Դավիթ Խաժակյան. արխիվային լուսանկար

Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանու կազմում. ԼՀԿ–ն բացատրել է իր որոշումը

28
(Թարմացված է 16:08 23.12.2019)
ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբեր — Sputnik. Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երևանի ավագանու կազմում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը։ 

Հիշեցնենք`դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:

«Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետևեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս: Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ «Լույս» դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է»,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու

Նշվում է նաև, որ «Լույս» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։

Այս ամենը հաշվի առնելով` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ավելին` ԼՀԿ կառավարման խորհուրդն այսուհետ ակնկալում է ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի։

Հիշեցնենք` Երևանի ավագանու դեկտեմբերի 16–ի նիստի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և դա պետք է դառնա դատախազության քննության առարկա։

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք` հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով լրացվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել է նոյեմբերի 4-ին»,–ասաց Խաժակյանը։

Նա հավաստիացրեց, որ իր մոտ է գտնվում իրական, այսինքն` հետին ամսաթվով` նոյեմբերի 4-ով լրացված փաստաթղթի պատճենը։

Ավելի վաղ Խաժակյանը Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Մարությանը հրաժարվե՞լ է իր նախընտրական խոստումներից. Խաժակյանը վստահ է` օրենք է խախտվում

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում էր, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Դրան հետևեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արձագանքը. դեկտեմբերի 17–ին նա Facebook-ի իր էջում գրել էր, որ քննարկում են Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը։ Նա տեղեկացրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը։

Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր հայտարարությունը։

Դավիթ Խաժակյանը կլքի՞ Երևանի ավագանին. Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին։ Դավիթ Խաժակյանը նաև կարևոր օրինակ է Հայաստանի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց կան իրավիճակներ, որոնք պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, իսկ նա դրանց համար պատասխանատվություն է կրում»,–ասաց Մարուքյանը` շեշտելով, որ իրենց կուսակցությանը մեղադրում են ավագանու այլ անդամների գործունեության համար։

Այլ կերպ ասած, «Լուսավոր Հայաստանը» դառնում է քննադատությունների թիրախ այն գործողությունների համար, որոնք կատարում են կուսակցության անդամ չհանդիսացող մարդիկ:

28
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Հայկ Մարության, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Երևան, ավագանի, Դավիթ Խաժակյան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան
«Աղբային պատերազմներ» Երևանում. Մարությանի և Խաժակյանի ինչի՞ն է պետք Էյնշտեյնի հավասարումը
Խաժակյան. «Երևանի 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»
Խաժակյան. «Շարունակելու եմ նույն գիծն ու զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»