Հայկ Ալումյան

ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու դատախազությունը Քոչարյանի գործում տանուլ են տվել. Ալումյան

278
(Թարմացված է 11:53 20.07.2019)
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը կարծում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արվածը մեսիջ է մնացած դատավորներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործում տանուլ են տվել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով` պետական այս կառույցներին չի հաջողվել հիմնավորել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

«Այդ է պատճառը, որ բոլոր լծակներն օգտագործելով` փորձում են հասնել նրան, որ Քոչարյանը պահվի կալանքի տակ»,- ասաց Ալումյանը։

Այս լծակների շարքում փաստաբանը դիտարկում է նաև Քոչարյանի և մյուսների գործը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություները։

«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արվածը մեսիջ է մնացած դատավորներին։ Բոլոր դատավորներին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք Քոչարյանի օգտին որոշում կայացնել, այլապես կհայտնվեք Դավիթ Գրիգորյանի վիճակում»,- ասաց Ալումյանը։

Այն, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կապ ունեն Քոչարյանի գործի հետ, փաստաբանի համոզմամբ, վկայում է նաև այն հանգամանքը, որ դատավորի գրասենյակում կատարված խուզարկության արդյունքում ի թիվս այլ փաստաթղթերի առգրավվել է նաև Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու` նրա պաշտպանների միջնորդությունը։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ,  որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16–ին Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն էր անցկացվել։

278
թեգերը:
ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
ՍԴ–ն վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի հարցադրման առանցքային մասը. Վարդևանյան
Դավիթ Գրիգորյանից առգրավել են փաստաթղթեր, երբ նրան են տվել Քոչարյանի գործի նյութերը
Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդում
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան

47
(Թարմացված է 20:01 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

47
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

41
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

41
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

19
(Թարմացված է 13:13 30.05.2020)
Գլխավոր դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ, ու Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է դա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիք է հրապարակել երեկ` մայիսի 29-ին։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց։

1. Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8–11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ։

2. Եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։

3. Կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

4. Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

«Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության»,– հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության, Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

Դատախազությունը բազմիցս ասել է, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե ոչ:

«Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,– վստահեցնում է Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ավելի քան մեկ տարի պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

19
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին