ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik, Արման Վանեսքեհյան․ «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» նախաձեռնության գաղափարախոսներն ու հեղինակները ՀՀ քաղաքացուն բավականաչափ հայտնի կուսակցություններ և ուժեր են։ Նրանց թվում է քաղաքական «ծանրքաշայիններից» մեկը՝ Արտաշես Գեղամյանն իր «Ազգային միաբանություն» կուսակցության հետ։ Երևանի նախկին քաղաքապետը (1989-1990թթ․) նախկինում էլ է բազմաթիվ անգամ խոսել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցման մասին։
«Հզոր Հայաստանի» մյուս նախաձեռնողը «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է, որը մի քանի գումարման խորհրդարանների պատգամավոր է եղել, իսկ վերջին 2,5 տարիներին գործող իշխանություններին կոշտ քննադատության է ենթարկել առաջին հերթին հակառուսական տրամադրությունների համար։
«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» նախաձեռնության կազմակերպիչների կազմում հետաքրքիր կերպար է ռուսաստանյան սփյուռքի ներկայացուցիչ, Ղրիմի բնակիչ Արմեն Մարտոյանը։ Հայ հասարակությանը նա հայտնի է դարձել «Սամվել» կեղծանունով, երբ կազմակերպում էր Ղրիմի դիմադրությունը այն բանից հետո, երբ Կիևում իշխանությունը զավթեցին Մայդանի կազմակերպիչները։ Մարտոյանը շատ ակտիվ է նաև Ղրիմում, կամավորական ջոկատի հրամանատար է, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր։
«Հզոր Հայաստանի» մյուս երեք նախաձեռնողներն են «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, Գայ Պետրոսյանը («Արդարություն և բարգավաճում» կուսակցություն) և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը։
Հենց այս վեցն են իրենց կուսակցությունների և ՀԿ-ների անունից սկիզբ դրել «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» նախաձեռնությանը։ Նրանք վստահ են, որ իրենց նախաձեռնությունը, որը սկսվել է որպես միանգամայն ինքնուրույն քաղաքական ուժ, շատ արագ կվերածվի հասարակական շարժման։
Իրականում գաղափարախոսական հենքը, որի վրա հիմնվում են «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» նախաձեռնության կազմակերպիչները, բավականին ամուր է։ Չէ՞ որ վերջին մի քանի ողբերգական ամիսներն արդեն ակնառու ցույց են տվել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հետագա մերձեցումն ու ինտեգրումը այլընտրանք չունեն, վստահ են կազմակերպիչները։
Այն, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիությունը չկարողացան (և առանձնապես չցանկացան) ջանք գործադրել Արցախում արյունահեղությունը կանգնեցնելու համար, երբ Արցախի ու Հայաստանի 150 հազարանոց բանակի դեմ կռվում էր 10 միլիոնանոց Ադրբեջանը, որին աջակցում էր ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկը՝ թուրքական, միայն ապացուցեց ակնհայտ փաստը։ Պարզվեց, որ միակ երկիրը, որն ունակ է ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն է, համոզված են «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» նախագծի նախաձեռնողները։
Միաժամանակ այս հասարակական շարժման կազմակերպիչները վստահ են, որ Ռուսաստան-Բելառուս օրինակով միութենական պետություն դառնալու այլընտրանքը թուրքական վիլայեթ դառնալն է։
Դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Արտաշես Գեղամյանը հատուկ շեշտադրեց հենց այն հանգամանքը, որ երկրի ինքնիշխանությունը չի տուժի միութենական պետություն ստեղծելիս, որի համար պայքարում են ինքն ու իր կողմնակիցները։ Նա լրագրողների (իսկ նրանց միջոցով՝ ողջ հանրության) ուշադրությունը հրավիրեց Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի կոնկրետ` երրորդ հոդվածի վրա։
Այնտեղ սև ու սպիտակով գրված է հետևյալը.
1. Միութենական պետությունը հիմնվում է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, կամավորության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքների վրա։
2. Միութենական պետությունը հիմնված է Միութենական պետության և մասնակից պետությունների լիազորությունների տարանջատման վրա:
Ըստ Գեղամյանի` այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման (ինչպես ասում են Ռուսաստանի հետ հետագա ինտեգրման հակառակորդները) որևէ սպառնալիք չկա։
Իսկ Ռուսաստանն ինքը ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել հետագա ինտեգրումը Հայաստանի հետ։ Արդյոք Մոսկվային ձեռնտու չէ՞ ներկա իրավիճակը, երբ կան այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն և այլն։
Հարավկովկասյան տարածաշրջանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվում, որ Ռուսաստանի գլխավոր մրցակիցը դառնում է Թուրքիան։ Իսկ Մոսկվան մեր տարածաշրջանը պարզապես չի զիջի Անկարային։ Չէ՞ որ դա բառացիորեն ռուսական Հյուսիսային Կովկասի շեմին է։ Եվ նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել։ Պաշտոնական Անկարան արդեն քանիցս ակնարկել է, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 25 մլն մահմեդական, ինչը, օրինակ, Պովոլժիեում լուրջ ուժ է։
Այնպես որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» հասարակական շարժման նախաձեռնողները վստահ են, որ Ռուսաստանում պատրաստ են Հայաստանի հետ հետագա ինտեգրման։ Մի երկրի, որը սեպի դեր է կատարում թուրքական աշխարհում։ Այն գոտում, որտեղ Մոսկվան չի կարող լուրջ վտանգ չտեսնել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:
«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։
Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։
Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։
Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:
ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:
Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։
Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։
Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։
Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը
Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։