Նիկոլ Փաշինյան

Շահարկումներն անտեղի են. Փաշինյանը բացատրեց` ինչ է ուզել ասել իր աղմկահարույց գրառմամբ

479
(Թարմացված է 11:58 16.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բառ առ բառ բացատրեց, թե ինչ է ուզել ասել իր գրառմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երեկվա գրառման մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված հեռավար ասուլիսի ժամանակ։

Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ վարչապետը նախադասություն առ նախադասություն բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել։ Նրա խոսքով` առաջնագծում գտնվող տղաներն իրոք շատ դեպքերում շատ խորը վերլուծություններ են անում։

«Ասելով` սպասում եմ ձեզ Երևանում, նկատի եմ ունեցել, որ պատրաստ եմ հանդիպել առաջնագծից եկածների հետ։ Եթե ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո երևում է, որ այդ զինվորից շատերը զորացրվում են ու վերադառնում Երևան։ Նրանք ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ։ Ես էլ հարկ եմ համարել ասելու, որ կկազմակերպենք հանդիպումը»,–ասաց նա։

Փաշինյանը համաձայն է, որ բավականին կոշտ ձևակերպում է համարում իր «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունը։ Սակայն նրա խոսքով` պաշտոնական մարմիններն էլ են օգտագործում նման արտահայտություն։ Նման արտահայտություն անելը նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ վերջնականապես կմարեն խոսակցությունները, որ ՀՀ ղեկավարությունը դավադրությունների մեջ է ներքաշված եղել։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը վստահ է` դավադրություններ չկան, բայց պետք է լսի առաջնագծից վերադարձողներին։

«Խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։ Երեկվա իմ գրառման առնչությամբ շահարկումները համարում եմ անտեղի։ ԱԱԾ–ն, ոստիկանությունն ունեն բավարար ներուժ երկրի ներսում բախումներից խուսափելու համար»,–ասաց վարչապետը։

Նա ասաց նաև, որ նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են ԱԺ ու կառավարություն, այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից գնահատականի չեն արժանացել, նույնիսկ ՀՀ ՄԻՊ–ը չի դատապարտել։

Հիշեցնենք` ՄԻՊ Արման Թաթոյանը Փաշինյանի գրառումը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Վարչապետի գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ  «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

479
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1115)
Ըստ թեմայի
2016թ–ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր. Փաշինյան
Խաղաղապահների տեղակայումից հետո Արցախի բանակն ունենալու է նույն կարգավիճակը. Փաշինյան
Տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց. Փաշինյան
Աղվան Վարդանյան

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

250
(Թարմացված է 15:11 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝  վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

250
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աղվան Վարդանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել
Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Գոռ Գևորգյան

Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

174
(Թարմացված է 13:45 01.12.2020)
Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

«Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին»,–գրել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս հայտարարել էր, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: ևս մեկ պատգամովր «Իմ քայլը» խմբակցությունից` Լուսինե Բադալյանը կրկին նոյմեբերի 16–ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ:

174
թեգերը:
ԱԺ, Հայաստան, Գոռ Գևորգյան, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը

0
(Թարմացված է 15:52 01.12.2020)
Համաձայն դատական կարգի՝ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունեց զենք-զինամթերք անօրինի պահելու և թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքը։ Այդ մասին դատարանին հայտնեց ոչ թե ինքը` Սարգսյանը, այլ նրա պաշտպանը։

«Նարեկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքների հետ համաձայն է, ըստ այդմ մենք միջնորդում ենք դատական նիստերն անցկացնել արագացված կարգով», - ասաց պաշտպանը։

Դատավոր Վահե Միսակյանի հարցին՝ արդյոք Նարեկ Սարգսյանը հաստատում է իր պաշտպանի ներկայացված միջնորդությունը և իր կողմից մեղադրանքներն ընդունելու փաստը, Սարգսյանը դրական պատասխանեց։

Համաձայն դատական կարգի՝ Նարեկ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները, նա կարող է վիճարկել միայն պատժին վերաբերող հատվածը։

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին: Նշենք, որ Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը և Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արամ Արամյանը։

Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանը չպատասխանեց  հարցին, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի վերաբերյալ՝ ասելով, որ այդ մասին կխոսի դատաքննությունից հետո։

Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը 2019–ի դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։ ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

0
թեգերը:
Զենք, թմրամիջոցներ, Սերժ Սարգսյան, Ֆրանկլին Գոնսալես, Մեղադրանք, Դատարան, դատ, Նարեկ Սարգսյան