ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։
ՌԴ արտգործնախարարության կայքում տեղադրված՝ Պոպովի մեկնաբանության մեջ նշվում է, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով հավանաբար ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019-ի հունիսին։
Կազանյան փաստաթղթի հետ շատ կետերում համընկնող այդ պլանի մեջ ներառված են կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում Ադրբեջանին 5, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնելն է՝ դրանք, պետք է հատուկ ընդգծել, փոխկապակցելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։
Երևանի շահերն արտահայտող՝ առաջին փուլի մասերից է որպես Լեռնային Ղարաբաղի իրավունք ճանաչել իր բնակչության ամբողջական կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի բացառման ընդունումն ու այլն։ Այդ պատճառով, դիվանագետի կարծիքով, պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ՝ չի համապատասխանում իրականությանը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ.
Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի ու Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձնելը։
Պոպովը նշում է, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ բանակցություններն ընթացել են կանոնավոր մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բաց նամակին: Նամակը հասցեագրված էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և առնչվում էր վերջերս Մոսկվա կատարած նրա այցին և հանդիպումներին, այդ թվում ՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։
«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում
Նախկին նախարարը Դավթյանին հիշեցնում է Մարտի 1-ի «կարված» գործի մասին, որով անցնում է Օհանյանն ինքը, ինչպես նաև կշտամբում Դավթյանին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ստորագրել է փաստաթղթեր, քննարկել նախկին և ներկա հայ քաղաքական գործիչների նկատմամբ Բաքվում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր:
Օհանյանը նշում է, որ քմծիծաղով է կարդացել միջազգային հետախուզումից իրեն ազատելու ուղղությամբ Դավթյանի «ջանքերի» մասին։
«Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ ՀՀ–ում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ»,–գրել է Օհանյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում ի պատասխան Օհանյանի գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:
Աբրահամյանը նշել է, որ տարակուսելի են Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե դատախազը ոչ մի խոսք չի ասել Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի վերաբերյալ։
«Ադրբեջանական ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես` նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է»,–գրել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Օհանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին վերջինիս հայտարարությանը, Աբրահամյանը նշել է, որ դրանք խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններ են և դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:
Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել Ձեզ. Դավթյանը` ՌԴ դատախազին
Աբրահամյանը հավելել է, որ ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ըստ նրա, ցավոք` դեռ կրում ենք:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նա կարծում է, որ քաղաքական գործընթացների միջոցով։ Նազարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։
Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։
Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։
«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։ Ես քաղաքական գործիչ եմ և հավատում եմ քաղաքականությանը»,–հավելեց նա։
Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր չէր խուսափել պատերազմից, որն այսքան կյանք խլեց մեզնից, Նազարյանը նշեց, որ պետք է քննության ենթարկենք վերջին 30 տարիների բանակցային և քաղաքական գործընթացները։ Նրա խոսքով` պետք է դասեր քաղենք մեր անցած ճանապարհից։
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ եթե պատերազմ է եղել, ուրեմն` քաղաքականությունը և քաղաքական գործիչները պարտվել են. եղել են սխալներ։
Նազարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով, որ գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։
«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորությւոններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: