ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները դադարեցնելու հայտարարությանը։
«Բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի: Պետք է սկզբունքայնություն դրսևորել: Այո, ռիսկեր կան, բայց մենք միշտ գնացել ենք ռիսկի և հաջողել ենք: Չեն ուզում բանակցել, ուրեմն չենք բանակցի: Երբ իրենք հասկանան, որ բանակցությունների այլընտրանք չկա, դրանք կվերականգնվեն»,–ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով` շատ վտանգավոր է, երբ մարդիկ չեն հասկանում հարցի կարևորությունը, բայց զբաղվում են այդ հարցով:
«Պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը, բանակցությունները պետք է բխեն այդ հռչակագրից: Ամեն ինչի համար հիմք է պետք: Եթե դրանք չկան, կամ եթե օրական մի հիմք ես գտնում, դրա հետևանքները լավ չեն լինում», - ասել է նա:
Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հիմա փաստացի բանակցություններ չկան, որևէ օգուտ չկա նաև ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսներից։ «Դա ԵԱՀԿ ՄԽ գործունեության իմիտացիա է միայն: Եթե բանակցությունները չլինեն առարկայական, ապա մենք դրանց չենք մասնակցի»,– շեշտել էր նա։
Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։
Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հատ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։


