Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում

132
(Թարմացված է 13:12 29.07.2019)
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամենավատ ձևով շահարկել են Մարտի 1-ի զոհերի արյունը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետապնդումն իրականացնում են իշխանությունն ու վարչապետը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով, որ լրացավ մեկ տարին այն պահից, ինչ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Քոչարյանի հանդեպ հետապնդումն իրականացնում են իշխանությունն ու վարչապետը՝ քրեական հետապնդման քողի տակ: Այն, որ այդ քրեական հետապնդման քողը կամաց-կամաց մաշվում է ու ծաղրուծանակի առարկա դառնում, դա էլ ակներև է»,-ասաց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ ուղիղ մեկ տարի առաջ իրենք ասուլիս են տվել ու ասել, որ սա անձնական ու քաղաքական վենդետա է, որը չի տեղավորվում իրավական որևէ դաշտում: Սողոմոնյանը նշեց, որ մեկ տարի առաջ իր ասածը պնդում է և հիմա:

Խոսելով այն մասին, թե ինչ է արվել այս մեկ տարվա ընթացքում Քոչարյանի դեմ քրգործով՝ նա նշեց, որ այս ամբողջ ընթացքում մանիպուլյատիվ գործոնը մեծ դեր է ունեցել:

Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում ամենավատ ձևով շահարկել են Մարտի մեկի զոհերի արյունը:

«Այս մեկ տարվա ընթացքում Մարտի 1-ի գործը չբացահայտվեց՝ ի հեճուկս վարչապետի հայտարարության, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Ո՞ւր են Մարտի մեկի մեղավորները՝ մի ոստիկանի են ձերբակալել, որի հետ կապված էլ ասում են՝ գուցե սխալվել են: Սա՞ է մեկ տարվա ընթացքում բացահայտածը»,-ասաց նա:

Սողոմոնյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ քրգործով արդյունքները եղան այնպիսին, ինչպիսին իրենք կանխատեսում էին:

Նա նշեց, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել: Սողոմոնյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ քրգործը մի շարք խախտումներով է ընթացել՝ կալանավորումից մինչև նրա պաշտպանների՝ դատավարության ընթացքում ելույթով հանդես գալը չթույլատրելը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչեց անձեռնմխելի և ազատեց կալանքից:

Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին նա կրկին կալանավորվեց։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացան դատարան ու հաստատեցին իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

132
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Քրեական գործ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)