ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր դրեց մանդատը: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա գրառում է արել` հայտնելով իր որոշման մասին։
Արդեն հայտնել էինք, որ Հարթենյանը Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:
«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ ձեր ներողամտությունը (ավելի վաղ գրել էր «իմ ներողամտությունը», հետո խմբագրեց գրառումը) և անհամատեղելի համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում։ Ես վայր եմ դնում մանդատս»,–գրել է նա։
Հիշեցենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ էր գումարել Հենրիկ Հարթենյանի պահվածքը քննարկելու համար։ Նիստից հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ` ասելով, որ խնդրել, հորդորել են Հարթենյանին մանդատը վայր դնել, քանի որ խմբակցության համար անընդունելի է Հարթենյանի պահվածքը։
«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք
Մինչ այդ արդեն սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել Հարթենյանի գրառման շուրջ, իսկ ավելի ուշ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրեցին, որ դա ոչ թե Հրայր Թովմասյանի դստեր, այլ մեկ այլ օգտատիրոջ էջ է։
Այնուամենայնիվ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի» որակեց Երևանի ավագանու անդամի պահվածքը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվող Սահմանադրության փոփոխությունների նախագծին և մանրամասներ հայտնել։
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:
Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):
Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:
Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել:
Ինչ կտան երկրին շտապ արված ընտրությունները. նախկին պատգամավորը` իրավիճակից ելքերի մասին
Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում 2021-ին արտահերթ ընտրությունների հարցով: Ավելի ուշ նա Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակից բացի առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու նաև այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հարց բարձրացրեցին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով»,- գրել է Մարուքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։
«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:
«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։
Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: