Թբիլիսի

Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»

192
(Թարմացված է 16:03 21.06.2019)
Թբիլիսիում ներքաղաքական ճգնաժամն առաջացել է ոչ թե արարողակարգային սխալի պատճառով, այլ իշխանությունների, որոնք սրել են իրավիճակն իրենց հայտարարություններով: Դրանում համոզված են Վրաստանի և Հայաստանի փորձագետները:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանում բարձրացած բողոքի ալիքը «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության համար վճռորոշ կլինի իշխանության համար ծավալված պայքարում: Ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելքը կադրային փոփոխություններն են. միայն դրանք իշխող թիմին թույլ կտան պահպանել իշխանությունը մինչև 2020-ի խորհրդարանական ընտրություններ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը:

Վրացական ընդդիմության բողոքի ակցիան հարուցած թբիլիսյան խայտառակ զարգացումների պատրվակ դարձավ Վրաստանի խորհրդարանի նախագահության ամբիոնից Ռուսաստանի Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթ ունենալը:

Վրաստանը հյուրընկալել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի նախագահողը Ս.Գավրիլովն էր: Վրացական ընդդիմադիրները հայտարարեցին, որ Վրաստանի իշխանությունները ծախել են հայրենիքը՝ թույլ տալով, որ երկիր մտնի ու խորհրդարանում պատվավոր տեղում նստի մի մարդ, որը հանդես է եկել Աբխազիայի անկախությունն աջակցող հայտարարություններով և մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմական գործողություններին: Իսկ իշխանություններն էլ, իրենց հերթին, հայտարարեցին, որ նստաշրջանի կազմակերպիչների կողմից «արարողակարգային սխալ» է թույլ տրվել:

Ընդդիմության կոչով ակտիվիստները հավաքվեցին խորհրդարանի շենքի դիմաց, պահանջելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց բացառապես համամասնական ընտրակարգով:

Ինչպես կարծում է Ջոնի Մելիքյանը, Սերգեյ Գավրիլովի այցն ընդդիմության համար միայն առիթ էր՝ իշխանության վրա ճնշում գործադրելու և այն իշխանափոխության նպատակով լայն զանգվածների մոբիլիզացնելու համար:

«Այդ ամենը ներքաղաքական պայքար է, բայց, ի տարբերություն բողոքի նախկին ակցիաների, «Միասնական ազգային շարժումը» փորձեց խաղարկել արտաքին-քաղաքական՝ «ռուսական գործոնը»», - ասաց Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Փորձագետը համոզված է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հիմա ամեն ինչ կանի, որպեսզի օգտվի «իշխանությունների թուլությունից»:

Մելիքյանը կարծում է, որ կրակի վրա յուղ են լցրել նաև իշխանությունների հակասական հայտարարությունները:

Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ այդ ձևաչափով հանդիպում անցկացնելն անթույլատրելի էր: Պատահածը կոշտ քննադատության է ենթարկել «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Այս ընթացքում իշխանությունների ցույց են տվել իրենց թուլությունը և իրենց դեմ զանգվածներին տրամադրելու վախը, ինչից էլ օգտվել են ընդդիմադիրները:

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեին զայրացնում է նստաշրջանն անցկացնելու վայրի ընտրությունը, ինչպես նաև ուղիղ եթերով այն հեռարձակելու փաստը: Նա վստահ է, որ նստաշրջանը կարելի էր կազմակերպել մեկ այլ վայրում:

«Կոպտագույն սխալ են թույլ տվել, բայց ոչ թե արարողակարգով, այլ իշխանությունների կողմից: «Վրացական երազանքը» ինքն է սադրել և հնարավորություն տվել Սահակաշվիլու կուսակցությանն օգտվել վրիպումից», – ասաց Մամրաձեն:

Կարգավորել իրավիճակը

Մելիքյանը վստահ է, որ իրավիճակը կարող են մեղմել միայն իշխանությունների գրագետ քաղաքականությունը և ադեկվատ հայտարարությունները:

«Իրավիճակը կարող են լիցքաթափել կադրային փոփոխությունները` իշխող կուսակցության առաջնորդի և քաղխորհրդի նախաձեռնությամբ», – ասաց Մելիքյանը:

Նա վստահ է, որ հավասարակշիռ պահվածքը թույլ կտա երկրի իշխանություններին մինչև 2020թ. խորհրդարանական ընտրությունները պահպանել դիրքերը: Միաժամանակ, Վրաստանում փորձագետները հարցը դիտարկում են ոչ միայն խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, այլ նաև վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականի հարցը:

Միաժամանակ, Մամրաձեն քիչ հավանական է համարում նման դասավորությունը՝ իրավիճակի կայունացման դեպքում: Այդ դեպքում իշխող կուսակցությունը լիովին կարող է պահպանել և՛ խորհրդարանի խոսնակին, և՛ վարչապետին:

Հայկական պատվիրակությունը

Փորձագետները ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում դրական են գնահատում հայկական խորհրդարանական պատվիրակության գործողությունը, որ լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը, որտեղ ընթացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ գլխավոր նստաշրջանը:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նախօրեին բացատրել է դահլիճը լքելու որոշումը նրանով, որ պատվիրակությունը հայտնվել է «երկու քարի արանքում»:

«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

«Դա ադեկվատ և ճիշտ որոշում էր: Դրանով մերոնք մանիպուլյացիաների և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չեն տվել», – ասաց Մելիքյանը:

Նա նաև նշեց, որ ստեղծված իրավիճակը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա` ևս մեկ անգամ նշելով, որ Վրաստանում ընթանում է զուտ ներքաղաքական խաղ:

192
թեգերը:
Բողոքի ակցիա, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով
Վրաստանի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել. նրան իմպիչմենտով են սպառնացել
Առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության համատեղմամբ. Մնացականյանը` ՌԴ–ի և Վրաստանի մասին