Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

259
(Թարմացված է 14:06 30.07.2019)
«Հայաստանը սեղմված է չորս երկրների միջև, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել, Ւրանը ԱՄՆ–ի սև ցուցակում է` մշտական պատժամիջոցային ճնշման տակ, Վրաստանն էլ ակտիվ ձգտում է անդամակցել աշխարհաքաղաքական այն դաշինքներին, որոնց հետ հակամարտում են Հայաստանի անդամակցությամբ ինտեգրացիոն կառույցները։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվում է Հայաստանը, անհնար է լուծել` հենվելով պոպուլիզմի և դատարկախոսության վրա, «Գոլոս Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով` «Հայաստանը սեղմված է չորս երկրների միջև, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել, Ւրանը ԱՄՆ–ի սև ցուցակում է` մշտական պատժամիջոցային ճնշման տակ, Վրաստանն էլ ակտիվ ձգտում է անդամակցել աշխարհաքաղաքական այն դաշինքներին, որոնց հետ հակամարտում են Հայաստանի անդամակցությամբ ինտեգրացիոն կառույցները։

«Մենք փոքր, ծերացող բնակչություն ունենք` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից։ 4 հարևանից 2–ի հետ ունեցած խնդրահարույց հարաբերությունները թույլ չեն տալիս դառնալ լիբերալ տարածաշրջանային հարթակ տարատեսակ լայն սպեկտրի ծառայություններ մատուցելու համար։ Մենք նշանակալի բնական ռեսուրսներ չունենք, որոնք մեզ գրավիչ կդարձնեն խոշոր անդրազգային կորպորացիաների համար», – ասում է նա։

Քոչարյանը կարծում է, որ առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա, և խիստ ճնշում ինդուստրիալ զարգացման հավանական սեգմենտները, իսկ ԽՍՀՄ–ից ժառանգած տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտատար արդյունաբերության զարգացման համար, անհետ կորսված է։ Իսկ սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման ակնհայտ միտում ունի։ Սփյուռքը ձուլվում է այն երկրներում, որտեղ ապրում է, ինչպես էմիգրանտների երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ մոտիվացիաներից ելնելով, այնպես էլ գլոբալիզացիայի ճնշման տակ՝ ազգային գաղափարի էրոզիայի։

«Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքի ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները։ Ավելացրեք այս ցանկին Ղարաբաղյան կարգավորման խնդիրը։ Սա երկրի առաջ կանգնած մարտահրավերների ամբողջական ցուցակը չէ։ Կարելի՞ է արդյոք դրանք լուծել` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա։ Ակնհայտ է, որ ոչ, և դրանց հաղթահարման համար գերագույն ջանքեր, գերկազմակերպվածություն և գերձեռնահասություն է պետք», – համոզված է նախկին նախագահը։

Նա կարծում է, որ պետք է լինել արդյունավետ բացառապես ամեն ինչում, սակայն այսօր որևէ նշան չկա այն բանի, որ իշխանությունը հասկանում է երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը։

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան

259
թեգերը:
հարցազրույց, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (450)
Ըստ թեմայի
Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան
Տարիներ անց Քոչարյանը պատմության մեջ կմտնի առանց ներկայիս սին մեղադրանքների. Սողոմոնյան
Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել. Քոչարյանը չի մտափոխվել
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործը մտահոգել է փաստաբանների պալատին
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

78
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

78
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

103
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

103
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Կառավարության նիստ, արխիվային լուսանկար

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի

9
(Թարմացված է 14:17 11.08.2020)
Գործադիր մարմինը պատրաստվում փոփոխություններ ու լրացումներ կատարել նախկին որոշման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը վաղը` օգոստոսի 12-ին, արտահերթ նիստ կգումարի։ Հրապարակված օրակարգում այս պահին մեկ որոշման նախագիծ է` «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։

Թե ինչ փոփոխություններ է նախատեսվում գործադիրը արտակարգ դրության հերթական` 7-րդ ամսվա համար, առայժմ հայտնի չէ։ Որոշման նախագծի ամբողջական տարբերակը կառավարության պաշտոնական կայքում դեռ հրապարակված չէ։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն, օրինակ`օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։

9
թեգերը:
Արտակարգ դրություն, արտահերթ նիստ, կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել
Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով
Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել