Զոհրաբ Մնացականյան

Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են իրենց հանդիպման մասին

101
(Թարմացված է 15:46 21.06.2019)
Զոհրաբ Մնացականյանն Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն վերջին շրջանի զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- ասել է Մնացականյանը։

Նա կարևորել է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության։ Մնացականյանի գնահատմամբ` զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: «Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքով էլ` հայկական և ադրբեջանական կողմերն անհամաձայնություններ ունեն մի շարք դրույթների ու մանրամասնությունների շուրջ, և քաղաքական կամք է անհրաժեշտ՝ առաջ շարժվելու համար:

Ըստ նրա` կողմերն առաջ են շարժվում` հենվելով նույն խաղաղության ծրագրի վրա, որը սեղանին է արդեն վերջին 15 տարիներին։

«Անգամ առկա զինադադարի խախտումները չպետք է խանգարեն գործընթացի առաջխաղացմանը: Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»,- նշել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի վաղ ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները՝ կոչ էին արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Համանախագահները կողմերին հորդորել էին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։

101
թեգերը:
Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (286)
Ըստ թեմայի
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին
Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաշտեցման հեռանկար չկա»
Փաշինյանն ընդունել է Կասպշիկին. Ղարաբաղյան հակամարտության հարցն է քննարկվել
Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»