ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:
«Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը»,-նշված է գրառման մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ. դատախազություն
Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հարց բարձրացրեցին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով»,- գրել է Մարուքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։
«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության»,- նշված է ուղերձում։
Նախարարի խոսքով՝ ԵԽ-ն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:
Նախարարը հետադարձ հայացք է նետել Հայաստանի անդամակցության երկու տասնամյակներին՝ ամփոփելով դրանք։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի, իսկ 2013 թվականին մեր երկիրը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ «ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը»։
«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում»,- նշվում է ուղերձում։
Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով
Նախարար Այվազյանն իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:
Ուղերձի վերջում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։
«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր մենք հասել ենք այս հանգրվանին»,-մասնավորապես նշել է Բուրիչը։
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։