Սերբիայի պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սերբիայի պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

141
(Թարմացված է 14:14 04.10.2019)
Սերբիայի նախագահը ողջունել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն։ Սա ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցն է Սերբիա։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սերբիայի նախագահը ողջունել է Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն։ Նախագահ Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին՝ պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար:

Հիշեցնենք, որ Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ Սերբիա էր մեկնել երեկ։

Որքան շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանում. նախագահ

Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։ Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել էր Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

141
թեգերը:
պաշտոնական այց, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երվանդ Մանարյանին ու Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն
«Մենք միշտ հիշում ենք ձեր սխրանքը». Սարգսյանն ու Փաշինյանը շնորհավորել են Ռիժկովին
Ի՞նչ են զրուցել ՀՀ նախագահը և Մխիթարյանը հանդերձարանում. Սարգսյանը լուսանկար է հրապարակել
Որ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանը և Սինգապուրը. քննարկել են Սարգսյանը և Լի Սյեն Լուն
Վլադիմիր Գասպարյան

«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է

456
(Թարմացված է 12:40 25.05.2020)
Հայաստանի նախկին ոստիկանապետը կարծում է, որ կորոնավիրուսը ցույց տվեց իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզված է` կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն հանցակցություն: 

«Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ, աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Գասպարյանը նշել է` դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:

«Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը: Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում` կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլև յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն: Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...»,– գրել է նախկին ոստիկանապետը։

Գասպարյանի խոսքով` այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթևամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տևողությամբ:

«Սա է իրականությունը, և սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշևիկը, հարևան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչև վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար»,– հարց է տալիս նախկին պաշտոնյան:

Ըստ նրա` պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ: Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...

«Սթափվե՛ք: Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը: Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...Սթափվե՛ք: Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն: Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:Պիտի սթափվենք ու գործենք»,– ընդգծել է Գասպարյանը:

Նա համոզված է, որ այդ սակավ ընտրյալները, իր սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:

456
թեգերը:
Վլադիմիր Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ. Սերժ Սարգսյան
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան
Եթե չդադարեցվի հետապնդումը, կհրաժարվեմ իմ աշխատանքից. Արթուր Գևորգյանը դեռ սպասում է
Գևորգ Պետրոսյան

Պատրաստ եմ «վեթինգվել». Պետրոսյանը կարծում է`վեթինգը պետք է սկսել այսօրվա իշխանությունից

159
(Թարմացված է 00:48 25.05.2020)
Գևորգ Պետրոսյանն ափսոսում է, որ հնարավոր չէ ստուգել, թե ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ պատրաստ է «վեթինգվել»։ Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել` ասելով, որ ով տեղից բարձրանում` դատավորների գույքային դրությունը ստուգելու մասին է խոսում։

«Ձեր գույքային դրությունը ստուգեք, նոր անցեք դատավորներին: Ոնց եմ ափսոսում, որ հնարավոր չի ստուգել, թե այսօրվա շատ «ընտրյալներն» ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում։ Դե, փոխադրամիջոցների մասին էլ չխոսեմ»,–գրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` վեթինգի գործընթացը պետք է սկսել այսօրվա իշխանության ներկայացուցիչներից` պահպանելով հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական: Պետրոսյանը վստահեցնում է` առաջինը պատրաստ է «վեթթինգվել» ինքը։

Անդրադառնալով հանրաքվեի չեղարկմանը` ԲՀԿ–ական պատգամավորը նշել է, թե այն նշանդրեք չէ, որ չեղարկեն։ Պետրոսյանը կարծում է, որ ինչպես նշանակել են հանրաքվեն, այնպես էլ պետք է դրա տակից դուրս գան, եթե, իհարկե, կարող են։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ հանրաքվեի չեղարկման որոշումը պետք է կայացնի կառավարությունը կամ Ազգային ժողովը։

