ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եթե պատերազմի հարցում պետությունը կազմակերպչական խնդիրներ չունենար, այս արդյունքը չէր լինի։ Երեկ «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Ինչ է՝ մենք տներում ունեի՞նք սաղավարտ ու զրահաբաճկոն, որ կոչ էր արվում իրենց հետ վերցնել և մեկնել ռազմաճակատ։ Ես խնդիրներ էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիրներ էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու, տեղաբաշխելու հետ կապված, խնդիրներ էի տեսնում այդ նույն սաղավարտների ու զրահաբաճկոնների անհրաժեշտ քանակի հետ կապված, խնդիրները շատ էին և հետևանքը տեսանք»,–ասել է նա։
Անդրադառնալով նախորդ պատերազմի թոհուբոհով անցած գեներալներին ու այլ հրամանատարներին պատերազմի կառավարումից ու դրան մասնակցությունից հեռու պահելուն` Համբարձումյանն ասել է, որ սկզբում եղել են ձերբակալվածներ, որոնք ենթադրյալ խուճապային տրամադրություններ են տարածել։ Ըստ նրա` վարկածներ են առաջ քաշվել, թե այդ գործում ներքաշված են եղել այդ նախկին հրամանատարները, սակայն ճիշտ հակառակն է պարզվել։ Նա վստահեցնում է, որ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանն ամեն ինչ արել են` իրենց ներուժը ներդնելու համար։
«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին
Համբարձումյանը լրջագույն հարց է համարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև միջնորդավորված կապի, 5 միլիարդ դոլարով Արցախի անվտանգության գոտի համարվող շրջաններն Ադրբեջանին զիջելու թեման։ Թե որքանով է իրական՝ նա չի կարող ասել, սակայն տեղեկությունն այն մասին է, որ տևական կապ եղել է ՀՀ վարչապետի և ադրբեջանական կողմի միջև, որի ընթացքում քննարկվել է փողի դիմաց Արցախի հարցը լուծելու տարբերակը։
«Այդ քննարկումների ընթացքի, արդյունքների մասին չգիտենք, բայց տեսնում ենք այսօրվա իրողությունը․պարտություն, տարածքների լուրջ կորուստներ, Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Եթե համոզիչ բացատրություններ չտրվեն, հավատացեք, որ նույնիսկ իմ մեջ, որ ասել եմ, թե վարչապետը դավաճան չէ, կասկածներ կծագեն։ Որքանով ես գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով»,–ասել է նա։
Համբարձումյանը հավելել է նաև, որ մանրամասն պետք է քննվի այս հարցը և ամեն ինչ հրապարակային ներկայացվի։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արել ու ասել` Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ ՀՔԾ–ում քրգործ է հարուցվել Մինասյանի հայտարարությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:
«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։
Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։
Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։
Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:
ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:
Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։
Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։
Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։
Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը
Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։