Զոհրաբ Մնացականյան

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

820
(Թարմացված է 09:14 10.10.2020)
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ բավականին փխրուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մեզ համար առաջնային խնդիրն էր հասնել մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ մոտ 11 ժամ տևած բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ հարցազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ իրավիճակ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի կողմից բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ որ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը` հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ բավականին փխրուն։

Նա ընդգծել է` կրակի դադարեցման հասնելն անհրաժեշտ էր, քանի որ տարածաշրջանի և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավականին լուրջ մարտահրավեր։

«Որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ այն ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- նշել է նախարարն ու շեշտել, որ այս պահին առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն էր։

Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը, որպեսզի հնարավոր լիներ իրական, գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որն առանձին–առանձին տեղի էր ունենում ՌԴ և Ադրբեջանի նախագահների, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև։

«Մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրանց իրականացմանը։ Ես հիմա հուսով եմ, որ մենք կկարողանանք ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին»,– ասել է նա։

Մնացականյանը նաև հավելել է, որ խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը շարունակում է մնալ մեր հայրենակիցների անվտանգությունն ու նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

Խոսելով կայացած բանակցությունների ընթացքի մասին` նախարարն ընդգծել է` դրանք բավականին բարդ էին։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշակի գործողություններ, որպեսզի հումանիտար բնույթի հարցեր լուծվեն։
Մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, դա կրակի դադարն ամրագրելն է ու նաև այն մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարն ու ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը»,– ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ այստեղ կարևոր դերակատարում ունեն Ռուսաստանն ու համանախագահ երկրները։

Նրա խոսքով` բանակցությունների արդյունքում արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ ամրագրված են իրարից բխող քայլեր, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում տարածաշրջանում, կայունության, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում ու ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը մեր երկրի համար առաջնային նպատակ է։

Հիշեցնենք` Մոսկվայում ժամեր առաջ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արցախում ստեղծված իրադրության շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո Լավրովը լրագրողներին հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են հետևյալ քայլերի մասին` 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան, հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով, կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

820
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ–ի շենքը
Ադրբեջանա-թուրքական կողմը տապալել է իր առջև դրված մարտական օպերացիան. Արծրուն Հովհաննիսյան
Թուրքիան պարտվում է նեոօսմանիզմի համար առաջին մարտում. Հարությունյանը` պատերազմի մասին
Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան հանդիպումը մեկ օրով հետաձգվել է

853
(Թարմացված է 12:15 29.10.2020)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 29-ին Ժնևում պետք է հանդիպում ունենային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրներին:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է և կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

853
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան
ԲՀԿ պատգամավորներ

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա

685
(Թարմացված է 22:39 28.10.2020)
Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի, այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հրատապ գործուղվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

685
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մոսկվա, Գագիկ Ծառուկյան, Վահե Էնֆիաջյան, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հրադադարի կոչ է արել
Լավրովն ու Դրիանը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները
Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից
Գերագույն հոգևոր խորհուրդ

Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Հոգևոր խորհուրդ

0
(Թարմացված է 15:29 29.10.2020)
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լիահույս է` Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

«Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդն ասում է, որ այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Ըստ խորհրդի` Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0