«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին

Ինչ վերաբերում է վեթինգին ու գույքի բռնագանձմանը, ապա մայիսի 23-ից ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։Այն թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը։ Եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ, քանի որ այդ դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Ուսումնասիրության ենթակա է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը:

159
թեգերը:
հանրաքվե, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Պատգամավոր, Գևորգ Պետրոսյան, Դատավոր, Հայաստան, Վեթինգ
Ըստ թեմայի
«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան
«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար
«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց
Առցանց առևտուր

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

0
(Թարմացված է 14:59 25.05.2020)
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն այս օրերին շատերիս բարի նախանձով էին նայում. նույնիսկ գնում կատարելու համար տանից դուրս չգալն ու անհրաժեշտ ամեն ինչի համար առաքում պատվիրելն արտասահմանում ճոխություն է, մեզ մոտ առօրյա դարձավ։

Կորոնավիրուսը շատերիս կյանքն ու սովորությունները փոխեց, ու խոսքը միայն անվտանգության կանոններին հետևելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը չեն։ Այս իրավիճակը ստիպեց նոր հմտություններ ձեռք բերել՝ մեր առօրյայում ավելի մեծ տեղ հատկացնելով առցանց ծառայություններին։ Ես ու ինձ նման շատերը բացահայտեցինք, որ առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի գնումներն առցանց անելն իսկապես հեշտացնում է կյանքը։ Կորոնավիրուսից առաջ առցանց գնման միայն մեկ անհաջող փորձ էի ունեցել՝ տաբատ էի պատվիրել, որն ինձ բացարձակ չէր սազում և անհասկանալի կարճ էր. ասեմ, որ նման բան ինձ հետ հինգերորդ դասարանից հետո չէր եղել, հակառակը՝ տաբատները միշտ երկար են լինում, որովհետև ես, մեղմ ասած, բարձրահասակ չեմ։

Արտակարգ դրության առաջին օրն իսկ ամբողջ ընտանիքով փակվեցինք տանը. հացը որոշեցինք ինքներս թխել երկու օրը մեկ անգամ, իսկ անհրաժեշտ ամեն ինչը՝ պատվիրել։ Այդպես երկու ամիսների ընթացքում ես փորձարկեցի մրգի, բանջարեղենի, սննդամթերքի առաքմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ։ Անշուշտ, առաջին օրերին եղան հիասթափություններ, նյարդային իրավիճակներ, որովհետև պարզվեց՝ իրավիճակը նոր էր ոչ միայն ինձ ու ինձ նման օնլայն գնումներ նախկինում չկատարած մարդկանց համար, այլև հենց այդ ընկերությունների. որովհետև ես և ինձ նմանները միանգամից մի գիշերում շատացանք։

«Gazar.am» ընկերությունը հիմնադրվել է մոտ երկուսուկես տարի առաջ։ Առաջին իսկ օրերից ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց, որովհետև շուկայում նորություն էր՝ մրգի և բանջարեղենի առաջին մասնագիտացված առցանց խանութն էր։ Պատվերների մեծ թիվ սկզբում չկար, քանի որ գրանցումը բացառապես առցանց էր արվում։ Հասկացան, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել համակարգչից, իսկ եթե օգտվում էլ են, հատկապես մեծերի մոտ մտավախություն կա, թե առցանց պատվեր գրանցելիս մի բան սխալ կանեն։ Որոշեցին նաև հեռախոսով պատվերներ գրանցել, այդպես այս տարիների ընթացքում ձեռք բերեցին հավատարիմ հաճախորդներ, իսկ արտակարգ դրությունը իսկապես փորձություն դարձավ ընկերության ամբողջ թիմի համար։ Հիմնադիր տնօրեն Էլեն Թադևոսյանն ասում է՝ պատվերների թիվն այնքան կտրուկ ավելացավ կարանտինի օրերին, որ իր ամբողջ ընտանիքը կամավոր միացավ աշխատանքին. հենց՝ ինքը, տնօրենը սկսեց նաև հեռախոսազանգերի պատասխանել, առաքվող փաթեթների հավաքմանը մասնակցել և այլն։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

