ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. BBC–ի ռուսական ծառայության կողմից Մարտի 1-ի գործով քննչական փաստաթղթերի հրապարակումը ՀՀ ազգային անվտանգության խնդիր է։ Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով BBC–ի`աղմուկ հանած հոդվածին, ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ BBC–ի ռուսական ծառայությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ հրատարակչության տնօրինության տակ է հայտնվել գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում է, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ էր ձևավորել և 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղավորվել Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով`հենց այդ խումբն է կրակել մարտի 1-2-ի ցուցարարների վրա։
Պողոսյանի խոսքով` Մարտի 1-ի դեպքերի հետաքննությանն առնչվող ցանկացած փաստաթուղթ կարող էր հայտնվել ԶԼՄ–ի տնօրինության տակ միայն քննչական կառույցների հատուկ թույլտվությամբ։ Եթե թույլտվություն չի եղել, ապա իրավիճակը պետք է քննել ամենամանրազնին կերպով։
«Իսկ, եթե հանկարծ պարզվի, որ մեր գաղտնի փաստաթղթերը գտնվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների տնօրինության տա՞կ։ Տվյալ դեպքում բացարձակ կապ չունի, թե ինչ գործի մասին է խոսքը, թող դա թեկուզ կենցաղային մանր վեճ լինի։ Եթե խոսքը քննության գաղտնիության մասին է, իսկ այդ թղթերն այնտեղ են հայտնվել, որտեղ չպետք է լինեին, ապա մենք խնդիր ունենք», – ասում է Պողոսյանը։
Փորձագետը նշում է, որ Հայաստանին վաղուց տեղեկատվական պատերազմ է հայտարարվել, որը ոչ մի րոպե չի դադարում։ BBC–ի ռուսական ծառայությանը փաստաթղթերը հանձնելը Թևան Պողոսյանի դիտարկում է տեղեկատվական պատերազմի համատեքստում։ Առավել ևս, որ հոդվածը պարբերականում հրապարակվել էր գրեթե ԼՂՀ–ում Համահայկական խաղերի բացման հետ միաժամանակ։ Իսկ այդ խաղերը կոչված էին ցուցադրելու համազգային միասնությունը, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համախմբումը։ Փորձագետը հրապարակումը գնահատում է որպես ուղիղ հարված այդ միասնությանը` հաշվի առնելով, որ որպես թիրախ ընտրվել է ռազմական վերնախավի ներկայացուցիչներից մեկը։
«Մեզ թշնամի են համարող երկրները Հայաստանը թուլացնելու համար կարող են ցանկացած միջոցի դիմել։ Պետք է հակազդել այդ փորձերին, դրա համար մեզ տեղեկատվական անվտանգության հզոր համակարգ է պետք», – կարծում է նա։
Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)
Պողոսյանը չի բացառում, որ տեղեկատվությունը փոխանցելու մեջ կարող էին խառնված լինել ներհայաստանյան կոնկրետ խմբեր կամ ուժեր։ Նրա կարծիքով, պարտադիր չէ, որ Հայաստանի դեմ տեղեկատվական դիվերսիոն աշխատանք տանեն բացառապես օտարերկրացիները։
Հիշեցնենք` 2008թ.–ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ), վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ։ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:
Այդ իրադարձություններին նախորդել էին փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց պաշտոնական արդյունքներից դժգոհ ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ սկսեցին։
Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:
«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:
Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:
«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի: Հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերութուններն այս կերպ գնահատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք նաև պետք ենք եղել ՌԴ-ին, որովհետև այսօրվա այս անկայուն աշխարհում մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենից մարտունակ բանակը: Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել: Մենք մեր սահմանները չենք կարողանում պաշտպանել կամ չենք ուզում»,- ասաց Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահն արձանագրեց՝ նման երկրները կոչվում են պրոտեկտորատ, և Հայաստանն այսօր փաստացի ՌԴ-ի պրոտեկտորատն է Հարավային Կովկասում, քանի դեռ Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը:
«Այս իշխանությունը մեզ Ռուսաստանի դաշնակից երկրից դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատը, և հեգնանքը նրանում է, որ դա արել են այն մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էին անում ՌԴ-ի ռազմական բազան Հայաստանից հանելու համար»,- ասաց Քոչարյանը:
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
Նրա դիտարկմամբ, գեներալ Մուրադովն այսօր ՀՀ ռազմական դաշտում ավելի մեծ նշանակություն ունի, քան ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Երկրորդ նախագահի պնդմամբ` Հայաստանը պետք է անի ամեն ինչ իր նախկին՝ ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակը հետ բերելու համար:
ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ եթե դու դաշնակից ես, չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես, դու ինքդ պետք է քեզանից արժեք ներկայացնես, և այդ դեպքում երկկողմ հարաբերությունները կլինեն լիարժեք։
«Մենք չպետք է ռուսական բյուջեի վրա ծանրություն դառնանք և երբեք ծանրություն չենք եղել։ Մենք եղել ենք այս տարածաշրջանում ամենավստահելի գործընկերը, մեր շահերը համընկնում էին։ Հիմա մենք ի՞նչ արժեք ենք ներկայացնում, մենք քրտնաջան աշխատանքով այդ արժեքը պիտի վերականգնենք, մեզանից մի բան ներկայացնենք»,–ասաց նա։
Քոչարյանի հավաստմամբ` Ռուսաստանին այստեղ պետք է ուժեղ Հայաստան, և հնարավոր է այդ ուղղությամբ աշխատել, և մեր շահերը կհամընկնեն։