ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանություններին։
Փաշինյանն իր «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածում նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։ Պոպովը երեկ հերքել էր դա` ասելով, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման ռուսաստանյան առաջարկը եղել է այսպիսին` առաջին փուլում Ադրբեջանին 5, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնել` այդ գործընթացը փոխկապակցելով ԼՂ կարգավիճակի որոշման հետ։
«Ադրբեջանի կողմից Կազանյան փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն` շարունակել բանակցությունները հիմնական սկզբունքների շուրջ։ Համամիտ եմ Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը։ Այն եղել և մնում է»,–ասաց Այվազյանը։
Նրա խոսքով` 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հակամարտության կարգավորման փաստաթուղթ չէ, այլ հրադադարի մասին փաստաթուղթ, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը։ Նախարարը նշեց` հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, եթե այնտեղ ամփոփված չեն բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, Արցախի կարգավիճակի հարցը։
Հայաստանը, որպես պարտված կողմ, իր բանակցային ռեսուրսը լիարժեք չի օգտագործում
Այվազյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն հիմնարար սկզբունքների հիման վրա։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե ԼՂ կարգավիճակի հարց չի եղել Կազանյան փաստաթղթում` Այվազյանը չմեկնաբանեց` ասելով, որ դրանք հանված են կոնտեքստից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցն ու Իգոր Մորգուլովն այսօր խորհրդակցությունների ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Քննարկվել են երկու երկրների փոխգործակցության խնդիրները՝ ի շահ եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ ՇՀԿ-ի գործընկերության կապերի խորացման, մայրցամաքում տնտեսական փոխկապակցվածության զարգացման ճանապարհով, նախևառաջ՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու ջանքերի համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բանակցություններն ընթացել են կառուցողական, վստահելի մթնոլորտում և նպաստել երկու երկրների ԱԳՆ–ների գծով ավելի սերտ փոխգործակցության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է ՀԱՊԿ–ի անդամ։ Ինչքան էլ մենք համարել ենք, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ինքը ՀՀ–ն է, նկատի ենք ունեցել նաև այն իրավապայմանագրային բազան, որը Հայաստանը ստեղծել է իր հարաբերությունների շնորհիվ։ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում անկհայտորեն նոր գործոն է ավելացել` ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դրական երևույթ է, և նրանց ներկայությունն անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել։ Վարչապետը նշեց` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման վրա, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք կատարի իր գործառույթն Արցախի անվտանգության հարցով։
Փաշինյանը վստահեցրեց` եթե խաղաղապահներն Արցախում չլինեին, հնարավոր է` չկարողանար ՀՀ–ն այդ գործառույթն իրականացնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։
«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար
Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։