ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի Sputnik. Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ։ Նման կարծիք է հայտնել արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին:
«Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը»,- նշել է ԱԳ նախարարը:
Վարչապետն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին` այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: Փաշինյանի խոսքով` այժմ գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է. հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը:
Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
«Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը։ Նա նշել է` այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն և պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն:
«Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Կասկած չունեմ նաև, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը»,–ասել է Մնացականյանը։
Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար է նշանակվել ԱԳ փոխնախարար Արա Այվազյանը։ Մինչ այդ` նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։