ՀՀԿ

Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

201
(Թարմացված է 22:23 06.02.2020)
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել, որով խնդրել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունների գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

«Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները»,–ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող։ «Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ։

Տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին»,–նշում է ՀՀԿ անդամները:

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

Ըստ նրանց, առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից:

«Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության,  իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին։ Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում»,–ասված է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով Հայաստանի պետականությանը սպառնացող այս արկածախնդրության ողջ վտանգներն ու հետևանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

• Արձանագրում է, որ նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք:

• Պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ:

• Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին:

• Նախազգուշացնում է, որ նման գործողությունները հարված են հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրին։

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել և օրակարգում ընդգրկել 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում էր նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը ներկայացրած վերջնական նախագծով «Իմ քայլն» առաջարկում էր ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը դնել համաժողովրդական հանրաքվեի։

Ավելի քան 7 ժամ տևողությամբ արտահերթ նիստում ԱԺ–ն քննարկեց ու չընդունեց ներկայացրած օրինագիծը` դրանով ապահովելով այդ օրինագիծը հանրաքվեի դնելու հնարավորությունը։

201
թեգերը:
հանրաքվե, Սահմանադրական դատարան, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
Հանրաքվեի դրվելու համար սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է տապալվի. ինչպե՞ս
Մարդակերները ժողովրդավարությունից են խոսում. Ալեն Սիմոնյանը բաց ակնարկներ արեց ԱԺ ամբիոնից
ԱԺ–ն քննարկում է ՍԴ–ի հարցը. հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ։ Sputnik–ի ռադիոեթերը` ուղիղ