Գորշ գայլերի  կողմնակիցներ

Ինչ է ուզում թուրքը հայից, կամ Ֆրանսիայում պետք է իրերն իրենց անուններով կոչեն

508
(Թարմացված է 21:48 07.11.2020)
Վերջին շաբաթների իրադարձությունները կրկին հիշեցրին, որ «քաղաքական իսլամը» հայերի, հույների և աջակողմյան եվրոպացիների հորինածը չէ։ Իրար հաջորդած ահաբեկչությունները բոլորին մտահոգեցին։ Կառավարության որոշմամբ արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը։

«Գորշ գայլերը» հին պատմություն են

Դեռ դժվար է իսլամիստների և մասնավորապես թուրք արմատականների միջև ուղիղ կապ գտնել, բայց կարևոր այլ բան կա. ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանն ընդգծում է՝ թուրք ազգայնականների հետևում կանգնած են Ֆրանսիայում գործող թուրքական հյուպատոսությունները, որոնց թիվը քիչ չէ (8),  և 2011-12 թվականներին այդ հյուպատոսություններն օգնեցին Ֆրանսիայի թուրքերին հավաքել Ցեղասպանության քրեականացման մասին օրենքի դեմ կազմակերպած հանրահավաքին։

«Թուրքական հյուպատոսություններն այդ կազմակերպություններին գործելու անմիջական ցուցումներ են տալիս։ Մանավանդ երբ երթն անցկացվում էր Լիոնում և Ֆրանսիայի արևելքում, որտեղ թուրքերը խոշոր համայնքներ ունեն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եկավյանը։

Ֆրանսիայի իշխանությունը ներքին զորքերին կանգնեցրել է հայկական եկեղեցիների ու դպրոցների դիմաց, բայց Վիեն քաղաքի մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած գիշերային երթի կազմակերպիչներին դեռ չի ձերբակալել, թեև այնտեղ ազգայնական բնույթի սպառնալիքներ են հնչել։

Տեսագրություններում կարելի է մուգ ակնոցով մարդու նկատել, որը մուրճով զինված մասնակցում էր հայերի երթի վրա հարձակում գործելու փորձին։ Բոլոր այդ նյութերն Ֆրանսիայի ոստիկանությունում են, սակայն այդ մարդը մինչ օրս ձերբակալված չէ։

«Մենք պետք է ցույց տանք, որ սրանք հայերի ու թուրքերի բախումներ չեն, այլ հարձակում Ֆրանսիական հանրապետության արժեքների վրա», – նշեց Եկավյանը։

Երբ հարևան երկու երկրներում փորձում են հայերին ներկայացնել որպես ահաբեկիչներ, միշտ հիշում են ASALA-ին, որը 70-80–ականներին հարձակվել էր թուրք դիվանագետների վրա։ Սակայն ոչ ոք չի հիշում նույն «Գորշ գայլերին», որոնք նույն այդ տարիներին արտերկրում, այդ թվում՝ Ֆրանսիայում, հայերի դեմ ահաբեկման ակտեր էին իրականացնում։

«Այսօր մենք շատ դեպքերում տեսնում ենք այն ժամանակ տեղի ունեցածի  կրկնությունը», – ընդգծեց Եկավյանը։

Շատ լավ է, որ կառավարությունը որոշել է արգելել «Գորշ գայլերին», բայց պետք է կալանավորեն նաև ազգային ատելության կոչերի բոլոր մեղավորներին։ Եվ ոչ միայն կոչերի, այլև մուրճերով և դանակներով հարձակումների։ Ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք, – ասում է Բուղ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Գրեգուար Թաֆանքեջյանը։

Որտեղի՞ց են նրանք զենք գտնում

Հրամանագիրը ոչ միայն արգելեց «Գորշ գայլերին», այլև նրանց սահմանում տվեց։ Դատարանի առաջ կկանգնեն շարժման խորհրդանիշն օգտագործելու, ինչպես նաև  մատներով գայլի գլուխ պատկերող նշանը (հիշեցնում է «Հաջողության ջենտլմենները» ֆիլմից բանտի դրվագում նկարահանված հայտնի ժեստը) հրապարակավ կիրառելու դեպքում։ Սահմանման համար հիմք է վերցվել «Գորշ գայլերի» հետ կապված մի միջադեպ, երբ նրանք փորձել են հարձակվել Լիոնից քիչ հեռու գտնվող Դեսին Շարպիո քաղաքում ցույց կազմակերպած հայերի վրա։

«Գորշ գայլերի» գործողությունների, այդ թվում՝ ASALA–ի և Քրդական աշխատավոր կուսակցության ակտիվիստների վրա մահափորձերի ղեկավարները Աբդուլա Չաթլին (սպանվել է 1996 թվականին) ու Օրալ Չելիկն էին, որոնք կապեր են ունեցել թուրքական հետախուզության հետ։

Ինչպես նշվում է «Գորշ գայլերի» արգելքին վերաբերող կառավարական որոշման մեջ, այդ խմբավորումն անցյալում երիտասարդների համար մարտական ճամբարներ է կազմակերպել, այդ թվում՝ Արդեշում։

«Այժմ մեր խնդիրն է պարզել, թե որտեղից են նրանք զենք գտնում։ Մենք ուզում ենք, որ ՆԳՆ–ն լրջորեն զբաղվի դրանով», – ասում է Nouvelles d’Armenie հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը։

Ինչպես Եկավյանը, Թորանյանը ևս կարծում է, որ ֆրանսիական հասարակության մեջ պետք է իրերն իրենց անուններով կոչել։

«Հայերը թուրքական թաղամասերի վրա չեն հարձակվել, իսկ թուրքերը հայկական թաղամասերի վրա հարձակվել են։ Ամեն ինչ չափից դուրս պարզ է», – ընդգծում է նա։

«Հայտնի անհայտները»

Ֆրանսիայում թուրք ազգայնականները թշնամաբար են տրամադրված ոչ միայն հայերի, այլև նույն թուրքական ձախակողմյան մտավորականության, ինչպես նաև քրդերի, ալևիների և հույների նկատմամբ։

Լիոնում մի քանի օր առաջ ծանր վիրավորվել էր հունական ուղղափառ եկեղեցու քահանան։ Հակաահաբեկչական հետաքննությունը դեռ չի սկսվել, այժմ իրավապահները պետք է գտնեն նաև այդ հարցերի պատասխանները։

Այս ամենից բացի, անհայտ անձինք Փարիզից քիչ հեռու գտնվող Սարսել քաղաքում վնասել են Հայոց ցեղասպանության հիշատակին կանգնեցված հուշակոթողը։ Այդ քաղաքում ասորիների (ժողովուրդ, որը հույների պես, ամբողջ աշխարհում սատարում է հայերին) խոշոր համայնք է  բնակվում։

«Ապացույցներ դեռ չկան, բայց կարելի է ենթադրել, թե ով կարող էր դա անել։ Այդ հուշակոթողը երկար տարիներ կանգնած է եղել, և որևէ մեկը չի փորձել վնասել։  Իսկ հիմա, կարծես զուգադիպությամբ, հարձակումն իրականացվում է այն ժամանակ, երբ Էրդողանն ամենուր ցուցադրում է իր իրական դեմքը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց Ֆրանսիայի ասորա–քաղդեական համայնքի ակտիվիստ, Սարսել քաղաքից քիչ հեռու գտնվող Վիլե–լե–Բելի փոխքաղաքապետ Դանիել Օգյուստը։

Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի ասորիներն իրենց ասոցիացիաների և եկեղեցու միջոցով արդեն զգալի գումարներ են հավաքել Հայաստանին օգնելու համար. ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի ասորիներին, այլև Հայաստանին ընդհանուր առմամբ։  Նյութական օգնությունից բացի, ասորիները ինքնակազմակերպվել են նաև սոցցանցերում։

«Մեր աջակցությունը համեստ է, բայց անկեղծ», – ընդգծեց Օգյուստը։

Հարցին, թե իր հայրենակիցներն ինչ վիճակում են Սիրիայում և Իրաքում, Օգյուստը շեշտեց՝ թեև ԻԼԻՊ–ի դեմ պայքարում  բեկում է եղել, բայց իրավիճակն ամենևին էլ հանգիստ չէ։ Ընդ որում՝ այստեղ այսպես կոչված միջազգային հանրության արձագանքն ըստ էության նույնն է, ինչ հայերի դեպքում. Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին բարձրաձայն ցավում են, իսկ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և եզդիների մասին նույնիսկ չեն հիշում։ Բայց ո՛չ առաջին դեպքում են ինչ-որ բան ձեռնարկում, ո՛չ էլ երկրորդ։

