ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երթը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» կարգախոսով. պահանջը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։ Երթի մասնակիցները Մատենադարանի մոտից շարժվում են դեպի նախարարություն։ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ այս հարցում բաց են համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, որոնց հետո չունեն սկզբունքային և մարտավարական տարաձայնություններ և որոնց նպատակներն ազնիվ են։ Նրա խոսքով՝ արդյունքի հնարավոր է հասնել հանրային համախմբման շնորհիվ։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ այսօր կատարած այն հայտարարությանը, թե «ՀՅԴ-ի դեմ քրեական գործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է», Վարդանյանը նշեց, որ ամեն անգամ, երբ իրավիճակը լարվում է, նախարարը քրեական գործերով է սպառնում։ Նրա կարծիքով՝սա վկայում է այն մասին, որ եթե կան խախտումներ, նախարարը թաքցնում է դրանք և օգտագործում է իր քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես «կոմպրոմատներ»։
«Մենք կաշկանդված չենք որևէ քրեական գործով։ Ով խախտել է ՀՀ օրենսդրությունը, պետք է պատասխան տա, բայց նախարարի պնդումներն այնքան անհիմն են, որ դեռ ընթացքի մեջ գտնվող գործերը նա վերագրում է մեկ քաղաքական պաշտոնյայի և նրան մեղադրում ինչ-որ հանցանքներում։ Այդ դեպքում մենք էլ իրեն ենք մեղադրում, որովհետև նման մի գործով հիմա իր փոխնախարարներից մեկն է անցնում»,- հայտարարեց Վարդանյանը՝ նշելով, որ մերժում են «կոմպրոմատային քաղաքականությունը»։
Ասում է՝ եթե հիմնավոր փաստեր կան, պատրաստ են նրա հետ գնալ, ոստիկանությանը հանձնել այդ պաշտոնյային, միայն թե մի պայմանով՝ դրանից հետո ինքը պետք է հրաժարական տա։
Մի քանի րոպե` լրատվամիջոցների հետ Արայիկ Հարությունյանի «ջերմ» շփումից. տեսանյութ
Նրա խոսքով՝ այսօր կազմակերպված երթը 11 ամիս առաջ սկսած պայքարի շարունակությունն է, որը պարզապես ընդհատվեց համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման նկատառումներով։ Պայքարի հարցում վճռական են, կանգ չեն առնելու մինչև տրամաբանական ավարտին չհասնեն։
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։



