Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռու պահել «գաղտնի զեկույցներից». նախկին պատգամավոր

715
(Թարմացված է 19:59 05.08.2019)
Քաղաքական ասպարեզում գրեթե երեք տասնամյակի փորձ ունեցող Ռուբեն Հակոբյանը լսել է Նիկոլ Փաշինյանի ելույթը, և նրա առաջին տպավորությունը եղել է այն, որ պետք է թույլ չտալ` վարչապետը ծանոթանա գաղտնի փաստաթղթերին։

Արմեն Հակոբյան, Sputnik.

Իր արձակուրդի վերջին օրը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հնգամյա վաղեմության «գաղտնի զեկույցին» ծանոթանալու և այդ փաստաթղթի բովանդակությունից արած հետևությունների մասին արած հայտարարությունը բավականին ակտիվ արձագանքների տեղիք է տվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևություններից մեկը սա է. «Հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»: Ըստ այդմ, իր գլխավորած կառավարությունը նորից կամ զրոյից պետք է ստեղծի պետական ինստիտուտներ:

Անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը` Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, մի քանի գումարման ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մասնավորապես նկատեց. «Անկեղծ ասած, առաջին տպավորությունս կամ արձագանքս այն էր, որ պետք է թույլ չտալ, որ վարչապետը ծանոթանա գաղտնի փաստաթղթերին: Այլապես, ինչպե՞ս բացատրել այն, որ ի լուր համայն աշխարհի հայտարարում է, թե ունի գաղտնի փաստաթուղթ, ծանոթ է բովանդակությանը, որտեղ նշված է, որ պետության բոլոր ինստիտուտները կաթվածահար վիճակում են, այսինքն՝ ամբողջ պետությունը կաթվածահար վիճակում է, այդ կաթվածահար վիճակը նաև շարունակվում է մինչև այսօր, որովհետև շատ խորն է, և որևէ կառույց այսօր ի վիճակի չէ որևէ խնդիր լուծել:

Եվ դա ասում է այն դեպքում, երբ ունենք հարևան, որի հետ պատերազմական գործողությունների մեջ ենք»:

Рубен Акопян
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Հակոբյան

Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե Փաշինյանն ուսումնասիրած լիներ ոչ միայն իշխանափոխություն իրականացնելու եղանակները, այլև քաղաքագիտություն, ապա կիմանար, որ պետությունների մակարդակը գնահատում են ըստ այն բանի, թե ինչպես են գործում տվյալ պետության ինստիտուտները: Եվ այդ համատեքստում այն գնահատականը, թե Հայաստանի պետական ինստիտուտները չեն գործել և կաթվածահար են, Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, բացարձակապես այլ նպատակի համար է ասված:

«Ես բավականին լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին (չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար), գիտեմ, որ ինքը ոչնչի առաջ չի կանգնում, եթե խնդիր է դրել իր առջև: Օրինակ` երբ պետք է դառնար վարչապետ, ամեն ինչի գնաց, ամեն ինչի վրայով անցավ և կարողացավ իշխանափոխություն իրականացնել, դառնալ վարչապետ: Իսկ եթե հիմա կա իշխանություն պահելու խնդիր, իր համար երկրորդական է նույնիսկ ազգային անվտանգությունը: Իսկ այս վերջին հայտարարությունը իսկապես ուղղակիորեն հարվածում է մեր ազգային անվտանգությանը»,- նշում է Հակոբյանը:

Նկատենք, որ մեր զրուցակիցը գրեթե երեք տասնամյակ քաղաքական ասպարեզում է և պետական տարբեր ինստիտուտների վիճակի ու գործունեության մասին պատկերացումներ ունի առանց գաղտնի զեկույցների ծանոթանալու, անկախ այն բանից՝ ընդդիմադիր դաշտում է եղել, թե պետական համակարգում:

«Եթե նշում եք իմ փորձառությունը, ապա ասեմ, որ այս 28 տարիների ընթացքում Հայաստանը երբեք այսքան անորակ կառավարություն չի ունեցել,-ասում է Հակոբյանը:- Լավ թե վատ, կային այդ պետական ինստիտուտները, բայց դրանք դեգրադացվում են, և այդ դեգրադացումն այս ընթացքում շատ ավելի արագ է տեղի ունենում: Երբեք այսպիսի անդեմ, դալտոնիկ Ազգային ժողով մենք չենք ունեցել: Իսկապես, եթե դիտենք, որ 88 հոգին մեկ հոգու շնորհիվ են հայտնվել Ազգային ժողովում, և տեսնում ես, որ չգիտեն, թե ինչու են հայտնվել այդտեղ»:

Նրա կարծիքով՝ մի քիչ արդեն սպառվել է ժողովրդի հույզերի վրա խաղալու պաշարը, որքան էլ որոշակի մի հատված ժողովրդի վրա ազդեց կոռումպացված, կազմալուծված, փնթի երկիր ունենալու մասին թեզը: «Բայց ժողովուրդը հիմա արդեն ուզում է տեսնել, թե դրա փոխարեն նոր իշխանությունը ինչ է ստեղծում: Ի վերջո, ինչքան կարելի է ատելություն սերմանել նախկինի նկատմամբ, որպեսզի թաքցնես այն բացը, որ ոչինչ այս առումով չի արվում ներկա իշխանության կողմից»,-ասում է Հակոբյանը:

Վերադառնալով վարչապետի նշած` 5 տարի առաջվա «գաղտնի զեկույցին»՝ մեր զրուցակիցը նկատում է. «Շատ բնական է, որ առաջին դեմքը պետք է ծանոթ լինի բոլոր փակ-գաղտնի փաստաթղթերին: Եթե ինքը նպատակահարմար է գտնում այդ փաստաթղթի հիմնական և շատ վտանգավոր բովանդակությունը հրապարակայնացնել, ուրեմն անպայման պետք է ակնկալել, որ ինքը պետք է նաև հրապարակի այդ փաստաթուղթը: Այլապես ինքը ճիշտ չի ասում, եթե կոպիտ չասեմ, թե ստում է, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի»:

Հակոբյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո ունենք մի իրավիճակ, որտեղ պետության թիվ 1 դեմքն իր գործունեությամբ իսկապես վտանգում է, հարվածում է մեր և Արցախի անվտանգությանը: «Պետք է իսկապես ժողովուրդն այդ էյֆորիայից դուրս գա, արդեն մտածի, թե ինչպես կարողանա պահպանել, պաշտպանել պետությունը մարդկանցից, որոնք իսկապես վտանգում են իր անվտանգությունը»,- ասում է Հակոբյանը:

Այն հարցում, որ «Ա»-ից հետո «Բ»-ն էլ պետք է ասել, այսինքն՝ պետք է ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իր նշած «գաղտնի զեկույցը», Ռուբեն Հակոբյանը միայնակ չէ: Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան գրառմամբ ուղիղ տեքստով հորդորել էր հրապարակել թե՛ զեկույցը, թե՛ դրա անվանումը, թե՛ նշել հեղինակներին:

Եթե 14-ին կաթվածահար լիներ, պետությունը ոչ մի մարտահրավերի չէր դիմանա

Եվ մի դիտարկում էլ հեղինակից. խնդրո առարկա զեկույցը, եթե հիմնվենք վարչապետի հայտնածի վրա, կազմվել է 2014 թվականին: Կարելի է կռահել, որ այն վերաբերել է պետական ինստիտուտների կոռումպացվածության աստիճանին, գործունեության արդյունավետությանը, փաստացի վիճակին:

Բայց այդ զեկույցը գրվելուց, այսինքն՝ 2014-ից հետո Հայաստանի Հանրապետությունը դիմագրավել ու հաղթահարել է այնպիսի ճգնաժամային իրողություններ, ինչպիսիք էին 2016թ. ապրիլյան պատերազմը, նույն թվականի ամռանը՝ ոստիկանության ՊՊԾ գունդը զինված խմբի կողմից երկու շաբաթ գրաված պահելը: Ավելին, դրանից հետո անցյալ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցավ իշխանափոխություն՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», որը տեղով ցնցումային երևույթ է: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի պետական համակարգը, գրեթե բոլոր ինստիտուտները, պետական կառույցները շարունակել են աշխատել՝ ֆինանսաբանկայինից սկսած, կրթականով վերջացրած, երկիրը տնտեսական կոլապսի մեջ չի ընկել, անգամ թոշակների վճարման զանգվածային ուշացումներ չեն դիտարկվել:

Կարճ՝ եթե պետական ինստիտուտները, պետությունը 2014 թվականին իսկապես լինեին կաթվածահար վիճակում, ապա մենք հիմա Հայաստանի Հանրապետության մասին, շատ կներեք, բայց անցյալ ժամանակով խոսելիս կլինեինք: Եվ ավելի տրամաբանակա՞ն չէ ենթադրել, որ իր բոլոր արատներով ու թերություններով հանդերձ, եղած պետական կառավարման համակարգը այնքան ամրության պաշար է ունեցել, որ դիմացել է հիշատակված բոլոր փորձություններին: Հակառակ դեպքում՝ Հայաստանը նշված մարտահրավերներից երևի մեկին էլ չէր դիմանա:

715
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան