ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը

Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին

95
(Թարմացված է 23:44 27.09.2019)
ՀՀ արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Մամեդյարովի հետ հանդիպման մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:

Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվեցին առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը:

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին։ Մինչ այդ նա Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Զոհրաբյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 

95
թեգերը:
ԱՄՆ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Զոհրաբ Մնացականյան, Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է. ՀԱՊԿ գեներալ
Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին