Փաշինյանն ու Ալիևը

Եթե մեծ պատերազմի մասին որոշում կայացվի, ապա դրա հեղինակն Ադրբեջանը չի լինելու. փորձագետ

213
(Թարմացված է 18:23 15.06.2019)
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ճամփաբաժանի առաջ են հայտնվել․ կա՛մ բանակցությունները շարունակվելու են, կա՛մ երկար դադար է լինելու, որի ժամանակ չեն բացառվում 2016-ի ապրիլի իրադարձությունների պես արտակարգ իրավիճակները:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը շատ չափանիշներով վկայում է Արցախի շուրջ բանակցությունների նախկին պարադիգմի կոտրվելու մասին: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ կողմերը ճամփաբաժանի դիմաց են հայտնվել․ կա՛մ բանակցությունները շարունակվելու են, կա՛մ երկար դադար է լինելու, որի ժամանակ չեն բացառվում 2016-ի ապրիլի իրադարձությունների պես արտակարգ իրավիճակները:

«Ադրբեջանն ակտիվորեն փորձում է պահպանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նախկին ձևաչափը, ու այդ երկրի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը հաստատ դրա հետ է կապված», - Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական ու ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը (Արցախ):

Արզումանյանը դժվարացավ ասել՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Բաքուն փաստացի դուրս է գալիս բանակցություններից: 20 տարի, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը հավատարիմ էր բանակցությունների ձևաչափին ու տրամաբանությանը, որի արդյունքը դարձան Մադրիդյան սկզբունքները, Քի Ուեսթի համաձայնագիրը և այլն:

«Ցավոք, վերջին տարիներին Հայաստանը հավատարիմ էր «տարածք՝ խաղաղության դիմաց» սկզբունքին: Իսկ Մադրիդյան սկզբունքները կառուցվել էին այդ սխեմայի շուրջ, որն իրականում անիրագործելի է», - ասաց Արզումանյանը:

Այժմ, երբ հայկական կողմը պնդում է, որ բանակցությունները լիակազմ լինեն ու Արցախը բանակցությունների սեղան վերադառնա, Բաքվում անհանգստացել են: Մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանն ուզում է, որ պահպանվի բանակցությունների այն ձևաչափը, որը գործել է մինչ վերջերս ու մեծ մասամբ հանգեցրել է քառօրյա պատերազմին:

Միաժամանակ, փորձագետը չի կարծում, որ բանակցությունների հնարավոր ձախողումն անպայման Արցախում ռազմական գործողությունների վերսկսում է ենթադրում: Այժմ հակամարտության ակտիվ փուլի համար աշխարհաքաղաքական ոչ մի նախադրյալ չկա:

«Հաշվի առնելով իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում, իրավիճակը Իրանի, Թուրքիայի շուրջ, իրականությունից հեռու է թվում այն միտքը, որ Իլհամ Ալիևը կարող է ինքնուրույն ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել: Եթե մեծ պատերազմի մասին որոշում կայացվի, ապա այդ որոշման հեղինակը Ադրբեջանը չի լինելու», - նշեց Արզումանյանը:

Խոսելով Երևանի վրա միջազգային հանրության, մասնավորապես՝ միջնորդների ճնշման հնարավորության մասին` քաղաքագետը հիշեցրեց, որ մինչ 2016 թվականի ապրիլը Երևանը ենթարկվում էր այդ ճնշմանը: Հետևանքը եղավ քառօրյա պատերազմը: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային նորմերին համապատասխանող սեփական սկզբունքները պաշտպանելու հարցում խստությունը շատ ավելի շահեկան իրավիճակի է բերում, քան արտաքին ակտորներին ենթարկվելն ու կոպիտ ուժի ճնշման տակ զիջումներին գնալը:

Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունը լեգիտիմության բարձր աստիճան ունի, համապատասխանաբար, «վերևից» եկող արտաքին ճնշման հանդեպ դիմակայունությունն ավելի մեծ է, քան նախկինում: «Երկրի ղեկավարության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն արտաքին ասպարեզում բավականին գրագետ ու չափված-ձևած են, շատ ավելի լավ կլիներ, եթե վերջին 20 տարիներին այդպես եղած լիներ, ոչ թե միայն այս մեկուկես տարվա ընթացքում», - ընդգծեց նա:

Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմնական մասը կարող է իրականացվել միայն Ադրբեջանի «օկուպացված հողերի ազատագրման» դեպքում:

213
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (286)
Ըստ թեմայի
Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լինի. Լայչակ
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին
Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն