Հայաստանի իշխանությունները վերադարձել են այն թեզին, որ անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծել միջադեպերի միջազգային մոնիթորինգի համակարգ:
Նշված հարցին օրեր առաջ զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»,– ասել էր նա։
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ նախևառաջ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համար դա առաջնակարգ նշանակություն ունեցող հարցերից է, որը կարող է իրապես նպաստել բանակցային գործընթացի առարկայացմանն ու ավելի արդյունավետ դարձնելուն, և երկրորդ՝ դա կտա ավելի կառուցողական լուծում հիշյալ հարցին՝ բարձրացնելով Մինսկի խմբի միջնորդական առաքելության արդյունավետությունը, ներգրավվածության մակարդակը բանակցային գործընթացում: Հարցը հանգամանորեն քննարկվել էր նաև Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում:
«Ի վերջո դրական իմաստով նման ճնշումներն իսկապես անհրաժեշտ են, որպեսզի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գա բանակցային սեղանի մոտ, ինչը հնարավորություն կտա բանակցել հստակ, առարկայական հարցերի շուրջ, որ խաղաղությանն իրոք այլընտրանք չլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը:
Վերանյանի կարծիքով՝ Ադրբեջանն ամեն անգամ դիմում է սադրանքների, միջազգային հանրությունը դատապարտում է, բայց այդ ամենը կրում է շարունակական բնույթ:
«Այս տրամաբանությունը փոխելու համար անհրաժեշտ է, որ միջազգային միջնորդների համակարգը դառնա ավելի թիրախային և չսահմանափակվի զուտ հայտարարություններով կամ շփման գծում դիտորդական մոնիթորինգ իրականացնելու առաքելությամբ: Խնդիրն ավելի խորքային է»,- նշեց փորձագետը:
Նրա գնահատմամբ՝ մոնիթորինգի համակարգը չի բավարարում հայկական կողմին այն ձևաչափով, որով հիմա աշխատում է, այսինքն՝ դիտորդներն արձանագրում են սահմանային տեղաշարժերը, Ադրբեջանի կողմից նախաձեռնվող գործողությունները, որոնք հանգեցնում են սահմանային միջադեպերի, այնուհետև գրանցված արդյունքները փոխանցվում են համապատասխան ինստիտուտին, որն իր հերթին հանդես է գալիս հայտարարություններով, սակայն այդ ամենը թիրախային լուրջ հետևանքներ չի թողնում ո՛չ միայն բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զսպելու ուղղությամբ, հետևաբար դիտորդների մոնիթորինգային առաքելության ընդլայնման և մակարդակը բարձրացնելու խնդիր կա:
Վերանյանի համոզմամբ՝ միջնորդները պետք է օժտված լինեն իրավական, տնտեսական պատժամիջոցներ կիրառելու գործառույթներով, ինչի շնորհիվ կկարողանան ավելի խորքային մոտեցում ցուցաբերել գործընթացներին, որոնք խաթարում են ընդհանուր կայունությունը տարածաշրջանում:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ի հեճուկս հայ գերիներին վերադարձնելու միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին, Ադրբեջանի նախագահն իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումներն արդարացնում է փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայ գերիների մասին արած հայտարարությանը։
«Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն»,– ասել է Նաղդալյանը։
Հիշեցնենք` փետրվարի 26-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Հավելենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում` Հադրութ, Շուշի ու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրեր։
Այս մասին «Արմենպրես»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը»,– ասել է նա։
Ըստ Նաղդալյանի, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտրարությունից ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և որ այդ հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը:
«Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել»,– ասել է Նաղդալյանը:
Նրա գնահատմամբ, նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով իրականում ընդամենը փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության իր տխրահռչակ քաղաքականությունը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։
«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։
«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու և դրանց իրավական որակում տալու հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։