Վատն այն է, որ վտանգ կարելի է սպասել սեփական հարևաններից` արաբներից և քրդերից, որոնք 2014-15 թվականներին պատրաստակամությամբ դառնում էին ԻԼԻՊ–ի հանցակիցներ ու «պոլիցայներ»` հանուն «աշխարհի կրոնի»։

Ընդ որում՝ եզդիները նույնիսկ ավելի շատ են տուժել, քան մենք` քրիստոնյաներս, բայց միջազգային հանրությունն այդ մասին ևս լռում էր, քանի որ «քաղաքակիրթ» ընթերցողին ավելի շատ հետաքրքրում է, թե ով որտեղ է հանվել և ով ումից է բաժանվել։

«Ինչպես և նախկինում, հիմա էլ ասում եմ, որ շատ կարևոր է հայերի, ասորիների, հույների համերաշխությունը։ Ցավոք, մենք կրկին ինքներս մեր հույսին ենք մնացել, ինչպես 1915 թվականին։ Փողը դարձյալ մարդկային արժեքներից ավելի կարևոր է դարձել։ Մնում է միայն հուսալ և օգնել միմյանց», – ասաց Օգյուստը։

508
թեգերը:
հայեր, Թուրք, Գորշ գայլեր, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիան Թուրքիային ճնշելու լծակներ ունի
Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է
Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

301
(Թարմացված է 22:39 04.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

301
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օնիկ Գասպարյան

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

558
(Թարմացված է 21:19 04.03.2021)
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարան, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Անգամ այն պարագայում, եթե ՀՀ նախագահի ստորագրությամբ կամ առանց դրա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրն ուժի մեջ մտնի, կա իրավական այլ ճանապարհ այդ հրամանագիրը չեղարկելու։

Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը կարող է դիմել վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի որոշումը, և վարչական դատարանը կարող է կասեցնել հրամանագիրը մինչև դատական վերջնական որոշման կայացումը։ Այնպես որ դեռ ամեն ինչ վերջացած չէ»,– ասաց Վարդան Այվազյանը` համոզմունք հայտնելով, որ անգամ պաշտոնանկության հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Օնիկ Գասպարյանն այս կերպ դեռ շարունակելու է պաշտոնավարել։

Վարչական դատարան դիմելու համար, սակայն, անհրաժեշտ է, որ վարչապետի միջնորդությունն ու դրա հիմա վրա ՀՀ նախագահի հրամանագիրն իրավական ուժ ստանան` մտնեն ուժի մեջ։

Նշենք` իր այս իրավունքից արդեն իսկ օգտվել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը` վարչական դատարանում բողոքարկելով իր ազատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, որն իրավական ուժ էր ստացել 2021թ–ի փետրվարի 24-ին։

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարանին` Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

«Նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և վարչապետի միջնորդությունը լրիվ տարբեր խնդիրներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող։ Հանրապետության նախագահը պետք է ամենից առաջ ՍԴ–ում վիճարկեր վարչապետի միջնորդությունը։ Իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահը միաժամանակ երկու հարցով էլ դիմեր ՍԴ և բողոքարկեր ինչպես օրենքի տվյալ հոդվածի, այնպես էլ վարչապետի միջնորդության սահմանադրականությունը»,– ասաց սահմանադրագետը։

Հիշեցնենք` նախագահի դիմումում վիճարկվում է ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով, ըստ էության, սահմանվում է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի նշանակումն ու ազատումը։

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

Ուստի Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, և արդյո՞ք այդ որոշումը որևէ կերպ կարող է ազդել ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Մասնագետի դիտարկմամբ` սա ոչ միայն չի հանգուցալուծի իրավիճակը, այլև կարող է էլ ավելի խճճել այն։ Բանն այն է, որ այդ օրենքի հիման վրա է վարչապետը փորձում պաշտոնից ազատել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, այլ նրանից առաջ արդեն իսկ ազատել է Արտակ Դավթյանին ու Մովսես Հակոբյանին։

«Այսինքն, եթե հետին թվով դիտարկելու լինենք, երեքն էլ պետք է վերականգնվեն ԳՇ պետի պաշտոնում։ Կունենանք միանգամից 3 ԳՇ պետ»,– ասաց իրավաբանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

558
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, Սահմանադրություն, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Горная дорога в Сюникской области Армении

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

0
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս