Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

209
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

209
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

61
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

61
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

94
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

94
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Արմեն Սուքիասյան

Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք, կամ տոտալ լռություն ցունամիից առաջ

0
(Թարմացված է 21:13 04.08.2020)
Հայաստանում այս օրերին շատ է քննարկվում, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` շատ է տուժել նաև ժամանցային ոլորտը։ Ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները, ում են դիմել ու ինչ արձագանք են ստացել, Sputnik Արմենիան փորձել է պարզել պրոդյուսեր Արմեն Սուքիասյանից։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ժամանցային ոլորտը սարսափելի վիճակում է։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` տնտեսությունը մեծ վնասներ է կրում, որի աղետալի հետևանքները կտեսնենք կես տարի անց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանաչված պրոդյուսեր, մի շարք մեգանախագծերի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

Խնդիրը կարգավորելու, փոփոխություններ անելու, ոլորտն առողջացնելու համար Սուքիասյանը դիմել է տարբեր գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, բայց, ասում է` պատասխանատուներն այնքան էլ շահագրգռված չեն կամ ի զորու չեն խնդիրները լուծելու։

«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունում ունենք կառավարման զրոյական փորձով գործիչներ, որոնք հասարակական սեկտորից դարձել են կառավարիչներ։ Ենթադրենք` մյուս ընտրություններում նրանք բավարար ձայներ չհավաքեն և չկազմեն մեծամասնություն, ինչո՞վ են զբաղվելու։ Շարունակելո՞ւ են քաղաքական կարիերան, թե՞ մտածում են` հայկական կամ միջազգային խոշոր ընկերությունները նստած սպասում են` այս կամ այն նախարարը երբ է թողնելու քաղաքականությունը, որ կանչեն մի կառավարիչի պաշտոն տան»,-ասաց պրոդյուսերը։

Արմենը վստահ է, որ բնության մեջ բացարձակ լռությունը տագնապալի է, պետք է անհանգստանալ, քանի որ տոտալ լռությունից հետո միշտ ցունամի է լինում։ Հիմա մենք այդ տոտալ լռության մեջ ենք ու այդ ցունամին, որը ավերիչ հետևանքներ կունենա՝ գալու է։

«Այժմ բոլորս մի նավի մեջ ենք։ Կան մարդիկ, որ այդ նավը ճոճում են։ Ես չեմ ուզում լինել նավը ճոճողներից մեկը, այլ ուզում եմ օգնել, որ նավապետն իր անձնակազմով մեզ տանի տեղ հասցնի, որովհետև խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու»,-շեշտեց նա։

Արմենը լիահույս է, որ օգոստոսի 12-ից արտակարգ դրության ձևաչափը կփոխվի ու պարետատունը շատ բաներ կթույլատրի, որովհետև ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը ու կորոնավիրուսի դեմ հայկական պայքարը չի գործում։

Չնայած բարդ իրավիճակին` Արմենն իր թիմով ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են այն ծրագրերի վրա, որոնք պարետատունը թույլ է տալիս։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` հերթական նախագծի ժամանակ

«Հիմա ընտրել ենք ավելի փոքր նախագծեր, որոնք այս պահին հնարավոր է իրականացնել։ Մեր թիմով (FunnyMen փրոդաքշն) տասնյակ հաղորդումների վրա ենք աշխատում: Ունենք նոր երաժշտական նախագիծ, որը կոչվում է «Shazat»։ Այն բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ունենք նախագիծ, որը կոչվում է «Երկու գնդակների արանքում», դա ավելի աբսուրդ հումորի մասին է։ Վերջին օրերին ևս մեկ հաղորդում նկարահանեցինք, որը կոչվում է «10-ի Բ», որտեղ հայտնի մարդիկ փորձում են իրենց գիտելիքներն ու մրցում են դպրոցականների հետ։ Այս պահին աշխատում ենք նաև 2 սերիալների և մեծ ինտելեկտուալ հաղորդման վրա»,-մանրամասնեց Արմենը։

Продюсер Армен Сукиасян (в середине), Владимир Зеленский (справа) и соавтор проекта Лига Юмора Арам Меликян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` ընկերների հետ

Պրոդյուսերի խոսքով` համավարակից առաջ ունեցել են 2 մեծ TV նախագծեր, որոնք պետք է ցուցադրվեին հեռուստաընկերություններից մեկով։ Դրանք չեղարկել են, որովհետև նման ֆորմատի հաղորդումնեը խելամիտ չէր լինի նկարել 20 հանդիսատեսով։ Նա նշեց, որ դեռ բանակցությունների փուլում են և փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Պրոդյուսերի խոսքով ՝ այսօր հումորի նշաձողը Հայաստանում շատ ցածր է, որն էլ ավելի է բարդացնում ժամանցային և հումորային արտադրանք ստեղծելն ու մատուցելը։ Մարդիկ կարող են ինչ-որ հաղորդումից կտոր վերցնելով Tik-tok նկարել, ստեղծել անորակ մի բան, որն առցանց տիրույթում մեծ դիտումներ է հավաքում։ Իսկ երբ մարդն ունի թատերական կրթություն, աշխատել է իր վրա ու նստում, լուրջ սցենար է գրում և հումոր ստեղծում, որի վրա մարդիկ պետք է մտածեն, հասկանում է, որ նրանք այլևս չեն ուզում մտածել։

Продюсер Армен Сукиасян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

«Բայց մենք չենք հարմարվում ու անընդհատ փորձում ենք հասարակությանը ցույց տալ, որ հումորը պետք է ունենա կառուցվածք, ունենա պարադոքս, մարդկանց մտածելու տեղիք տա»,-ասաց նա։

Անդրադառնալով հումորի ուղվածություններին` Արմենը մեջբերում է ՈՒՀԱ–ի (КВН) հաղորդավար ու հիմնադիր Ալեքսանդր Մասլիկովի խոսքերը՝ «Как живем, так и шутим» (Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք)։

Վստահ է՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակն է առաջին տեղում, գերիշխելու է քաղաքական հումորը, կլինի մշակույթը կամ սպորտը, ապա հումորն այդ ուղղվածության կլինի։

Արմենը շեշտում է՝ Հայաստանում հնարավոր է գրագետ քաղաքական հումոր անել, սոցիալական հարցեր բարձրացնել ՝ չվիրավորելով անձը, բայց կա քաղաքական որոշում, որ այս կամ այն TV-ին չի ցանկանում հարաբերությունները փչացնել տվյալ քաղաքական ուժի հետ, և այդ հումորների համար պարզապես տեղ չի գտնվում եթերում։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

0
թեգերը:
Արմեն Սուքիասյան, պրոդյուսեր, հումորներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը