությունը հասկացավ, որ խոսքն ավելի լուրջ բաների մասին է` երկրի ապագայի հարցն է։

Ավելին, ըստ Վանեցյանի, կան մարդիկ, որոնք չունեն Հայրենիքի փրկության շարժման նկատմամբ համակրանք, սակայն գնում են Բաղրամյան պողոտա` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

128
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Վերնիսաժ

Ամենևին ոչ տոնական Վերնիսաժ, կամ ինչով է ապրում Երևանի ամենակոլորիտային տոնավաճառը

36
Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի նախօրեին Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է երևանցիների սիրած տոնավաճառն ու զրուցել վաճառողների հետ

Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում։ Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում։ Վաճառողներն էլ հավաքվում են խմբերով՝ ջերմանալով գարնանային արևի ճառագայթների տակ ու տարբեր թեմաներ քննարկում։ Վաճառասեղանին մոտեցող գնորդին տեսնելով՝ անմիջապես գալիս ու սկսում են ներկայացնել ապրանքը։

Кожаные сумки на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

«Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ։ Տեղացիներն ամեն ինչի գինը գիտեն, պատկերացնում են, թե ինչ են ուզում, րոպեների ընթացքում գնում ու հեռանում են։ Իսկ զբոսաշրջիկները երկար են ընտրում, գեղեցիկ առևտուր են անում, փորձում խորամանկել, իսկ եթե նրանց թվում է, թե ստացվել է, թեյավճար են թողնում։ Նրանց շնորհիվ մենք մարքեթինգային հնարքներ ու մի քանի լեզու ենք սովորել», - ասում է պայուսակներ վաճառող տղամարդը։

Ювелирные украшения на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Այստեղ կարելի է արծաթյա զարդեր, կաշվե իրեր, հյուսած պայուսակներ, մետաքսյա շարֆեր, խեցեղեն, կավից ու փայտից պատրաստված հուշանվերներ և շատ այլ բաներ գտնել։ Մարտի 8-ի նախօրեին առավել մարդաշատ են, այսպես կոչված, «կանանց» շարքերը։ Ընդ որում այստեղ գնորդները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ Ճիշտ է, գնման ձևն ակնհայտ տարբերվում է։  Կանայք հիմնականում ըստ գնի են նվեր ընտրում, 6-30 դոլար միջին արժողությամբ, իսկ տղամարդիկ փորձում են որևէ օրիգինալ բան գտնել, տոն օրերին էլ գինը նրանց համար էական չէ։ 

«Հավանաբար միայն հայ կանայք են միմյանց նվեր գնում մարտի 8-ին։ Նրանք ընտրում են այնպիսի իրեր, որոնք իրենց գնից ավելի թանկ տեսք ունեն։ Տղամարդիկ էլ մեծ զարդեր, բնական քարեր ու ձեռագործ հավաքածուներ են նախընտրում», - պատմում է ոսկերչական իրեր վաճառողը։

Кулоны Древо жизни на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Նա բացահայտում է վաճառողների գաղտնիքը․ սկզբում առաջարկում են ամենաթանկ ապրանքը, այնուհետև աստիճանաբար անցնում էժանին։ Եթե մարդը գործի գիտակ է, նախևառաջ նրան վարպետների գործեր են առաջարկում։ Նման հաճախորդներին դեմքով են ճանաչում և փոքր զեղչեր անում։ Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունի՝ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ են տալիս այցելել ձեռագործ պայուսակների և շարֆերի տաղավար։

Текстиль с разнообразным принтом на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Շարֆեր վաճառող կինը պատմում է, որ հիմնականում դրանք նախընտրում են կանայք։ Նրանք երկար ընտրում են, հարցնում պատրաստման տեխնոլոգիան, երբեմն նույնիսկ զանգահարում ու խորհուրդ են հարցնում ընկերուհիներից։ Իսկ տղամարդիկ պայուսակներ ու դրամապանակներ են նախընտրում, բերում են կնոջը, որպեսզի նա անձամբ իր համար որևէ բան ընտրի։ Շատ դեպքեր են եղել, երբ ընտանեկան զույգը սկսել է վիճել և արդյունքում ոչինչ չի գնել։ Եղել են նաև դեպքեր, երբ տղամարդը զայրացել ու միանգամից մի քանի պայուսակ է գնել՝ ծանոթ բոլոր կանանց համար, բացի կնոջից։

- Իսկ ձեզ կանանց տոնին նվերներ նվիրո՞ւմ են։

- Շարֆեր՝ ոչ բայց զարդեր երբեմն նվիրում են։

- Այստեղի վարպետների՞ գործեր են։

- Այո, երբ կրում եմ, նրանք ճանաչում են իրենց գործերը։

Ювелирные украшения на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Իսկ Անահիտը, որը իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, և նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում։  Նրա հաճախորդները հիմնականում կանայք են։ Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենց՝ նուրբ ծաղիկներով ականջօղեր։ Հայ կանայք նախընտրում են նուրբ գույներ ու իրենց հայտնի ծաղիկներ։

«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի։ Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ և նրան, ով  իրենց նվիրել է։ Մի՞թե հրաշք չէ», - ասում է նա ժպիտով։

Глиняная посуда на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Հարևան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին ու ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթև բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ։ Նա անմիջապես հիշում է, որ իր բաժակները գնել են տասնյակ երկրներից զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ՝ Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Տղամարդը պատմում է, թե ինչ սիրով է պատրաստում բաժակները, և ակամայից ուզում ես գնել նրա գոնե մեկ արտադրանք։

-Վաճառեք ինձ այդ բաժակը։

- Ինչ ես ասում, քույրիկ ջան, նվիրում եմ, շուտով մարտի 8 է։

- Չէ, այդպես չեմ վերցնի։

Торговые ларьки с ювелирными укоашениями на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

- Էդ դեպքում թող քո տղամարդը քեզ համար գնի, ես քեզ ոչինչ չեմ վաճառի։

-Մի՛ նեղացեք։

- Չեմ նեղանում, դա մարքեթինգ է, եթե այն քեզ դուր է եկել, ուրեմն դու այն կվերցնես, կգաս ու երկու հատ էլ նույնից կգնես, - ծիծաղելով ասում է վաճառողը։

- Իսկ ի՞նչ եք ձեր կնոջը նվիրելու։

- Ծաղիկներ, այսօր ադամանդի գին ունեն դրանք։

Հանկարծ տղամարդը մատնացույց է անում հուշանվերների վաճառասեղանին՝ խորհուրդ տալով անպայման այցելել ։ Նա գործընկերոջը ձայն է տալիս՝ ասելով, որ ցույց տա ինձ «այս շուկայի ամենագեղեցիկ բանը», ու աչքով անում նրան։

Сувениры и безделушки на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Մոտենում ենք ու նկատում ծածկի տակ կախված հրեշտակներին։ Մինչդեռ հիանում ենք նրանցով՝ վաճառողը գտնում ու մեզ է պարզում կանաչ զգեստով գանգրահեր հրեշտակին։

- Ձեզ է նման, - ասում է վաճառողը։

Մենք սկսում ենք ծիծաղել, իսկ տղամարդիկ պահը բաց չեն թողնում ու շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ։ Մենք հեռանում ենք։ Բայց թվում է, թե տոնավաճառը բազմամարդ ու ավելի ուրախ է դառնում։

  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
36
թեգերը:
Մարտի 8, Վերնիսաժ, տոնավաճառ