ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Նախկին իշխանության ներկայացուցիչները հույս ունեն օգտագործել իրենց վերջին շանսը` Արցախում նախագահական ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեն բոլորի կողմից և ժողովրդի կողմից մերժված ինչ–որ մեկին ինչ–որ մանիպուլյացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ։ Բայց դա էլ չի ստացվելու, որովհետև ՀՀ ևԱՀ ղեկավարների ու իշխանությունների համար այս սցենարը պարզ է, այս սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ են։ Այս սցենարը պարզ է նաև Արցախի ժողովրդի համար»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ որոշ քաղաքական ուժեր կառավարությանը մեղադրում են Արցախի հարցում ոչ հայանպաստ քաղաքականություն վարելու համար։ Փաշինյանի խոսքով` արտահայտվում է այն տեսակետը, թե եթե Արցախում ընտրվի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար։
«Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, այդ գյոզալ ժառանգությունն այս իշխանությունը կորցրեց»,– ասաց Փաշինյանը` վկայակոչելով ԼՂ բանակցային պրոցեսի մասին մի հրապարակում, որտեղ նշված է, թե ինչ փուլում է Սերժ Սարգսյանն ընդհատել դրանք։
«ԼՂ 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի հովանու ներքո, ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով, ԼՂ վերջնական իրավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին` նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները,– մամուլում հրապարակված փաստաթղթից մեջբերեց Փաշինյանը` շեշտելով, որ այն հրապարակվելուց հետո չի հերքվել նախորդ իշխանության կողմից, –Ադրբեջանի իշխանությունները կմտնեն այդ 7 շրջանները այն բանից հետո, երբ այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն ներկայում այնտեղ գտնվող զինված ուժերը»։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ԼՂ նախագահի բոլոր թեկնածուներին` ներկայացնել իրենց դիրքորոշումն այս փաստաթղթում նշված կետերի մասին։
«Թող Արցախի ժողովուրդն ասի` այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Թող Հայաստանի ժողովուրդն ասի` այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է ընդունելի տարբերակը, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ երբ դարձել է ՀՀ վարչապետ, իրեն առաջարկվել է բանակցությունները շարունակել ընդհատված կետից։ Այդ առաջարկի պատասխանն ինքը հնչեցրել է 2019թ–ի մարտին ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։
Նշենք, որ այդ նիստի իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես ասել էր, որ Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում։
Սա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, նախապայման չէ, այլ լեգիտիմության հարց։
Հիշեցնենք` Արցախում համապետական ընտրություններ կանցկացվեն 2020թ-ի մարտի 31-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։
Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։
Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։
Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին
Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։
Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։
Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։
Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։


