Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

314
(Թարմացված է 15:27 08.05.2020)
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի գնահատականը, ներողություն խնդրեց ականատեսներից ու հիշեցրեց շաբաթներ առաջ Մարուքյանի` ԱԺ փոխնախագահի հասցեին հնչեցրած հայհոյանքը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության գնահատականն ԱԺ ամբիոնից հնչեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախ ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և մեր բոլոր այն հայրենակիցներից, որոնք ականատես դարձան միջադեպին: Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը:

Իշխող խմբակցության ղեկավարի խոսքով` ամեն ինչ սկսվել է Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի ընդունումից ու այն պահից, երբ դրա մասին իր դիրքորոշումը հայտնեց «Լուսավոր Հայաստանը»՝ «կողմ» չքվեարկելով այդ նախագծին:

«Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Նկատի ունեմ այն, որ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ՝ այս գումարման ընթացքում, նախորդ գումարման ընթացքում, երբեք իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում: Եվ ամեն ինչ սկսվեց այն պահից, և այս միջադեպը հենց դրա հետևանքն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում, ուղիղ եթերում, ի լուր համայն հայության, համայն աշխարհի հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն ո՛չ ԱԺ փոխնախագահից, ո՛չ ԱԺ պատգամավորներից ու ՀՀ քաղաքացիներից»,- ասաց Մակունցը:

Նա նաև հայտնեց, որ այդ միջադեպին որոշ գործընթացներ են հաջորդել նաև ԱԺ նիստերի դահլիճից դուրս: «Իմ քայլի» ղեկավարը հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել ու «Իմ քայլին» ներքաշել այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առաջ անբարենպաստ լույսի ներքո կներկայացնեն իրենց:

«Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»,- ասաց նա:

Նշենք, որ Մակունցի ելույթի պահին «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նիստերի դահլիճում չէր: Մինչ այդ խմբակցությունն արդեն լքել էր նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված` կորոշի իր ապագա անելիքները խորհրդարանում:

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ, որը սկսվեց այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում: «Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը շիշը ժամանակին հեռացրեց: Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության, ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

314
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Լիլիթ Մակունց, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»
Այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է. Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը
ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

16
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

16
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

174
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

174
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

0
(Թարմացված է 12:30 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում