Աննա Նաղդալյան

Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ

119
(Թարմացված է 15:20 29.07.2019)
ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է մարդկային զոհերի հանգեցնող սադրանքները:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի` հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդի կրակոցներից երկու վիրավոր և մեկ զոհ ենք ունեցել։

«Ադրբեջանի գործողությունները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում»,– հայտնում է Նաղդալյանը։

Նրա խոսքով` հակառակորդն անտեսում է նաև արտաքին գործերի նախարարների` հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը։ Այնտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:

«Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,ասում է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, վիրավորվել էր մարտական հերթապահություն իրականացնող մի զինծառայող։ Հուլիսի 28–ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ վիրավորվել է ևս մեկ պայմանագրային զինծառայող` 33–ամյա Վլադիմիր Օսիպյանը։

119
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է. 2019թ. առաջին կիսամյակի ամփոփում
Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ
Հայաստանը համարժեք պատասխան է տվել. փոխնախարարը` Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին