ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Եթե Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որը հնարավորություն կտա ՀՀ–ին իմանալու վերջապես, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել, առաջին հերթին նախ պետք է հանդես գա ասելիքով։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Նաիրի Հունանյանի՝ ազատ արձակվելու դիմումի մասին լուրերը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել, որ 20 տարի հետո հայտնվի ազատության մեջ։ Այնպիսի հրեշավոր հանցագործություն է կատարել այս մարդը, որը 20 տարի մեզ զրկել է երկրի զարգացման հեռանկարից և հնարավորություն է տվել այլ ուժերի մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որ 20 տարի հետո միայն հնարավոր եղավ դրանից ազատվել»,– ասաց Քոչարյանը։
Այդուհանդերձ, Նաիրի Հունանյանի հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանը չի դիտարկում որպես ազդակ, որ նա նոր ասելիք ունի «Հոկտեմբերի 27»-ի մասին։
«Դա կարող է այլ ազդակ էլ լինել։ Երևի իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ դու կարող ես այդպիսի հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու։ Բայց իշխանությունը դրա հետ հաստատ ոչ մի կապ չունի»,– ասաց Քոչարյանը։
Նա նշեց նաև, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննության ու դատավարության ընթացքում այն ժամանակվա իշխանությունն ամեն ինչ արել է, որ հիմնական վկաները դատարանում չհայտնվեն։
«Եվ պարոն Ուզունյանը վաղ թե ուշ պետք է պատասխանի, թե իրեն ով էր պարտադրում, որ նման որոշում կայացնի»,– ասաց նաև և հավելեց, որ «Հոկտեմբերի 27»-ը չէր կարող «ուչաստկովիի» գործ լինել։
«Ռոբերտ Քոչարյանն իր հուշերում էլ նշում է, որ այդ օրը նախագահականում ինքը հանդիպում էր բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի հետ, որին պետք է մասնակցեր նաև Վազգեն Սարգսյանը, ու ինքը նշում է, որ փորձում էր Վազգեն Սարգսյանին համոզել, որ չարժե գնալ ԱԺ։ Ես սրան մի քիչ այլ կոնտեքստով եմ նայում։ Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը նոր հանգամանքների ի հայտ գալու պայմաններում դեռ շատ հարցերի պատասխաններ պետք է ունենա, որից իրեն զրկել են 20 տարի առաջ»,–ասում է Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ օրենքով դատապարտվելուց 20 տարուց անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
Դիմումը քննվելու է 80–օրյա ժամկետում։
Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։
Դատարանի որոշմամբ, Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։
Ազատազրկման տարիների ընթացքում խմբի անդամներից 4-ը մահացան, ինչը կասկածներ ծնեց հանրության շրջանում։
Առաջինը` դեռ նախաքննության փուլում` 2000թ.-ին իր բանտախցում էլեկտրահարվեց մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ:
2004թ. ապրիլի 16-ին «Նուբարաշեն»– ում կախված հայտնաբերվեց Նաիրի և Կարեն Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը։ Մինչ այդ նա առերես հարցաքննություն էր պահանջել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի հետ` հայտարարելով, որ կարևոր ասելիք ունի «Հոկտեմբերի 27-ի» գործով։
2010թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ էր եղել Համլետ Ստեփանյանը` պաշտոնական վարկածով` սրտի կաթվածից։
2017թ.–ին բանտում սրտի կաթվածից մահացավ նաև Էդիկ Գրիգորյանը։ Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել, խմբի անդամներից մի քանիսը հավաքագրվել էին Գրիգորյանի ջանքերով։
Գործով անցնող կարևոր վկաներից 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախված հայտնաբերվեց ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանը:
2004 ավտովթարից մահացավ գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։
Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։
Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։
Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին
Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։
Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։
Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։
Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։