«Մեր պատվերները բառի բուն իմաստով մեկ օրվա մեջ քսանապատկվեցին, հիսունապատկվեցին։ Օր է եղել՝ ամբողջ թիմը ջուր էլ չի խմել»,- պատմում է Էլենն ու անկեղծորեն ասում՝ թերություններ լինում էին՝ կապված նաև այդ օրերին խափանումներով աշխատող ինտերնետի հետ, բայց իր գնահատականով՝ մոտ իննսուն տոկոսով աշխատանքի որակը պահվել է։ Նրա խոսքով՝ ավելացավ ոչ միայն պատվերների թիվը, այլև պատվերը՝ հաճախորդին հասցնելու եղանակները։

«Շատ հետաքրքիր դեպքեր էին լինում, որովհետև նաև պատվերներ էինք հասցնում ինքնամեկուսացած, մեկուսացած մեր հայրենակիցներին։ Դուռը ծեծում էին, պատվերը թողնում դռան առջև, պատշգամբից թել էին կախում, կապում էին առաքիչները, այդպես էին բարձրացնում»։

Ծավալն այնքան մեծ էր, որ մարզերը չկարողացան էլ ներառել աշխատանքում, թեպետ տնօրենի խոսքով` բացառություններ արվում էին հատկապես տարեց պատվիրատուների դեպքում։

«Քանի որ սահմաններն էլ փակ էին, լինում էր, որ առաքիչները հասցնում էին մարզային սահմանահատված, այնտեղից գալիս, վերցնում էին»։

Ինքնամեկուսացած պատվիրատուների համար Էլենը հետաքրքիր անակնկալներ էլ մտածեց. ծաղկեփնջերի նման կանաչիներ էր փնջում և պատվերի հետ ճանապարհ դնում՝ փորձելով բարձրացնել տանը փակված կանանց տրամադրությունը

Էլենի խոսքով՝ թեպետ «պիկն» անցել է, բայց իրենց հաճախորդների թիվն ավելացել է, որովհետև այս ընթացքում շատերն իմացան իրենց մասին, փորձեցին ու համալրեցին հավատարիմների շարքերը։ Բացի այդ, առցանց գնումներ կատարելը նաև սովորության հարց է, իսկ այս ընթացքում մարդկանց սովորություններն էլ փոխվեցին։ Հիմա արդեն, երբ վիճակը քիչ թե շատ խաղաղվել է, մտածում են օնլայն հարթակ ստեղծել նաև հայ ֆերմերների հետ, որպեսզի գյուղացու ապրանքն ուղիղ ու առանց բազմաթիվ միջնորդների ու արհեստական գնաբարձրացման գնորդին հասնի։

Առհասարակ, մեկուսացման օրերին ամենատարածված ու ամենաշատ գովազդվող օնլայն հարթակներն առաջարկում էին անմիջապես գյուղից առաքվող ապրանքներ։ Այդպես միանգամից մի քանի հարթակներ ստեղծվեցին։

IrindNatural.am-ը դրանցից ամենաառաջինն է, որովհետև դեռ կորոնավիրուսից մոտ մեկ տարի առաջ է հիմնվել։ Ընկերությունն առաջարկում է Թալինի շրջանի Իրինդ գյուղի արտադրանքը։ Պատվերները գրանցում են երեք եղանակով՝ զանգով, Facbook-ի էջով և առցանց հարթակով։ Մեկ տարեկան դառնալը նոր էին նշել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Որոշեցին իրավիճակից չօգտվել ու գնի արհեստական բարձրացում չանել, դրա կողքին էլ հայտարարեցին՝ առաքումներն անվճար են արվելու։ Ի՞նչ եղավ։ Պատվերների այնպիսի մեծ թիվ «թափվեց» ընկերության գլխին, որ մտքներով անցնել էլ չէր կարող։ Արդյունքում ինչ-որ առումով վիճակը հենց իրենց դեմ շրջվեց։

