ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը Հայաստանից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին Գրիգորյանի աշխատակազմից։
2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվելով փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյանը համակարգում է տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի (մասնավորապես՝ գազի գնի վերաբերյալ բանակցություններ է վարում) և Եվրասիական միության հետ։ Բացի դա, փոխվարչապետը համակարգում է ֆինանսական համակարգի զարգացման հետ կապված հարցերը։
Ռուսաստանի կողմից խմբի համանախագահ կարող է դառնալ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերջերս էր այցելել Հայաստան ու հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունն ընդունվել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում։
Եռակողմ աշխատանքային խումբը Ղարաբաղում կզբաղվի բնականոն կյանքի վերականգնման հարցերով
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են պատերազմից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված՝ Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:
«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներըն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:
Նշենք՝ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունից անմիջապես հետո մարզում ու մամուլում «նոր մարզպետների» անուններ են շրջանառվում:
Որոշ լրատվամիջոցներ որպես հավանական թեկնածու նշում են Մարտուն Գրիգորյանի անունը։ Նա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, 2008-ին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Հանդիսացել է «Դաշինք» կուսակցության անդամ, 2009 թվականին անդամագրվել է ԲՀԿ-ին, ընտրվել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից, 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Բացի Մարտուն Գրիգորյանից, շրջանառվում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը:
Սակայն ամենաշատը շրջանառվում է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը: Նա մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:
Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկության, Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզ կվերադառնա, բայց փոխմարզպետի կարգավիճակով, իսկ մինչ նոր մարզպետի նշանակումը ժամանակավորապես կկատարի մարզպետի պարտականությունները:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Ենթադրություններն ու կանխատեսումները շատ են, սակայն մարզում չեն թաքցնում՝ կառավարությունը կարող է նաև ամենաանհավանական որոշումը կայացնել:
Հավելենք, որ Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 164586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 մարդ (+188), կատարվել է 623311 թեստավորում (+2607), առողջացել են վարակվածներից 152772-ը (+157)։ Գրանցվել է մահվան 2992 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1–ով և դարձել 729։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։