«Մի գիշերում պատվերների թիվը քառասուն, հիսուն, հետո մինչև հարյուր անգամ ավելացավ»,- այդ օրերը սարսափով հիշելով՝ պատմում է հիմնադիր տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Դա բազմակի խնդիրներ բերեց, մի կողմից՝ թիմի պակաս, մյուս կողմից՝ ինտերնետային խնդիրներ ի հայտ եկան. համակարգում կարող էր նույն պատվերը մի քանի անգամ գրանցվել, իսկ ֆորսմաժորային վիճակում ամեն ինչ ստուգելու հնարավորություն չկար։

«Իրականում ֆինանսական կորուստներ ունեցանք, որովհետև լինում էին դեպքեր, որ ապրանքը փչանում էր, մեքենաների հետ էին խնդիրներ լինում»,- պատմում է նա ու ավելացնում, որ ապրիլից իրավիճակը սկսեց կարգավորվել, նաև ռազմավարությունը փոխեցին։ Նոր մոտեցումն ու երկրում փոխված իրավիճակը պատվերների քանակը հավասարակշռեցին։ Գագիկն ասում ՝ «պիկն իջել է», բայց լավն այն է, որ նոր հաճախորդներ էլ ունեցան՝ մարդիկ, որոնք նախկինում չէին օգտվել, որովհետև դրա կարիքը չէր եղել, իրենք էին խանութ գնում, իսկ հիմա փորձեցին այս տարբերակն ու հաճախորդ դարձան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը պետության թվայնացման գործում կարևոր հարցերից է, այն չափանիշներից մեկը, որով կարող ենք արձանագրել, թե որքանով է մեր հասարակությունն օգտվում էլեկտրոնային համակարգերից և տիրապետում թվային հմտություններին։

«Թվերն օրեցօր փոփոխվում են, բայց շատ մոտավոր մոտ երեք անգամ ծավալի մեծացում ունենք»,- ասում է փոխնախարարն ու մեկնաբանում, որ էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային վճարումը՝ մի դեպքում, երբ քաղաքացին այցելեց էլեկտրոնային կայք, ընտրեց համապատասխան ապրանքը, կատարեց վճարում, նշեց հասցեն և ստացավ ապրանքը։ Մյուս տարբերակը՝ քաղաքացին այցելեց խանութ, էլեկտրոնային քարտով վճարում կատարեց և վերցրեց իր ապրանքը։ Այսինքն՝ եթե առցանց հարթակով ապրանք ես պատվիրում, բայց դրա համար վճարում ես կանխիկ, ապա ստացվում է, ըստ էության, առաքման պատվեր, այլ ոչ թե էլեկտրոնային գնում։

Փոխնախարարը վստահ է՝ էլեկտրոնային գնում կատարելու համար պետք է նման սովորություն ու վստահություն ձևավորել գործարքի հանդեպ։ Այդ նպատակով առաջիկայում նախարարությունը կընդունի կիբեռանվտանգության ստանդարտներ, որոնք կլինեն ուղեցույց նման համակարգերը ստեղծելիս՝ դրանք պարտադիր պետք է բավարարեն նվազագույն պահանջները՝ ռիսկերը նվազեցնելով։

Մեր երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար նախարարությունը տնտեսվարողների գործընկեր է դիտարկում «Հայփոստին»։ Համաշխարհային մեծ ընկերությունները՝ Amazon, eBay և մյուսները, կարողանում են ապրանքը հասցնել գրեթե ցանկացած կետում գտնվող պատվիրատուին, որովհետև համագործակցում են մեծ ընկերությունների հետ։ Հայաստանում էլ «Հայփոստը» կարող է դառնալ այն գործընկերը, որը ծառայությունների մատուցման աշխարհագրությունը մեծացնելու հնարավորություն կտա տնտեսվարողներին։

0
թեգերը:
մթերք, առցանց վաճառք, Հայաստան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել